РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ COVID-19-ի դեմ պայքարը միջազգային հանրության ջանքերի միավորում է պահանջում: Գրում է Gazeta.ru-ն։
«Մարտահարավերների թիվն անընդհատ աճում է: Ավելին, նրանցից շատերն իրական վտանգ են ներկայացնում միջազգային կայունության և անվտանգության, աշխարհի տարբեր մասերում մարդկանց կյանքի և բարեկեցության համար: Կորոնավիրուսի համաճարակն ավելացվել է այնպիսի մարտահրավերների թվին, ինչպիսիք են զենքի վերահսկման մեխանիզմների դեգրադացումը, ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, կիբեռհանցագործությունների ակտիվացումը և տարածաշրջանային հակամարտությունների սրումը », - նշված է Պրիմակովյան ընթերցումների մասնակիցներին ուղղված ՌԴ նախագահի ուղերձում, որն ընթերցել է նրա օգնական Յուրի Ուշակովը:
Պետության ղեկավարի խոսքերով՝ համաճարակի լուրջ սոցիալ-տնտեսական հետեւանքները զգացվում են ամենուր:
«Չնայած դեռևս վաղ է խոսել կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի մասին, այժմ կարևոր է մտածել, թե ինչ դասեր կարելի է քաղել այս աղետից, ինչպես հետագայում գործել նման իրավիճակներում: Հուսով եմ, որ Պրիմակովյան ընթերցումների մասնակիցները մեծ ուշադրություն կդարձնեն տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի այս և այլ հրատապ խնդիրներին », - ընդգծել է Պուտինը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հորդորել էր երկրի բնակիչներին հետևել իր օրինակին և պատվաստվել կորոնավիրուսային վարակի դեմ: