f

Անկախ

Անկախության 44 օրը.1921 թվականի փետրվարյան ապստամբությունը


1920 թ. աշնանը քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը փոխհամաձայնեցված գործողություններով հարձակման անցան Հայաստանի Հանրապետության դեմ:

1920 թ. սեպտեմբերին Թուրքիան պատերազմ սկսեց Հայաստանի Հանրապետության դեմ և բոլշևիկների կազմալուծող, քայքայիչ գործողությունների շնորհիվ կարճ ժամանակում հայտնվեց Ալեքսանդրապոլի մոտ: Նման իրավիճակում այլ ելք չգտնելով` 1920 թ. դեկտեմբերի 2-ին փաստացի Հայաստանի Հանրապետության կառավարությունը կազմող ՀՅԴ բյուրոն արտակարգ նիստում որոշում ընդունեց երկրի իշխանությունը հանձնել բոլշևիկներին:

Իշխանության հանձման ակտը ՀՀ-ի կողմից ստորագրեցին Դրաստամատ Կանայանը և Համբարձում Տերտերյանը, բոլշևիկների կողմից` Խորհրդային Ռուսաստանի արտակարգ և լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանը: Ակտը ստորագրվեց 1920 թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը: Ըստ համաձայնագրի` մինչ Հայհեղկոմի Երևան ժամանելը տեղում կազմվում էր «Հեղափոխական կառավարություն»` Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ: Հայաստանում հաստատվում էր խորհրդային վարչակարգ, բայց պիտի պահպանվեր երկրի անկախությունը: Ռուսաստանը որպես Հայաստանի անբաժանելի մաս էր ճանաչում Երևանի նահանգը, Կարսի նահանգի մի մասը, Ջաջուռ-Արաքս երկաթուղու հատվածը, Զանգեզուրը, Ղազախի և Թիֆլիսի շրջանների հայկական բնակավայրերը և երաշխիք էր հանդիսանալու այդ գավառների` Հայաստանի մասը կազմելու և Հայաստանի անվտանգության համար: Բացի այդ, Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանյանը Արցախն ու Նախիջևանը հայտարարել էր Հայաստանի անբաժան մաս:

Հայաստանն առժամանակ պիտի կառավարեր Հեղափոխական կոմիտեն, որ բաղկացած էր հինգ բոլշևիկից և երկու դաշնակցականից (Դրո և Տերտերյան):

Ձեռք բերված համաձայնության արդյունքում իշխանափոխությունից հետո քաղաքական և այլ բնույթի հալածանքներ չէին լինելու, չէին հալածվելու նաև այն զինվորականները, որոնք, կատարելով իրենց պարտքը, պայքարել էին բոլշևիկյան զորքերի դեմ: Ռուսաստանը խոստանում էր նաև Հայաստանում կենտրոնացնել անհրաժեշտ քանակությամբ զորք` երկրի սահմանների պաշտպանության համար:

Իշխանության փոխանցումն անցավ խաղաղ, առանց գնդակ արձակելու, բայց բոլշևիկյան մամուլն աշխարհով մեկ փառավորեց «Հայաստանում բանվորա-գյուղացիական հեղափոխությունը, որ տապալեց դաշնակների ատելի իշխանությունը»: Բանվորա-գյուղացիական հեղափոխություն ասելով` բոլշևիկյան իշխանությունը հավանաբար հասկանում էր իր իսկ դաշնակից քեմալական Թուրքիայի հայաստանյան արշավանքը:

Հայհեղկոմը Երևան ժամանեց դեկտեմբերի 5-ին: Նախագահն էր Սարգիս Կասյանը, զինվորական կոմիսարը` Ավիս Նուրիջանյանը: Կյանքի կոչվեց ՉԷԿԱ-ն` Գևորգ Աթարբեկյանի գլխավորությամբ: Երկու օր անց Հայհեղկոմի կողմից իշխանությունից վտարվեցին Դրոն ու Համբարձում Տերտերյանը:

Հայհեղկոմը կազմված էր Հայաստանում երբևէ չապրած, հայ ժողովրդի մտայնությանն անծանոթ, «համաշխարհային հեղափոխության» հովերով տարված և նախկին վարչակարգի դեմ ատելությամբ լցված Ադրբեջանի հայ բոլշևիկիներից, որոնք, ըստ էության, չէին էլ մտածում սեփական ժողովրդի շահերի պաշտպանության մասին: 21-ամյա Ա. Նուրիջանյանը Հեղկոմի շարժիչ ուժն էր:

Հեղկոմը Հայաստանի կառավարումը սկսեց բռնություններով, հալածանքներով, ձերբակալություններով, «Կեցցե՜ քաղաքացիական կռիվը», «Պետք է գլխատել դաշնակցությունը» կարգախոսներով:

Հավասարություն ստեղծելու պատրվակով երկրով մեկ թալան ու կողոպուտ էր իրականացվում: «Բուրժուային պետք է սեփականազրկել ունեցվածքից» կոչով խլում էին գյուղացու ունեցվածքը:

Հայաստանի կառավարության պահուստների համեստ պաշարները Հեղկոմն ուղարկեց Ադրբեջան և Մոսկվա` իբր Հայաստանի կողմից եղբայրական օգնություն բոլշևիզմին: Երկրում հաստատված ռուս զինվորները տեղավորվեցին բնակիչների տներում: Հայ ընտանիքները պարտավոր էին նրանց հետ կիսել տները, հարմարությունները, ուտելիքը, սուղ միջոցները, զոհաբերել կանանց ու աղջիկներին: Դրսից եկած բոլշևիկները բռնագրավում էին իրենց դուր եկած տները, դուրս շպրտում բնակիչներին, յուրացնում նրանց ունեցվածքը:

Լրտեսական ցանցերի էին վերածվել անգամ դպրոցները: Նախկին կառավարության անդամները ձերբակալվեցին և բանտարկվեցին: Բանտարկված էին կառավարության անդամներ, ՀՅԴ գործիչներ Համո Օհանջանյանը (նախկին վարչապետ), Ավետիք Սահակյանը (խորհրդարանի նախագահ), այլ խորհրդարանականներ, ֆիդայիներ, զինվորականներ: Դեռևս 1920 թ. դեկտեմբերին հաշվառման ենթարկվեց հայոց բանակի, զինվորականության ընտրանին` 70 զինվորական, կալանավորվեց և ուղարկվեց Բաքու: Բոլորը սպանվեցին: 1921 թ. հունվարի 27-ին մնացած սպաները` 1200 հոգի, որոնց մեջ նաև սպարապետ Թովմաս Նազարբեկովը, զորավարներ Սիլիկյանը, Հախվերդյանը և այլք, հետիոտն, ժողովրդի ընդհանուր սգի մեջ քշվեցին անհայտ ուղղությամբ: Բանտարկվեցին նախկին լուսավորության նախարար, գրող Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, նախկին վարչապետ Հովհաննես Քաջազնունին և ուրիշներ: Հայոց եռագույնն ու «Մեր հայրենիքը» հռչակվեցին անօրինական, թշնամական, փոխարինվեցին պրոլետարական կարմիր դրոշով ու «Ինտերնացիոնալով»:

Գյուղերում Կոմբջիջներն իրենց հաշիվներն էին մաքրում անհաճո գյուղացիների հետ: Այստեղ թալանը, բռնությունն ու կողոպուտը ավելի սանձարձակ էին: Այս արարքները Հեղկոմը բացատրում էր այսպես. «Պետք է բուրժուազիայի արյունը հոսի` պրոլետարիատի հաղթանակն ապահովելու համար»: Երբ Սիմոն Վրացյանն այս ամենի վերաբերյալ հարցում արեց Լեգրանին, վերջինս հայտարարեց. «Որտեղ պրոլետարիատի իշխանություն է հաստատվում, պիտի գնդակահարվի տեղի բնակչության 30 տոկոսը»: Այս տրամաբանությամբ Հայաստանում պիտի գնդակահարվեր 300000 մարդ:

Այս ամենը ժողովրդի մեջ ահ ու սարսափ տարածեց, և ժողովուրդը ոտքի կանգնեց` տապալելու անարգ իշխանությունը:

Հալածանքների պատճառով ՀՅ Դաշնակցությունն ընդհատակ էր անցել:

1920 թ. դեկտեմբերի 19-ին Երևանում կազմվեց ՀՅԴ Հայաստանի կոմիտեն` Սիմոն Վրացյանի նախագահությամբ: Կոմիտեն իր շարքերում ընդգրկեց մի քանի անկուսակցականների և սոցիալիստ-հեղափոխականների և վերանվանվեց «Հայաստանի փրկության կոմիտե»: Կոմիտեի հրահանգով բոլոր ուժերն ի մի բերվեցին` ընդհանուր ապստամբություն սկսելու նպատակով:

1921 թ.փետրվարի 16-ի գիշերը ապստամբները Կուռո Թարխանյանի և խմբապետ Մարտիրոսի գլխավորությամբ շարժվեցին դեպի Երևան: Փետրվարի 17-ին Կարո Սասունին «Հայրենիքի փրկության կոմիտեի» անունից Հեղկոմից պահանջեց հանձնել իշխանությունն ու հեռանալ երկրից: Զգալով վտանգը` Հեղկոմը փետրվարի 17-ի գիշերը կացնահարել է տալիս Երևանի բանտում կալանավորված հայ մտավորականությանն ու սպաներին: Ապա փետրվարի 18-ին Հեղկոմը, հափշտակելով պետական գանձարանը, փախուստի է դիմում: Փետրվարի 18-ի առավոտյան ապստամբ զորքը մտավ Երևան: Բանտերից ազատվեցին վերապրած բանտարկյալները: Երևանում կրկին փողփողաց հայոց եռագույնը:

Գրավելով իշխանությունը` «Հայրենիքի փրկության կոմիտեն» կազմեց ժամանակավոր կառավարման վարչություն և կապվեց եվրոպական պետությունների հետ օգնության ակնկալիքով:

Սակայն հայոց պետության նոր ծնունդը երկար կյանք չունեցավ: Հայաստանը արևելքից ու արևմուտքից շրջապատված էր թշնամական Ադրբեջանով ու Թուրքիայով, դեռևս 1921 թ. փետրվարի 25-ին բոլշևիկները գրավեցին առանց այն էլ ոչ բարեկամ Վրաստանի տարածքը` Հայաստանին կտրելով նաև հյուսիսային հաղորդակցության ուղիներից: Միակ բարեկամ երկիրը Իրանն էր, որ, սակայն, չափազանց թույլ էր գործին միջամտելու համար:

Միաժամանակ, երբ Հայաստանում հայ ժողովուրդն իր պետականության համար էր պայքարում, Մոսկվայում 1921 թ. մարտի 16-ին բոլշևիկները Թուրքիայի ու Ադրբեջանի համար աճուրդի էին հանել հայոց առանց այն էլ բզկտված հողը: Կնքվում էր Մոսկվայի տխրահռչակ պայմանագիրը:

Փետրվարյան ապստամբությունը հաղթանակեց, բայց նոր վերածնված պետությունը գոյատևեց ընդամենը 44 օր:

Ապրիլի 2-ին Կարմիր բանակը հրանոթային ռմբահարումից հետո գրավեց Երևանը: Երևանում Հայհեղկոմի գլուխ կանգնեց Ալեքսանդր Մյասնիկյանը` ավելի բանիմաց ու հավասարակշռված անձնավորություն, քան իր նախորդները:

Խորհրդային իշխանության տարիներին բոլշևիկներն այս իրադարձությունը բնորոշեցին իբրև «դաշնակցական ավանտյուրա»: Սակայն դեռ 1922 թ. փետրվարի 22-ին` ապստամբության տարելիցի օրը, «Սովետական Հայաստան» թերթը գրեց. «Փետրվարի 18-ն անցավ-գնաց: Այն եղավ մեր երկրի վիրաբույժը»: Ահա այսչափ սթափեցնող ու հուժկու էր ժողովրդական ապստամբությունը 1921 թ. փետրվարին:

Վահե Անթանեսյան

1921 թվականի փետրվարյան ապստամբությունը Հայաստան անցյալից Թուրքիա Ռուսաստան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Գյուղոլորտի վարկերը՝ մինչև 1 մլն դրամ, տոկոսադրույքը` 0%, մարման ժամկետը՝ մինչև 2 տարի
Առաջարկել եմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումները ուղղել կառավարության կողմից իրականացվող ծրագրերին. Մարուքյան
Արտաշատի բկ-ն վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի
Հաշվի ենք առել նրա մասնագիտական կարողությունները. Մակունցը՝ ԿԲ-ի նախագահի պաշտոնին Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրելու մասին
Մոսկվայից դեպի Երևան պլանավորված թռիչքները չեղարկվել են
Օրենսդիրը հաստատել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը
Տավուշում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել
Նախագահ Սարգսյանը գերմանական կողմին առաջարկել է դիտարկել Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը
Բողոք Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն. Հայաստանը խախտում է կենսաբազմազանության մասին միջազգային կոնվենցիան՝ ոսկու հանքի ծրագիրն առաջ մղելով
Այս պահին շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, իսկ նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում. Փաշինյան
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսը. ուղիղ
Ակնկալում եմ ձեր կողմից պատասխանատվություն` սեփական կնոջ բառամթերքի համար. Գևորգ Գրիգորյանը՝ Ավինյանին
ԱՄՆ-ում կորոնավիրուսի ավելի քան 160 հազար դեպք է հաստատվել
Ադրբեջանական սպառնալիք՝ համաճարակի փուլում
Իշխանությունների առաջարկած փոփոխությունները չեն տեղավորվում ժողովրդավարության տրամաբանության մեջ. Մարուքյան
Ունենք ևս 1 առողջացած պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի. Թորոսյան
Ոստիկանների կողմից տղամարդուն բռնության ենթարկելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ. Դատախազություն
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Փաշինյան․ ուղիղ
Պեսկովը հերքել է Թրամփի խոսքերը
Վնասվածքը անզգույշ կրակոցի հետևանք էր. Ոստիկանության բացահայտումը
Առաջիկա օրերին Հանրապետության տարբեր շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արցախում ժամը 14-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.3 տոկոսը
Քաղաքացիների «տոտալ վերահսկողություն» ենթադրող նախագիծը տապալվեց, գոնե առայժմ
Նվազել են բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գները
Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից 849 մարդ է մահացել
Ավելին
Ավելին