f

Անկախ

Կարծում եմ՝ իշխանությունը քաղաքացիական պատերազմ սկսելու պոտենցիալ չունի․ Վիգեն Հակոբյան


«Անկախն»  արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն է ամփոփել քաղաքագետ Վիգեն  Հակոբյանի հետ։

-Պարոն Հակոբյան, այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է։ Այս քարոզարշավն առանձնահատուկ էր հատկապես պայքարի թեժությամբ և ագրեսիվ հռետորաբանությամբ։ Դուք ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը։

- Այս ընտրությունները շատ առանձնահատուկ  են, քանի որ  խաղադրույք է դրվում ոչ թե զուտ իշխանության վրա, այլ երկրի լինել-չլինելու, հասարակության արժեհամակարգի այս կամ այն տեսակների ընտրության հարցն է խաղասեղանին։  Եվ ի վերջո, ի տարբերություն այլ ընտրությունների, որտեղ իշխանությունն առավելագույնը կարող էր կորցնել իշխանություն, երբեմն ֆինանսներ կամ ինչ-որ սեփականություն և ազդեցություն, ապա այս ընտրություններում, գոնե գործող իշխանությունների ընկալմամբ, խաղասեղանին դրված է իրենց անվտանգության խնդիրը՝ ելնելով  իրենց կառավարման 3 տարվա արդյունքներից։

 Այդ իսկ պատճառով իշխանությունները  կատաղի պայքար են մղել և շարունակում են։

Դրանով էր  պայմանավորված այն հռետորաբանությունը, որն իշխանությունը մտցրեց ընտրարշավում,  մեթոդաբանությունը, որը կիրառվեց և խաղի կանոնները, որոնք սահմանվեցին իշխանության կողմից և որն այս  կամ չափով մրցապայքարի մասնակիցները, ուզեն, թե չուզեն, ընդունեցին։

-Իսկ այդ կանոնները  որքանո՞վ էին ազնիվ ու քաղաքակիրթ։

-Ազնիվի մասին հիմա չեմ խոսի, իսկ քաղաքակրթության մասին խոսք  լինել չի կարող, եթե ողջ քարոզարշավը կեղտոտ բառապաշարով  և ամենաբիրտ ուժի սպառնալիքով է ընթանում։

Քաղաքակրթության մասին չենք կարող խոսել, երբ վարչապետի պաշտոնակատարը չագուչով  է շրջում մարզից մարզ և սպառնում սրա-նրա գլուխը ջարդել ընտրություններից հետո։

 Ի դեպ, այդ մասին ասում էի դեռ 1-2 ամիս առաջ, որ բավականին ռիսկային ընտրություններ են սպասվում, և այդ ռիսկերը դեռ ամբողջությամբ չեն փարատվել, որովհետև մենք դեռևս ունենք 2 օր, հետո գուցե նաև հետընտրական զարգացումներ։

Սա տեխնոլոգիա էլ չէ, երբ  դու չագուչով ման ես գալիս ու ասում, որ դա մարմնավորում է պողպատե մանդատը, որով սրա-նրա գլխին ես խփելու, պատժելու։ Այդտեղ քաղաքական բառապաշար չկա,  դա փողոցի բնամթերք է, ընդ որում ոչ ամենաորակյալ, որովհետև  փողոցն էլ իր կանոններն ունի։

Այս քարոզարշավն  առանց կանոնների մարտ էր, որովհետև կա օրենքով շարժվելու ձև,  կա փողոցի օրենքով շարժվելու ձև,  կան ուրիշ կյանքով ապրող մարդկանց օրենքներ։ Հիմա վարչապետն ի վերջո  պետք է  կողմնորոշվի՝ ինքը որ օրենքներով է ուզում ապրել կամ որ օրենքներով է  ապրել, և արդյոք իր ապրած կյանքը թույլ է տալիս, որ ինքը շեղվի այդ օրենքներից և սկսի այլ օրենքներով ապրել, արդյոք իրեն թույլ կտան նման բան անել։

Դրա համար եմ ասում՝ առանց կանոնների  մարտեր էին։ Եվ իշխանությունն էր ուզում այդ մեթոդը կիրառել, որովհետև նրան ձեռք չէր տալիս ընտրապայքարի ընթացքը և հնարավոր զարգացումները։

   Դրա համար ինչ-որ մի պահից սկսած, եթե թղթախաղի օրինակով ասեմ,  նկատելով, որ ոչինչ չի ստացվում, փորձեցին սեղանը շուռ տալ և զրոյացնել վիճակը։ Դրա համար էլ մենք տեսնում  ենք սպառնալիքներ, պրովոկացիաներ, որպեսզի այդ սադրանքներին տրվեն նաև  մրցացակից ուժերը, տուրուդմփոցներ լինեն, որպեսզի ուժային ակցիաներ լինեն, զրոյացնեն պրոցեսը։ Եվ այդ վտանգը կա, քանի դեռ ընտրությունների արդյունքները չունենք։

Եթե հաշվի ենք նստում սոցիոլոգիական հարցումների հետ, դրանցից բխում է, որ  իշխանությունը որևէ շանս չունի հաղթելու, անցնելու են խորհրդարան, բայց բավարար տոկոս չեն ունենալու մեծամասնություն ունենալու համար։ Ընդդիմությունից խորհրդարանում ներկայացված կլինի առնվազն երեք ուժ՝ «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Եթե նրանք   կարողանան կոալիցիա ստեղծել, իրենց քվեներով և բոնուսային տոկոսներով գուցե մինչև 60 տոկոս ունենան։

-Քարոզարշավի ողջ ընթացքում Փաշինյանի ստեղծած մեդիաաղմուկը չդադարեց, և ուշադրության կենտրոնում եղան նրա սկանդալային հայտարարությունները։ Ձեր կարծիքով՝ մյուս թեկնածուները որքանո՞վ կարողացան  լսելի լինել հանրությանը։

-Պարզ է, որ ցանկացած նախընտրական պայքարում բավականին արագ ի հայտ են գալիս ֆավորիտները։ Պոտենցիալ լիդերների ձայնն  ընդհանուր առմամբ լսելի էր, որովհետև  նախընտրական քարոզարշավը նաև ռեսուրսների պայքար է։ Առանց լուրջ ռեսուրսների չես կարող արդյունավետ քարոզարշավ իրականացնել, անգամ եթե  լավ գաղափարներ ունես։ Քարոզարշավը ենթադրում է ֆինանսներ, կադրեր, կառույցներ, մեդիաներ։ Հիմնական քաղաքական ուժերի ձայնը լսելի է, մեկինը մի քիչ շատ, մյուսինը մի քիչ քիչ, բայց լսելի է։Մեդիայում շատ երևալը չի նշանակում, որ  կլինես ընկալելի հանրության կողմից։ Լուսաբանումների որակը և քանակը պետք է համադրվեն իրար։

Օրինակ, կար քաղաքական ուժ, որի լիդերի մասին ժամանակ առ ժամանակ խոսում էին, բայց որին չգրանցեցին։ Ինքը տեսանելի ու լսելի էր,բայց դա չի նշանակում, որ ինքը լիդերների մեջ էր։ Փող ու ռեսուրս ուներ, երևաց։  Ով որ ունի ռեսուրս, այս մեդիաաղմուկում չի կորել։ Բայց պետք է նաև քաղաքական  հետաքրքիր կոնտենտ, առաջարկ էլ ունենան։ Քաղաքական ուժերը նաև  կարող են  լավ առաջարկ ունենալ, բայց այսօր չընկալվեն, դա էլ պետք է հաշվի առնել, քաղաքականությունն այդպիսի բան է, պահն էլ պետք է համընկնի։

Կարծում եմ, այն գլխավոր քաղաքական ուժերը, որոնք կարող են եղանակ ստեղծել այս ընտրություններում, իրենց հնարավորության սահմաններում ինքնադրսևորվեցին։

-Կան նաև բավականին շատ ուժեր, որոնց մասին շարքային քաղաքացիներն  այդպես էլ ոչինչ չիմացան։ Արդյո՞ք այդպես էլ պետք է լիներ նման մեծաքանակ մասնակիցների պարագայում։

-Եթե մտնում ես ընտրապայքարի մեջ, պետք է պատրաստ լինես, որ ռեսուրսներ ես ծախսելու, պետք է նախապես մտածած լինես, թե ոնց ես այդ մրցակցության մեջ երևալու։

Քարոզարշավը ռեսուրսների և գաղափարները հետաքրքիր մատուցելու պայքար է։ Ցանկացած քաղաքական ուժի գլխավոր խնդիրներից մեկն աննկատ չլինելն է, որպեսզի իր բրենդը ճանաչելի լինի, որպեսզի ընտրողը, որին դուր է գալիս, ընտրախցիկ հասնելիս նրա անունը  հիշի։

Այս ընտրություններին մասնակից առնվազն մի 10 քաղաքական ուժի որևէ տեսահոլովակ կամ որևէ ուղերձ այս օրերին չեմ տեսել, դա իրենց խնդիրն է, իրենք  նախընտրական քարոզարշավը նորմալ չեն կառուցել և ռեսուրսներ չունեն դրա համար։ Այս պարագայում, եթե ինչ-որ մեկն  ընդամենը գրանցվել է  և մրցակցությանը չի դիմանում, ուրեմն գոնե այս ընտրությունները դեռևս իր ընտրությունները չեն։

Ինձ համար զարմանալի է, որ այդքան  քաղաքական ուժեր գրանցվել են, ընտրագրավ են վճարել ու հետո «կորել» են։  Ուրեմն ինչ-որ մեկն իրենց փոխարեն է վճարել, որ այդպես անհոգ փող են ծախսել․  այդպես ծախսում են միայն ուրիշի փողը, որը նույնպես հենց այնպես չի վճարում։ Ուրեմն իրենք կամ կոչված են ձայներ փոշիացնելու կամ էլ դուբլյոր են։

-Մտավախություններ կան և հնարավոր  ընտրակեղծիքների,  և  հետընտրական բախումների առումով։ Ձեր կարծիքով՝ ընդդիմությունը բավարար ռեսուրսներ ունի՞ նախ ընտրությունների օրը  տեր կանգնելու իր քվեներին և հետագայում բախումներ թույլ չտալու։

-Կարծում եմ՝ ընդդիմությունը նման ռեսուրսներ ունի։ Հիմնական ընդդիմադիր ուժերն իրենք վաղուց ինստիտուցիոնալ են դարձել՝  իրենք կառույցներ ունեն, հազարավոր մարդիկ ունեն, և ռեսուրսային են, այսինքն ունեն հնարավորություններ ուժեղացնելու իրենց թույլ տեղերը։ Քանի որ այսօրվա ընդդիմությունը բավականին փորձված է, ի վերջո այս քարոզարշավին 3 նախագահ  է մասնակցում, կան նաև  նախկին վարչապետեր, իրենք ընտրությունների  մասին գրքերից չէ, որ գիտեն։ Ուստի կարծում եմ, որ իրենք շատ լավ հասկանում են, որ  օրինակ, իշխանությունը  կարող է փորձել գնալ ընտրակեղծիքների ճանապարհով։ Այս պարագայում  պարզ է, որ ընդդիմությունը պետք է դրան պատրաստ լինի։

Կարող են հետընտրական զարգացումներ լինել, բայց նայելով երեկվա հանրահավաքը, ակնհայտ էր, որ  մասնակիցները մարզերից վարչական ռեսուրով բերված պետական ծառայողներ են, քաղաքացիական հագուստ հագած ոստիկաններ և այլն։ Չեմ տեսնում Նիկոլենց համար քաղաքացիական  բախումների պատրաստ զանգվածներ, որովհետև մի բան է, երբ մարդուն մարզից  ավտոբուսով ու սնունդ տալով բերում ես  Երևան, որ վանկարկի  «Նիկոլ վարչապետ» կամ պլակատ պահի, այլ բան է, երբ մարդուն ասում ես՝ գնալու ես կռվես, այն էլ գաղափարական ու մոտիվացված քաղաքական ուժերի հետ։ Կարող է ինչ-որ խնդիրներ լինեն, բայց կարծում եմ՝  իշխանությունը քաղաքացիական պատերազմ սկսելու պոտենցիալ չունի։

քարոզարշավ Վիգեն Հակոբյան խմբագրի ընտրանի հարցազրույց ընտրություններ արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին