Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Այս մասին հոկտեմբերի 19-ին կայացած ճեպազրույցում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Բացատրելով վարչապետի կողմից հռչակված «անջատում հանուն փրկության» միջազգային սկզբունքի էությունը, Կիրակոսյանն ասաց, որ դա, ըստ էության, ինքնորոշման ծայրահեղ աստիճան է: Կիրակոսյանի խոսքով, ինքը չի հերքում բաժանման փաստը, ընդ որում՝ դա տեղի է ունեցել շատ վաղուց, եւ Լեռնային Ղարաբաղը բաժանվել է ԽՍՀՄ-ից, եւ այն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: «Սա շատ կարեւոր փաստ է: Ակնհայտ է, որ ագրեսիայի նպատակը Արցախի օկուպացիան է, եթե ոչ ավելին: Այս սկզբունքն ուղերձ է, որ հետդարձի ճանապարհ չկա: Սա արձանագրումն է այն փաստի, որ անհնար է միավորել ցանկացած միավոր ռասիստական ռեժիմի հետ»,- նշեց Կիրակոսյանը:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ շատ երկրներ պաշտպանում են այս սկզբունքը, այս սկզբունքը հիմք հանդիսացավ Կոսովոյի հակամարտության կարգավորման համար: