Ալեքսեյ Նավալնին Պոկրովի IK-2 մեկուսարանից տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ: Այս մասին այսօր հայտնել է Վլադիմիրի մարզի Դաշնային ՔԿԾ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Նավալնին մարտի 31-ից հայտարարել է հացադուլ այն բանից հետո, երբ առողջական խնդիրներից ու քնի գանգատներից հետո ՔԿՀ ղեկավարությունը հրաժարվել էր իր մոտ թողնել անկախ բժշկին: Ընդդիմադիր գործչի վիճակը վերջին օրերին կտրուկ վատացել է, խնդիրներ կան երիկամային անբավարարության, նյութափոխանակության խանգարման հետ, գանգատներ՝ ոտքերի ու մեջքի ցավերից: Ինչպես հաստատել են նրա աջակիցներն ու փաստաբանները, նա գրեթե չի կարողանում քայլել:
Բանտի վարչությունը հայտնել է, որ ներկայումս «Նավալնիի առողջական վիճակը գնահատվում է բավարար», կա դրական դինամիկա, նրան ամեն օր զննում է ընդհանուր պրակտիկ բժիշկը, հիվանդի համաձայնությամբ նրան նշանակվել է վիտամինային թերապիա: