f

Անկախ

 Եթե չկարողացանք դա անել, ապագայում ավելի ենք աղքատանալու․ փորձագետն ուսուցչի մասնագիտության գրավչությունը մեծացնելու բանաձև  է առաջարկում 


 Հայաստանյան դպրոցներում տարեկան գրանցվում է ուսուցիչների  600-700 թափուր տեղ, որոնք չեն համալրվում, կամ դժվարությամբ են համալրվում։ 2021թ․ ԿԳՄՍՆ կայքում հրապարակվել է ուսուցչի թափուր տեղի մրցույթի 2219 հայտարարություն։ Այս տարվա հունվար-մարտ ամիսներին՝ 697 հայտարարություն։ Ներկա դրությամբ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատություններում առկա է ուսուցչի 218 թափուր հաստիք։

Ուսուցչի մասնագիտության գրավչության և դպրոցներում թափուր հաստիքների դժվար համալրման պատճառների մասին է «Անկախը» զրուցել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

-Պարոն Խաչատրյան, ո՞րն է դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքների դժվար համալրման պատճառը։

-Պատճառներից մեկն  այն է, որ վերջին տարիներին մանկավարժական բուհերի շրջանավարտների թիվը կրճատվել է, հատկապես մարզային բուհերում, որտեղ բաժիններ են փակվում, միավորվում։ Օրինակ, նախկինում Գյումրիում՝ ՇՊՀ-ում, կար Ֆիզիկայի ֆակուլտետ, որը հիմա չկա։ Մյուս պատճառն էլ այն է, որ շրջանավարտների մի զգալի մասը չի ուզում աշխատել։ Նրանց մի մասին ուղղակի դիպլոմ է պետք,  մյուս մասն էլ  դիպլոմը վերցնում  է և այլ ոլորտում աշխատում։ Օրինակ՝ մանկավարժական բուհերում ինֆորմատիկայի գծով էլ բաժիններ ունենք։ Այդ բաժնի շրջանավարտները նախընտրում են աշխատել որպես ծրագրավորող, ոչ թե ուսուցիչ։

Այս ամենի արդյունքում մենք ունենք մասնագետների պակաս։Բայց խնդիրը նկատվում է ոչ բոլոր մասնագիտությունների գծով։ Օրինակ, հայոց լեզվի, մաթեմատիկայի, անգլերենի մասնագետ, դասվար գտնելը համեմատաբար հեշտ է, որովհետև սրանք նաև այնպիսի մասնագիտություններ են, որոնք ուսուցչին  կարող են բերել լրացուցիչ եկամուտ։ Օրինակ՝ մաթեմատիկա, օտար լեզու, հայոց լեզու լրացուցիչ պարապող աշակերտները շատ են, այս առարկաների կրկնուսույցները պահանջված են։ Իսկ, օրինակ՝ այնպիսի առարկաներ, ինչպիսիք են տեխնոլոգիան, գերմաներենը,  ֆրանսերենը, ռուսերենը, երգ-երաժշտությունը, ֆիզիկան, քիմիան, աշխարհագրությունը,  վատ վիճակում են։ Այսօր դպրոցում հեշտ համալրվում են այն առարկաների թափուր տեղերը, որոնց  կրկնուսույցներն, այսպես ասած,  մեծ պահանջարկ ունեն։ Այսինքն մարդիկ ուզում են դառնալ, օրինակ՝ մաթեմատիկայի ուսուցիչ, քանի որ եթե ունենաս 20 դիմորդ, մեկ ամսում կարող ես կլորիկ  գումար վաստակել։

-Իսկ ուսուցչի մասնագիտության գրավչության պակասը միայն վարձատրությա՞մբ է պայմանավորված։

-Իհարկե ոչ։ Վարձատրությունը շատ մեծ դեր է խաղում, բայց միակ գործոնը չէ։ Նաև հասարակական վերաբերմունքն է փոխվել, ուսուցիչների հանդեպ շատ մեծ քննադատություն կա, հանրային կերպարի անկում կա, հարգանքի բացակայութնուն կա։ Այստեղ խնդիրն այն է, որ եթե  ժամանակին այդ քննադատությունը շատ չափազանցված էր, այդ անհարգալից վերաբերմունքը տեղին չէր, հիմա, ցավոք, մասնագետների  որակը  բավական ընկել է, և  արդյունքում ուսուցիչների մասին բացասական կարծիքները երբեմն  սկսում են  իրականությանը համապատասխանել։ Իհարկե, չենք կարող ասել շատերի դեպքում, բայց այսօր արդեն ունենք ուսուցիչներ, որոնք շատ վատ են տիրապետում իրենց առարկային, երեխաներին վատ են վերաբերում։ Դա արդեն մասնագիտության վարկանիշի վրա է ազդում, քանի որ մարդիկ ունեն հակում վատ բաների վրա կենտրոնանալու։ Ստացվում է՝ վատ ուսուցիչների մի քանի տոկոսը  կարող են մյուս ուսուցիչներին էլ վնասել։

Ամփոփելով՝ հասարակական հարգանքը մեծ դեր ունի։ Ոչ բոլոր մարդկանց է մեծ գումար պետք։ Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք ունեն ընտանիք, որտեղ  կա 1-2 նորմալ վաստակող մարդ, և  իրենք մեծ գումարի կարիք չունեն, բայց իրենց համար շատ կարևոր է այդ մասնագիտության հարգանքը և վարկանիշը։

-Ի՞նչ քայլեր են պետք, որ ուսուցչի մասնագիտությունը նորից գրավիչ դառնա։

-Հիմա առաջին հերթին պետք է խիզախորեն  արձանագրենք առկա իրավիճակը։ Այսինքն՝ պետք է ասենք, որ այո, դասավանդման որակի, ուսուցիչների որակի  անկում ունենք։

Սովորաբար ներկայի խնդիրների ֆիքսումը մարդուց պահանջում է խիզախություն։ Շատ հեշտ է  ապագայի պլաններ գծել, շատ հեշտ է անցյալը մեղադրել, բաց շատ դժվար է ներկան ընդունել որպես իրողություն։ Հիմա մեզ այդ խիզախությունը պետք է, որպեսզի  ասենք, թե ինչ իրավիճակ ունենք, ասենք՝ այո, հարգելի ուսուցիչներ, իսկապես կրթության որակը նվազել է, բայց  դրանում դուք չեք մեղավոր, որովհետև ուսուցիչների հանդեպ վարվել է վատ քաղաքականություն, չեն վարձատրվել, ուշադրությունից դուրս են մնացել, մասնակցել են  ինչ-ինչ ընտրական պրոցեսների, և այդ ամենի արդյունքում մենք այսօր ունենք այս իրավիճակը։ 

Իրողությունը ֆիքսելուց հետո մենք ունենք երկու ճանապարհ։ Մեկն այն է, որ  հաշտվում ենք եղածի հետ, իսկ մյուս տարբերակն այն է, որ ելքեր ենք որոնում այս իրավճակից դուրս գալու։ Դա, իհարկե, այնքան էլ հեշտ չի լինելու։ Որպես լուծում անգամ  մտածում եմ՝  գուցե մենք որևէ փոքր հարկատեսակ սահմանենք, որի ողջ հասույթը կուղղվի ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը, դա էլ կզուգակցվի նրանց նկատմամբ պահանջների խստացմամբ։ Հիմա վճարում ենք զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, շուտով լինելու է առողջապահության պարտադիր ապահովագրություն, որի շրջանակում նույնպես հարկ է լինելու, գո՞ւցե մի  հարկ էլ հանուն մեր ապագայի և մեր կրթության սահմանենք։ Հասկանում եմ, որ շատ մարդիկ ասելու են՝ գումար չունենք, աղքատ ենք։  Բայց եթե դա չկարողացանք անել, ապագայում ավելի ենք աղքատանալու։ Այսօր բոլորն ուզում են  դառնալ իրավաբան, բժիշկ, ծրագրավորող, բայց այդ պարագայում  վաղը այդ իրավաբանների, բժիշկների ու ծրագրավորողների երեխաներն ուսուցիչ չեն ունենալու կամ ունենալու են շատ վատ ուսուցիչ։

Մենք դեռ ունենք լավ ուսուցիչներ, և նրանց մի զգալի մասը դեռևս  խորհրդային տարիներից է  եկել, որտեղ մանկավարժական աշխատանքը քիչ թե շատ  հարգի էր։ Առաջիկա տասնամյակում այդ սերունդն էլ է դուրս գալու դպրոցից։ Ուստի  մենք պետք է զուգահեռ քաղաքականություն տանենք, այսինքն՝ ուսուցիչներին ասենք, որ աջակցում ենք իրենց, դրա համար բարձրացնում ենք աշխատավարձը՝ իրականացնելով հասարակական մոբիլիզացիա, բոլոր հնարավոր ռեսուրսները ուղղում ենք դրան, բայց պայմանով, որ նրանք  էլ պետք է մտածեն  դասավանդման որակը բարձրացնելու մասին։ Այսպիսի ինչ-որ երկխոսություն, կոնսենսուս է պետք, որպեսզի կարողանանք տեղից պոկվել, հակառակ դեպքում ուսուցիչներն ասելու են՝ մեզ ի՞նչ փող եք տվել, որ մենք ինչ անենք, հասարակությունն էլ ասելու է՝ իսկ ի՞նչ եք դասավանդում, որ աշխատավարձը բարձրացնենք։ Այսպիսի արատավոր շրջանի մեջ կարող ենք ընկնել, որը վտանգավոր կարող է լինել։

-Մանկավարժական բուհերի  շրջանավարտների մի մասը աշխատանք գտնելու խնդիր ունի, մյուս կողմից  ունենք թափուր հաստիքներ, որոնք չեն  համալրվում։ Առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանությունն ինչո՞վ է պայմանավորված։Գուցե շրջանավարտները չեն համապատասխանում գործող պահանջներին։

-Այդ գործոնն էլ կա, բայց միայն դա չէ։ Կան մարդիկ, որոնք լավ էլ համապատասխանում են, բայց չեն ուզում դպրոցում աշխատել։

-Մասնագետների պակասն ինչպե՞ս է անդրադառնում կրթության որակի վրա։

-Իհարկե, շատ վատ։ Մենք ունենք դեպքեր, երբ ոչ մասնագետն է դասավանդում, ունենք դեպքեր, երբ մի ուսուցիչը մի քանի առարկա է դասավանդում փոքր գյուղերում, այս ամեն ինչն անշուշտ շատ վատ է։

-Հեռավար դասերի միջոցով այլ համայնքներից մասնագետներ ներգրավելը որքանո՞վ է լուծում մասնագետների պակասի խնդիրը, այսպես կարո՞ղ ենք արյունավետ արդյունք ստանալ։

-Երկարաժամկետ կտրվածքով, իհարկե, սա արդյունավետ չէ․ կապի որակն այն չէ,  ուսուցիչ-աշակերտ անմիջական շփումը չկա, որը դպրոցի համար շատ կարևոր է, բայց որպես ժամանակավոր լուծում լավ է, որովհետև եթե չկա ուսուցիչ և որոշակի ժամանակ է պետք գտնելու համար, դա  գոնե օգնում է, որ երեխաները շատ հետ չմնան, անկումը մեծ չլինի։ Բայց եթե այս պրոցեսը տևի, օրինակ՝  մեկ  տարի, դա արդեն լուրջ խնդիր է, որովհետև չեմ կարծում, որ հեռավար ամբողջական դասընթացը հնարավոր է արդյունավետ դասավանդել առանց տվյալ դասարանում գտնվելու։

-Իրավասու կառույցի՝ նախարարության  կողմից քայլեր տեսնում եք,  որոնք միտված են Ձեր նշած խնդրի լուծմանը, որպեսզի  առաջիկա տասնամյակում փաստի առաջ չկանգնենք։

-Այսպես կարող եմ ասել՝  լավն այն է, որ նախարարությունը  սկսել է խոսել այս մասին և փաստաթղթերում արձանագրում է։ Եթե հիշում եք, 2-3 տարի առաջ թեզ էր շրջանառվում, որ մեզ մոտ ուսուցիչների հաստիքները և ուսուցիչների թիվը չեն համապատասխանում, ասվում էր, որ  կա 25 հազար հաստիք, բայց 37 հազար ուսուցիչ և տպավորություն էր, որ մեզ մոտ  ուսուցիչների ավելորդ թիվ կա, անգամ խոսվում  էր, որ  պետք է կրճատել  ուսուցիչների թիվը։ Բայց, իհարկե, այդ թեզն  իրականությանը չէր համապատասխանում, որովհետև միշտ էլ ուսուցիչների թիվը հաստիքների թվից շատ է լինում, քանի որ  բազմաթիվ առարկաներ ուղակի չեն կարող հաստիք լրացնել։ Լավն այն է, որ հիմա նախարարությունն ընդունում է, որ ունի ուսուցիչների մեծ պակաս, ունի  մանկավարժական կթության մեծ բացեր, նաև  որոշ առարկաների գծով չեն ընդունվում բավարար թվով դիմորդներ։ Այս ամենն ընդունվում է։ Հիմա պետք է մտածել, թե ինչպես ենք այս իրավիճակից դուրս գալու։

-Իսկ ի՞նչ է պետք անել,  որ լավագույն աշակերտները դիմեն մանկավարժական բուհեր։

-Այստեղ առաջին քայլն աշխատավարձերի բարձրացումն է, առանց դրա չի լինի, որովհետև այսօր ծնողները, երեխաները մասնագիտություն ընտրելիս նայում են, թե որ ոլորտում ինչպիսիսն է աշխատավարձը։ Դրա համար դա առաջնային պահանջ է։ Ինչ քարոզչություն էլ անենք, մարդիկ միևնույն է իրավաբանություն, բժշկություն ու ծրագրավորում են ընտրելու, քանի որ այնտեղ գումարը շատ է։ 

Երկրորդը՝ պետք է ավելի հարգալից վերաբերմունք լինի ուսուցիչների հանդեպ։ Բայց դա, իհարկե, միակողմանի լինել չի կարող, հասարակությունը չի կարող  միակողմանի հարգել ուսուցիչներին, ինչ-որ իմաստով ուսուցիչներն էլ պետք է վաստակեն այդ հարգանքը։


 

հարցազրույց կրթություն խմբագրի ընտրանի Սերոբ Խաչատրյան կրթության որակ դպրոց ուսուցիչ մանկավարժ ԿԳՄՍՆ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին