f

Անկախ

«Անարգեցին ամուսնուս և մյուս հերոսների հիշատակը». զոհվածի այրի


Անդրանիկն ու Լուսինեն սիրո խորհրդանիշ էին շրջապատի համար, երջանիկ ամուսինների կատարյալ օրինակ: Նրանցից սեր էր հորդում, նվիրում ու հոգատարություն: «Մեր տանը միշտ ծաղիկներ կային, նրան առիթ պետք չէր ինձ ծաղիկներ նվիրելու համար»,-ասում է Լուսինեն, որն արդեն ինքն է թարմ ծաղիկներ տանում ամուսնու շիրիմին:

Անդրանիկ Ծատրյանը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից էր, իսկական սյունեցի: Տան չորրորդ որդին էր: Կնոջ խոսքով՝ Անդրանիկը նվիրված էր ոչ միայն իրեն ու իրենց երկու դուստրերին, այլև պաշտում էր ծնողներին և առհասարակ բոլորի նկատմամբ էր ուշադիր ու հոգատար: Կինը չի զարմանում, որ պատերազմն սկսվելուն պես, հենց հաջորդ օրը, Անդրանիկն արդեն Սյունիքի դիրքերում էր՝ պաշտպանելու մայր հողը, որը նույնքան թանկ էր, որքան ծնողն ու երեխան:

Հաճախ էր դիրքերից զանգում կնոջը, տրամադրությունը միշտ բարձր էր, ասում էր՝ ամեն ինչ կարգին է, իմ մասին մի մտածիր: Մի օր էլ զանգում է, ասում, որ իրեն տեղափոխելու են ուրիշ դիրք, և եթե կարողանա, կզանգի: Հետո է կինն իմանում, որ Անդրանիկը ոչ թե ուրիշ դիրք էր տեղափոխվել, այլ մեկնել էր Արցախ: Բոլորին խնդրել էր, որ հանկարծ կնոջը չասեն, որ անհանգիստ չլինի:

«Նա կարող էր մնալ Սյունիքի դիրքերում, բայց նախընտրել էր պատերազմի ամենաթեժ կետերը: Աշխատանքի մեջ էլ էդպիսին, երբեք չէր խուսափում վտանգավոր իրավիճակներից: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում էր աշխատում՝ որպես մեքենավար։ Ցանկացած բարդ գործ իրեն էին վստահում, միշտ ամենավտանգավոր տեղերում էր։ Իր գործը շատ էր սիրում»,-ասում է կինը:

Անդրանիկն Արցախից երբեմն զանգում էր կնոջը՝ իբր Սյունիքից է զանգում: Ասում է՝ այնպես էր խոսում, որ կմտածեիր՝ հանգստյան տուն է գնացել:

«Ինձ ասում էր՝ գիտե՞ս տեղներս ինչ լավ է, ինչ ապահով ու անվտանգ է, դու հանկարծ ոչ մի բանի մասին չմտածես։ Այնինչ, պատերազմի ամենաթեժ կետերում էր, չէր կարող ապահով ու անվտանգ լինել: Ուղղակի իր տեսակն էր այդպիսին, չէր ուզում, որ մտահոգվենք, չէր սիրում բողոքել, դժվարությունից խոսել»:

Վերջին անգամ Լուսինեն ամուսնու հետ խոսել է հոկտեմբերի 10-ի երեկոյան: Անդրանիկի տրամադրությունը կրկին բարձր էր: Կնոջն ասել է՝ դու միայն քեզ ու աղջիկներիս լավ նայիր։ Վերջում էլ ավելացրել է. «Ձեզ շատ եմ սիրում, լա՛վ եղեք, շուտով տուն կգամ»։ Իսկ մի քանի ժամ անց՝ հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, ԱԹՍ-ի հարվածից զոհվել է:

Անդրանիկն այդ ժամանակ Իշխանաձորում էր: Տղաներով զենք-զինամթերքով լի բեռ էին դատարկում, երբ ԱԹՍ-ն հարվածում է: Թեթև վնասվածքներ են ստանում, միայն մեկն է ծանր վիրավորվում: Մինչ տղաներից մեկը վազում է վիրավոր ընկերոջ համար վիրակապ բերելու, երկրորդ պայթյունն է հնչում: Անդրանիկն ու երկու զինակից ընկերները, որոնք նույնպես Մեղրիից էին, զոհվում են: Անդրանիկը 33 տարեկան էր, մյուս տղաները՝ 27 և 37:

Անդրանիկ Ծատրյանը հետմահու պարգևատրվում է Մարտական ծառայության մեդալով:

Լուսինեն կորցրել է կյանքի իմաստը, ապրելու միակ ուժը դուստրերն են՝ 6-ամյա Լիլին ու մեկամյա Նռանեն, որի մեկամյակը լրացավ առանց հայրիկի:

«Չեմ համակերպվում, չեմ հավատում, որ նա չկա: Այնքան պլաններ ունեինք ապագայի հետ կապված, բոլոր կիսատը մնաց: Մեծ աղջիկս ամեն վայրկյան սպասում է հորը։ Ես իրեն ասել եմ, որ հայրիկդ հերոս է, քեզ երկնքից է նայում։ Բայց աղջիկս շատ է կարոտում, շատ կապված էին իրար հետ, այդքան հոգատար հայր չեք պատկերացնի»։

Լուսինեն չի աշխատում, ֆիզարձակուրդի մեջ է։ Մինչ երեխայի ծնվելը հարակից գյուղերի դպրոցներից մեկում էր աշխատում՝ որպես անգլերենի դասատու։ Ամուսինը վարկեր ուներ, խոսակցություններ կային, որ զոհվածների վարկերը պիտի մարվեն, բայց պարզել է՝ այդպես չէ։

Լուսինեն Նոր Հաճնից է, ամուսնու մահից հետո կարող էր վերադառնալ ծնողների մոտ, բայց նախընտրել է մնալ Ագարակում: «Որոշեցի մնալ սկեսրայրիս մոտ, մենակ չթողնել նրան, քանի որ առաց երեխաների նրա կյանքը կիմաստազրկվեր»:

Ասում է՝ Սյունիքում՝ հատկապես Մեղրիում, անորոշ իրավիճակ է: Չնայած մարդիկ կառչած են իրենց հողին և չեն պատրաստվում ուրիշ տեղ գնալ, բայց ապագայի պլաններ էլ չեն կազմում: «Ոչ ոք չգիտի, թե վաղվա օրն ինչ է լինելու։ Մարդիկ սպասողական վիճակում են, անկումային տրամադրության մեջ: Ճիշտ է, այս պահին կրակոցներ չկան, բայց ճանապարհները վտանգավոր են, Սյունիքը վտանգված է»:

Լուսինեն չի ընդունում, որ որոշ մարդիկ, Երևանում անհոգ նստած, մտածում են՝ ինչպես Արցախը հանձնեցինք, այնպես էլ Սյունիքը կհանձնենք և հանգիստ կապրենք:

«Սյունիքից հետո Երևանի հերթն է գալու, թող լավ իմանան»:

Լուսինեն ծանր է տարել օրեր առաջ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո իշխանական պատգամավորների ծափահարությունները: «Չեք պատկերացնի, թե դա ինչ մեծ ցավ էր ինձ համար: Իրենք դրանով անարգեցին իմ ամուսնու և մյուս հերոսների հիշատակը։ Ընդհանրապես այս իշխանությունն է միակ մեղավորը, որ մենք այսքան զոհ ունեցանք ու այսքան տարածք կորցրեցինք: Իսկ հիմա թուրքի հետ բարեկամություն են քարոզում: Ուրեմն իրենք էլ են թուրք»:

Լուսինեն համոզված է՝ Հայաստանն այս իշխանության հետ ապագա չունի: Զարմանում է, որ պատերազմում խայտառակ պարտություն կրած, նվաստացած իշխանությունը ոչ միայն չի հեռացել, դեռ մի բան էլ ցանկություն ունի ընտրություններով վերարտադրվել: «Դա խայտառակություն է: Այս իշխանությունը պիտի գնա: Չեմ ասում՝ նախկինները շատ լավն էին, բայց նրանց վրա գոնե դավաճանի պիտակը չկա։ Իսկ հիմա դավաճանի պիտակը կպած է Նիկոլի ու իր ընտանիքի ճակատին: Նա պիտի հեռանա»,-ամփոփում է զոհված հերոսի երիտասարդ այրին:

Պատերազմ խմբագրի ընտրանի Անդրանիկ Ծատրյան հերոսներ

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին