Պարզ և մատչելի մթերքները կարող են արյունատար անոթներն ավելի առաձգական դարձնել, և դրանց օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ սրտի աշխատանքի վրա։ Այդ մասին սրտաբան Հերման Գանդելմանը հայտարարել է Առաջին ալիքի եթերում։ Գրում է Gazeta.ru-ն։
Մաղադանոսը պարունակում է բավարար քանակությամբ կալիում, որն անհրաժեշտ է սրտի ճիշտ աշխատանքի համար, ավելի լավ է այն օգտագործել չոր վիճակում, այս մթերքից երեք ճաշի գդալը կապահովի կալիումի ամենօրյա պահանջը։ Արժե նաև սննդակարգում ներառել չիլի պղպեղ:
«Մարդիկ, ովքեր օգտագործում են չիլի պղպեղ, ունեն ավելի առաձգական և լավ ընդլայնված արյունատար անոթներ: Նեղ անոթները դառնում են փխրուն, դա սպառնում է արյունազեղումներով, պետք է օրական հինգ գրամ կծու պղպեղ ուտել»,- ասել է բժիշկը։
Սկումբրիան կարող է բարելավել սրտանոթային համակարգի աշխատանքը։ Այս յուղոտ ծովային ձուկը հարուստ է պոլիչհագեցած ճարպաթթուներով, որոնք պաշտպանում են օրգանիզմը աթերոսկլերոզի զարգացումից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բժիշկը զգուշացրել է բարձր ճնշման դեպքում ինքնաբուժման վտանգների մասին։