f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Համաճարակը

Նախորդ շաբաթվա վերջին՝ ապրիլի 12-ին, Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 1013 դեպք, ապաքինման՝ 197, մահվան՝ 13: Անցնող շաբաթվա վերջում՝ ապրիլի 19-ին, գրանցված էր կորոնավիրուսով վարակման ընդհանուր 1291 դեպք, ապաքինման՝ 545, մահվան՝ 20, բացասական արդյունք է գրանցվել 12 650 թեստավորման դեպքում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ ապրիլի 13-ին, հայտնաբերվել էր 26 նոր դեպք, ապրիլի 14-ին՝ 28, ապրիլի 15-ին՝ 44, ապրիլի 16-ին՝ 48, ապրիլի 17-ին՝ 42, ապրիլի 18-ին՝ 47, ապրիլի 19-ին՝ 43:

Շաբաթ օրը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին՝ 5000 դեպք: Ուստի, ըստ նրա. «Մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության մարդուց մարդ փոխանցումը` ամենուր սոցիալական հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ինչպես նաև ձեռքերը հաճախակի լվանալով և ախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով»: Նա նշել է նաև, որ թեստավորման հզորությունների մեծացումը օրական 1000 թեստի «շատ բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է եղել»:   Դրա համար անհրաժեշտ էին մասնագետներ, սարքավորումներ, կենսաանվտանգություն, լոգիստիկա, էլեկտրոնային համակարգ, որոնցից յուրաքանչյուրի պատշաճ ապահովումը մեծ ջանքեր է պահանջել մեր մասնագետներից: «Նման հզորությունները միշտ պետք են գալու մեր երկրին` հետագայում նմանօրինակ մարտահրավերներին դիմակայելու համար»,- գրել է նախարարը:

30 օրով երկարաձգվեց Հայաստանում արտակարգ դրության գործողության ժամկետը, այն կտևի մինչև մայիսի 14-ը: Պահպանվեցին խստացված սահմանափակումները, հանրային և միջմարզային տրանսպորտի դադարը, անհատ քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումը, օտարեկրացիների մուտքը  մնաց արգելված:

Հինգշաբթի պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Հայաստան են բերվել 100 հազար թեստերի ռեագենտներ, դրանք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին: Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքեր արտադրելու հեռանկարի մասին  փոխվարչապետը նշել է, որ արդեն իսկ սկսվելու է ՊՇՌ թեստերի արտադրությունը:  

Շաբաթվա ընթացքում կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ, 12-րդ և 13-րդ միջոցառումները, որոնց նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական ծանր կացության մեջ հայտնված  տարբերի խմբերի: 12-րդ միջոցառումով, մասնավորապես, մեծացավ սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը, այժմ փոխահտուցում է տրվելու մինչև 30 հազար դրամի գազ և մինչև 10 հազար դրամի էլեկտրաէներգիա սպառած քաղաքացիներին (նախորդ 10 և 5 հազարի փոխարեն) և այժմ փաստացի փոխհատուցվելու է 12 հազար դրամ նախորդ 7500 դրամի փոխարեն:  

Երկուշաբթի հայտնի դարձավ, որ հայկական բանակի 6 զինծառայողները կորոնավիրուսից ապաքինվել են և դուրս գրվել, կան փոքրաթիվ մեկուսացվածներ:  

Շաբաթվա սկզբին Արցախում կորոնավիրուսով 6 վարակված կար և 12 մեկուսացված։ Այնտեղ հայտարարվեց մեկ ամսով արտակարգ իրավիճակ, որը կտևի մինչև 2020 թվականի մայիսի12-ը։ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ստեղծվեց պարետատուն Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղաշարժն Արցախում խիստ սահմանափակվեց, դասերը հետաձգվեցին, բանակի զորանոցներ ելումուտը  խիստ սահմանափակվեց: Այսուհանդերձ չհետաձգվեց Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը, Բակո Սահակյանը հայտարարեց, որ  հաստատված ժամկետներում ընտրությունները չանցկացնելն ինքնին կարող է հանգեցնել սահմանադրական ճգնաժամի՝ դրանից  բխող բազմաթիվ անկանխատեսելի բացասական հետևանքներով:  

Օրակարգում էր մնում Հայաստանի մի խումբ քաղաքացիների կուտակումը «Դոմոդեդովո» օդանավակայանում և նրանց Հայաստան վերադառնալու հարցը:

Ապրիլի 14-ին Արցախում տեղի ունեցան հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Ընտրության 2-րդ փուլ էին անցել Արայիկ Հարությունյանը՝ ձայների 49,26 տոկոսով, և Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոսով: Եվ քանի որ Մասիս Մայիլյանը հայտարարել էր, որ բոյկոտում է ընտրությունները, ոչ ոք արդյունքներով չէր հետաքրքրվում, Հարությունյանի ընտրությունն այս փուլում տեխնիկական հարց էր: Արայիկ Հարությունյանը ստացավ Արցախի ընտրազանգվածի մոտ 88 տոկոսի քվեն:

Կաթողիկոսը  և երկրորդ նախագահի կալանքը

Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը, ի պատասխան news.am կայքի հարցին  կորոնավիրուսի համավարակի ներկայիս պայմաններում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ որպես վարակման ռիսկի խմբի անձնավորության կալանքի տակ մնալու վերաբերյալ, մասնավորապես հայտնել է.  «Հաղորդ լինելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:

Հաջորդ օրն իսկ մամուլն ու համացանցը լցվեց թեր և դեմ արձագանքներով, և կաթողիկոսն ու հայ առաքելական եկեղեցին դարձան շաբաթվա ամենաթեժ թեմաներից մեկն ու մերձիշխանական ուժերի հերթական թիրախը: Ինչպես միշտ, դեմ կարծիքի առաջամատիկները ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն էին՝ իրենց ուրույն ոճով: Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում գրեց, որ հազարավոր քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է՝ կարևոր են համարում ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը, ընդ որում՝  կաթողիկոսին մատնանշեց ավազանի անունով՝ քաղաքացի Կտրիճ Ներսիսյան: Նրան պատասխանեցին մի շարք հասարակական գործիչներ և հոգևորականներ: Մայր Աթոռը ստիպված էր հայտարարություն տարածել, որում մասնավորապես ասվում էր, որ Վեհափառ հայրապետի կեցվածքն ամբողջապես համահունչ է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մարդասիրական առաքելությանն ու դավանած արժեքներին, հետևաբար հարկ է չքաղաքականացնել վեհափառի դիրքորոշումը և տրվել անպտուղ բանավեճերի:

Իսկ Ռոբերտ Քոչարյանը մինչև մայիսի 8-ը մեկուսարանում կմնա հաստատ, դրանից հետո՝ ամենայն հավանականությամբ, քանի որ կյանքը ցույց տվեց, որ նրան փակի տակ պահելու ձեգտումը հասնում է մոլագարության: Ներկայիս իշխանությունը հանուն իր այդ սևեռուն նպատակի պատրաստ է  օրենքի ու իրավունքի ցանկացած ոտնահարման և անմարդկային կեցվածք դրսևորողի համբավի:

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով մեկ ամիս նիստ չկայանալուց հետո Դանիբեկյանը դատական նիստը, անհապաղ քննության ենթակա միջնորդության և համաճարակային վիճակում, նշանակեց մայիսի 8-ին: «Սա զավեշտ չէ, սա ծաղր չէ, սա, որպես իրավաբան, չեմ կարող ասել ինչ է»,- գրեց Քոչարյանի պաշտպան Վարդևանյանը։  

Իսկ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, ընտրությունների հաջորդ օրը պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու նկատմամբ իր վերաբերմունքի մասին լրագրողների հարցին, ասել է, որ չի ցանկանում գնահատական տալ Հայաստանի արդարաադատության համակարգի գործունեությանը և հիշեցրել է, որ ժամանակին իր գլխավորած կուսակցությունը դիմել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կոչով:

Երրորդ նախագահի այցը Ազգային ժողով

Չորեքշաբթի՝ ապրիլի 16-ին, ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստում հարցերի պատասխանելու համար Ազգային ժողով ժամանեց Սերժ Սարգսյանը: Միաժամանակ նրա գրասենյակը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ Սարգսյանը համաձայնել է մասնակցել այդ լսումներին, քանի որ իր պարտքն է համարում փակել ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված շահարկումների թեման: «2016-ի ապրիլին մեր տղաներն առանձնակի արիությամբ են մարտնչել: Հողը արյունով են պահում: Ինքս էլ հարցեր ունեմ պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով»,- ասված էր Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ:

Նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների այն հարցին, թե ինչ հարցեր է տվել Սերժ Սարգսյանը, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է, որ Սերժ Սարգսյանը իրենց չի կարող հարցեր տալ, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է, նաև տեղեկացրել է, որ  չեն եղել հարցեր, որոնց Սերժ Սարգսյանը չի պատասխանել:  

Թե ինչ կանոնակարգի հիման վրա է Անդրանիկ Քոչարյանը որոշել, որ հարցեր տալու իրավունք ունեն միայն իրենք, բայց ոչ Սերժ Սարգսյանը, պարզելու բան է:  Սակայն Հայաստանի հանրության մի զգալի հատվածն այդ հանձնաժողովի ստեղծման օրից ի վեր ուզում է հասկանալ, թե ինչի համար է ստեղծվել այն, որ ի՞նչ պարզի: Իսկ այս օրերին էլ անընդհատ հարցեր են հնչում, թե ինչու  պարտադիր զինծառայությունը չի ստանձնում Անդրանիկ Քոչարյանի որդին, ինչու է խուսափում հայրենիքին ծառայելուց և ինչ օրինական հիմքով: Եվ այդ հարցը տալու իրավունքը հանրությունն ունի,  հատկապես՝ տվյալ հանձնաժողովի նախագահին:

Գրեթե 7 ժամ տևած նիստից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր»: Նրա խոսքով՝ նիստն ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում:  

Հաջորդ օրը, սակայն, Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը  հայտնել է, որ հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտքերը հատվածաբար վերաշարադրելիս լիարժեք և ճշգրիտ չի հաղորդել այն ձևակերպումները, որ նիստում ուղղակիորեն արել է երրորդ նախագահը: Մի հանգամանք, որ արդարացնում է Սերժ Սարգսյանի առաջարկած պայմանը, այն է՝ նիստին մասնակցել միայն տեսաձայնագրելու և նիստից անմիջապես հետո տեսաձայնագրությունը ստանալու պայմանով:    

Մյուս իրադարձությունները

Երեքշաբթի, չնայած արտակարգ դրությանը, բողոքի ցույց արեցին երթուղայինի վարորդները՝ պահանջելով կառավարությունից արտակարգ դրության պայմաններում իրենց որոշակի գումար հատկացնել։ Նրանք մարտի 1-ից չեն աշխատում և աշխատավարձ չեն ստացել, դիմել են Երևանի քաղաքապետարան, սակայն քաղաքապետարանը դիմումներին որևէ արձագանք չի տվել։ «Մեզ համար էլ թող ծրագիր մշակեն և որևէ աջակցություն տրամադրեն, քանի որ 11 ծրագրերից ոչ մեկին չենք համապատասխանում»,- ասել են նրանք:

Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվում էր տեսակոնֆերանսի ձևաչափով: Փաշինյանն անդրադարձել է համավարակին և մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու անհրաժեշտությանը:

Չորեքշաբթի Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն հարցին, թե վերջերս առավել ակտիվ է շահարկվում պաշտոնյաների պարգևավճարների թեման, ներկայացրեց իր իսկ ճառերից մեկի ձայնագրությունից մի հատված, որ արել է իշխանության գալուց առաջ: Այդ հատվածում, սակայն, նա խոստանում էր բարձրացնել բոլորի աշխատավարձերը և չէր խոստանում հասարակ քաղաքացիների աշխատավարձը բարձրացնել 2-3 հազար դրամով, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներինը՝ կրկնակի, որպես պարգևավճար:  

Միաժամանակ, նա, ինչպես միշտ, հանրությանը սպառնաց նախկինների ուրվականով: Ըստ նրա՝ ժողովուրդը կարող է ցանկացած պահի անել նոր հեղափոխություն, իրենց քշել, բերել հին բարի ժամանակների պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ էին ստանում և լափում էին պետական համակարգը, փայ էին մտնում բիզնեսներում և այլն։  

Իսկ Հայաստանում չկա՞ն ուրիշ ուժեր, և ինչպե՞ս է հնարավոր հեղափոխությունը արտակարգ դրության պայմաններում: Այս հարցերը, իհարկե, ոչ ոք չտվեց, թեպետ դրանք կախված էին օդում: Մի բան հստակ էր, այս իշխանությունները միշտ պարգևավճար են ստանալու, թեկուզ սովի մատնվի բնակչության ճնշող մեծամասնությունը:

Քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակի մեղքն էլ բարդվեց  Քաղավիացիայի կոմիտեի մի պաշտոնյայի վրա, որը չի զեկուցել կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին եվրոպացի պաշտոնյաների ստուգման արդյունքի մասին, հետո այդ պաշտոնյան ազատվել է աշխատանքից, երկու քրեական գործ է հարուցվել, եղել են պաշտոնանկություններ:  

Ուրբաթ Ազգային ժողովում հավանություն տրվեց Մարտին Գալստյանի թեկնածությանը Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնի համար, որը փոխարինելու է Արթուր Ջավադյանին:  Նրա օգտին կողմ է քվեարկել 104 պատգամավոր, դեմ՝ 15:  

 

Հասարակություն նոր կորոնավիրուս գլխավոր իրադարձություններ

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին