f

Անկախ

Հաղթաթղթերը ուրիշների ձեռքին են: Ինչպես Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են փոխել ընտրությունների ելքը Հայաստանում. Carnegie Moscow Center


Հեղինակը կարծում է, որ Ղարաբաղից հետո Հայաստանը փորձում է դուրս պրծնել անորոշությունից խորհրդարանական ընտրությունների միջոցով: Հայերն ուզում են իմանալ ճշմարտությունը, թե ինչ է պատահել իրենց երկրին, և դա լավ հնարավորություն է մեքենայությունների համար, ինչից կարող է օգտվել Մոսկվան: Ընտրությունը Փաշինյանի և Քոչարյանի միջև է, Պուտինին կարող են զանգահարել երկուսն էլ: Հարցն այն է, թե ում հաղթանակ կնվիրի Կրեմլը:

Ամենայն հավանականությամբ Ռուսաստանը կհետևի քարոզարշավի ընթացքին, որը դեռ նոր է սկսվում, և հնարավորինս կօգնի մե՛կ սրան, մե՛կ մյուսին՝ հանդես գալով ֆուտբոլային դաշտի դատավորի դերում: Մոսկվայի ազդեցության լծակները քիչ չեն, բայց բավարար չեն, որպեսզի լիակատար հսկողություն ունենա:

Ծանր պարտությունից հետո ղարաբաղյան պատերազմում և խոր քաղաքական ճգնաժամի մատնվելով՝ Հայաստանը ջանում է դուրս պրծնել անորոշությունից արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Դրանք տեղի կունենան երկու ամիս անց՝ հունիսի 20-ին: Քվեարկությունն օգնելու է երկրին մտնելու նոր հանգրվան, որտեղ սպասում են սխալները շտկելու աշխատանքը և զարգացման հետգա ուղու ընտրությունը:

Սակայն այդ ընտրությունները ոչ ոքի համար հեշտ չեն լինելու, քանի որ հայ ընտրողները ստիպված են ընտրել, ինչպես թվում է իրենց, վատի և էլ ավելի վատի միջև: Ըստ վերջերս կատարված հարցման արդյունքների՝  գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբակցության օգտին պատրաստ է ձայն տալ 32 տոկոսը, իսկ գլխավոր հակառակորդ և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին՝ 6 տոկոսը: Հարցվածների գրեթե կեսը կա՛մ չի կողմնորոշվել, կա՛մ գիտակցաբար չի ցանկանում քվեարկել որևէ մեկի օգտին:

Ընդ որում, հայ հասարակության գլխավոր պահանջն այսօր բնավ էլ ռազմական ռևանշը չէ կամ բարեկեցության բարձրացումը. Դրան ոչ ոք չի էլ հավատում: Մարդիկ ցանկանում են ապահովել ամենահիմնական պահանջմունքները՝ անվտանգությունը և այն ամենի պահպանումը, ինչ մնացել է: Ի լրումն՝ խնդրում են ազնվորել պատմել, թե ինչ է պատահել իրենց երկրին:

Վերջինս արտաքին մեքենայությունների համար լայն դաշտ է բացում. ընտրողին «ճշմարտության» սեփական վարկածը պատմելու և դրանով երկրի ապագա քաղաքական լանդշաֆտի վրա ազդելու ցանկություն շատերը կունենան: Այդ թվում և Մոսկվան, բայց նրա նպատակները դժվար է ճշգրիտ նկարագրել: Բացառված չէ, որ որ նրան լիովին ձեռնտու  լինի նաև բարդ կոալիցիոն խորհրդարանը՝ մասնատված երեք մասի. Փաշինյանի օգտին, Քոչարյանի օգտին և մնացած բոլորի օգտին, որն էլ կլինի առևտրի առարկան որոշումներ ընդունելիս:

Թշնամական և բարեկամական ձայները

Հայաստանում ընտրարշավի ոչ պաշտոնական սկիզբ դարձավ գլխավոր քաղաքական ընդդիմախոսների այցը Ռուսաստան: Վլադիմիր Պուտինի հին բարեկամ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ հանդես է գալիս «ուժեղ ձեռքի» դիրքերից և Փաշինյանին համեմատում է Նավալնու հետ, Մոսկվայում էր ապրիլի սկզբին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մի քանի օր անց: Երկուսն էլ զրուցեցին Պուտինի հետ. Քոչարյանը՝ միայն տեսակապով, իսկ Փաշինյանը, ինչպես որ պահանջվում է պետական ացերի դեպքում, անձամբ:

Երկուսն էլ հաճելի բոնուս ստացան: Քոչարյանը մեկժամանոց հարցազրույց տվեց Վլադիմիր Պոզներին, որը, ըստ էության, դարձավ իր նախընտրական ծրագրի շարադրանքը: Իսկ Փաշինյանը Հայաստան բերեց «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, առայժմ՝ 15 հազար չափաբաժին:

Երկու թեկնածուների նկատմամբ  մոտեցման նման համաչափությունը հերքում է այն տարածված կարծիքը, թե Մոսկվան հոգնել է «չափազանց արևմտամետ» Փաշինյանից և սպասում է հուսալի և ստուգված Քոչարյանին ասպարեզ վերադարձնելու հնարավորությանը: Ռուսաստանն ակնհայտ չի ցանկանում առանց հատուկ անհրաժեշտության փչացնել իր հեղինակությունը հայ հասարակության աչքում՝ հանդես գալով մետրոպոլիայի դերում, որը պարտադրում է գաղութին իր կամքն ու թեկնածուներին: Առավել ևս, որ կորցնելու բան ունի: Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը Հայաստանում ընդունում է 63 տոկոսը, իսկ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ՝ միայն 16 և 5 տոկոսը համապատասխանաբար:

Այլ խոսքով՝ Փաշինյանը, իշխանության ղեկին լինելով երեք տարի, կարողացել է  ապացուցել Ռուսաստանին, որ կարող է հարմար գործընկեր լինել և չգրգռել բազմավեկտորության մասին խոսակցություններով: Այնքան էլ հեշտ չէր լսել Պուտինին և հաճախակի խոսել նրա համար հաճելի թեմաներով, օրինակ՝ ընդհանուր հաղթանակի մասին Հայրենական մեծ պատերազմում:

Այո, Փաշինյանն այնպես չի նվիրված Մոսկվային, ինչպես Քոչարյանը, որը նույնիսկ Պոզների հետ հարցազրույցում խոստացավ, որ «չի փորձելու ոչ ձախ խաղալ, ոչ աջ», և հասկացրեց, որ իր համար թանկ է «Պուտինի բարեկամի» համբավը: Բայց այն մարդկանց թիվը, որոնց համար հին էլիտաների վերադարձը հնարավոր սցենարներից վատագույնն է, Հայաստանում դեռ մեծ է, և կոտրել նրանց կարծիքը կառուցողական չէ. այնքան էլ մեծ չէ խաղագումարը:

Ուստի, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանում կհետևեն քարոզարշավների զարգացմանը, որը նոր-նոր է սկսվում, և հնարավորինս կօգնեն մե՛կ սրանց, մե՛կ նրանց՝ հանդես գալով ֆուտբոլային դաշտի դատավորի դերում: Մոսկվայի ազդեցության լծակները քիչ չեն, բայց բավարար չեն լիակատար հսկողության հասնելու համար:

Օրինակ՝ հայ ընտրողների համար այնքան կարևոր հարցը, ինչպիսին է բոլոր գերիներին Ադրբեջանից վերադարձնելը (Ադրբեջանի տվյալներով՝ նրանք մոտ 60 հոգի են, Հայաստանի տվյալներով՝ մոտ 200), արդեն ուղղակիորեն կախված չէ Մոսկվայից: Իսկ Բաքվի դիրքորոշումն այդ հարցում շատ ավելի կոշտ է Մոսկվայից: Ադրբեջանի ղեկավարության համար Քոչարյանն «ահաբեկիչ» է և ատելի «ղարաբաղյան կլանի» ղեկավարը, իսկ Փաշինյանը կտրուկ սկսեց մատուցվել ոչ այնքան թույլ քաղաքական գործիչ, այլ Հայաստանի օրինական ղեկավար, որին հարկ է պաշտպանել «ռևանշիստների» ոտնձգություններից, այդ թվում և որոշ զինվորականներից: Իհարկե, Բաքվից եկող յուրաքանչյուր ցուցում Հայաստանում հակառակ արձագանքն է ունենալու, ուստի հարկ կլինի շատ ավելի փափուկ գործել:

Կորուսյալ «Իսկանդերի» առեղծվածը

Հայաստանում ամենաաղմկոտ և քննարկվող պատմություններից մեկը պատերազմից հետո Փաշինյանի արտահայտությունը դարձավ ռուսական «Իսկանդերի» հրթիռների մասին: Իր նախորդին՝ Սերժ Սարգսյանին և նրա հետ բոլոր «հին էլիտաներին» խայթելու համար նա հայտարարեց, որ հայկական բանակը կրակել է Սարգսյանի օրոք գնված այդ ռուսական հրթիռներով, բայց դրանք «չեն պայթել կամ պայթել են ընդամենը 10 տոկոսով»:

Այդ խոսքը զայրացրեց նաև հայ զինվորականներին և, ըստ երևույթին, Մոսկվային, որը դա ռուսական զենքի վարկաբեկում համարեց: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հավաստեց. «Մեր ունեցած օբյեկտիվ և արժանահավատ տեղեկություններով, որոնք հաստատվել են ընդսմին օբյեկտիվ հսկողության համակարգով, տվյալ տիպի որևէ հրթիռային համալիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չի կիրառվել»:

Բոլորը Փաշինյանին շաղակրատ էին համարում, որն անհարկի փչացրեց հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, քանի դեռ գործին չէր խառնվել Ադրբեջանը: Մարտի վերջին Բաքուն հայտարարեց, որ Շուշիում հայտնաբերել է «Իսկանդերի» բեկորներ (ընդ որում՝ չպայթած մարտագլխիկով): Այնուհետև շատ ավելի կարևոր մանրամասն հայտնեցին:  Հայտնաբերված հրթիռի մոդիֆիկացիան ոչ թե «Է» կարգի է (այսինքն՝ Էքսպորտային, որը Ռուսաստանն օրինականորեն մատակարարել է Հայաստանին), այլ «Մ», որը առկա է միայն ռուսական բանակի սպառազինությունում:

«Մենք պատասխան ենք ուզում այն հարցին, թե ինչպես է այդ մահացու զենքը հայտնվել հայերի ձեռքում: Առայժմ մենք պատասխան չենք ստացել այդ հարցին, բայց կստանանք»,- վրդովվել է Իլհամ Ալիևը ապրիլի 12-ին՝ բացելով Բաքվում ռազմավարի զբոսայգին:

Մոսկվայում չէին կարող անտեսել նման հայտարարությունը: Այժմ Կրեմլում պնդում են, որ «Ադրբեջանի և Ռուսաստանի զինվորականները լուրջ երկխոսություն են վարում, որի ընթացքում քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը»: Իսկ դա արդեն ակնհայտ նահանջ է սկզբնական դիրքորոշումից, թե ոչ մի «Իսկադեր» չի եղել:

Խճճված պատմությունը շշուկների և վարկածների հեռանկարներ է բացում, որոնցով արագ լցվեցին ԶԼՄ-ները: Ամենատարածված հայկական վարկածն այն է, որ «Իսկանդեր Մ»-ի բեկորներն ադրբեջանցիներին հասցրել են թուրք գործընկերները՝ հավաքելով Իդլիբում. այնտեղ դրանք իրոք կիրառել է ռուսական բանակը: Ոմանք ավելի առաջ են գնում և ակնարկում են, որ հենց դա կարող է լինել Թուրքիայի հետ օդահաղորդակցության փակման իրական պատճառը, իբր Կրեմլում գիտեն ճշմարտությունը և որոշել են միակողմանիորեն պատժել թուրքերին:

Ադրբեջանական քարոզչությունը հակառակն է պնդում, որ «Իսկանդեր Մ»-երը կարող էին մատակարարվել Հայաստանին անօրինական, հասկանալի է՝ ամենակարող հայկական լոբբիի և սփյուռքի օգնությամբ:

Թե՛ մեկ, թե՛ մյուս վարկածը հերքում է 2018 թ. «Կոմերսանտում» հրապարակված լուրը «Լևֆորտովո» մեկուսարանում գտնվող Իվան Սաֆրոնովի մասին: Դրանում «ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի աղբյուրն ուղղակի ասում է, որ Հայաստանին մատակարարվել է հենց «Իսկանդեր-Մ», ինչը «խախտում է հրթիռային տեխնոլոգիաների տարածման մասին պայմանագիրը, քանի որ այդ հրթիռների խոցման թիրախի հեռավորությունը գերազանցում է 300 կմ-ը»: Բայց Մոսկվայում որոշել են  այդպես վարվել շտապելուց. ուժերի հարաբերակցությունն Ադրբեջանի օգտին այն պահին շատ մեծ էր, «Իսկանդեր Է»-ի թուլացած տարբերակի մշակման համար ժամանակ չկար:

Առաջին հայացքից կարծես գործը բացված է, բայց աղմուկը դրանից ավելի է բարձրանում: Կնշանակի հայ քաղաքական գործիչները լրացուցիչ միավորներ վաստակելու հնարավրություն են ստանում, իսկ Մոսկվան և Բաքուն՝ իրար ձայնակցելու հնարավորություն կամ հակառակը՝ վնասելու:  Առանց այդ էլ անկայուն վիճակը Հայաստանում դրանից կարող է ալիքվել, ինչպես խոտը քամուց:

Օրինակ՝ տարածում է գտել այն չհաստատված թեզը, թե հրթիռները չեն պայթել, քանի որ մարտագլխիկները կարող են բացել միայն ռուս զինվորականները, որոնք  հրթիռների արձակմանը հավանություն չեն տվել: Եթե դա ճիշտ է, ապա դա իրոք կարող է հարվածել Քոչարյանի և «հին էլիտայի» դիրքերին, ինչո՞ւ գնել մի զենք, որից չես կարող օգտվել սեփական հայեցողությամբ:

Բայց կարելի է այս պատմությունն այլ կերպ մեկնաբանել, որ Փաշինյանն անպատասխանատու է վարվել՝ բացահայտելով Մոսկվայի զգայուն գաղտնիքը, անգամ իր համար առանց որևէ օգուտի. Այդ փուլում պատերազմի ընթացքն այլևս հնարավոր չէր փոխել:

Ո՞ւմ համար են խաղաղապահները

Եվս մի կարևոր քաղաքական գործոն է Հայաստանում Ռուսաստանի խաղաղպահ առաքելությունը, որ հաստատվել է Լեռնային Ղարաբաղում: Աշխատանքի առաջին ամիսներին նա հասցրել է դժգոհություն առաջացնել և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների կողմում:

Հայերը դժգոհ են, որ խաղաղապահները դե ֆակտո հսկում են մուտքը Ղարաբաղ հայկական կողմից և անհասկանալի պատճառներով արգելում են մուտքն այնտեղ շատ լրագրողների, ՀԿ-ների աշխատակիցների և հասարակական գործիչների: Առավել մեծ զայրույթ է առաջացնում դա, երբ խոսքը սփյուռքի ներկայացուցիչների մասին է: Խաղաղապահները նրանց, ըստ ամենայնի, կասկածելի են համարում արտասահմանյան անձնագրերի պատճառով: Հայ հասարակ բնակչի աչքում դա Մոսկվայի և Բաքվի դավադրության տպավորություն է թողնում, առավել ևս, որ Ալիևն իրոք խնդրել է չթողնել տարածաշրջան արտասահմանցիներին:

Մյուս կողմից՝ հայ ընտրողը նաև Մոսկվային շնորհակալ լինելու առիթ ունի: Չնայած Բաքվի դժգոհությանը՝ Ղարաբաղում շարունակում են հայ զինվորներ մնալ, թեպետ ըստ նոյեմբերի 9-ի համաձայնության՝ նրանք պետք է վաղուց հեռացած լինեին: Ռուս խաղաղապահները ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքին, թեև, իհարկե, կարող էին:

Վերջապես, հայերը մեծ վախով են նայում տրանսպորտային միջանցքների բացման նախագծին: Բաքուն հստակ հասկացրել է, որ իրեն առաջին հերթին հետաքրքրում է միայն դեպի Նախիջևան երկաթուղին, որն անցնելու է Իրանի սահմանի երկայնքով: Բայց հայերին ուրիշ ճանապարհ է պետք՝ Կարս (Թուրքիա)-Գյումրի-Իջևան-Ղազախ (Ադրբեջան), որպեսզի բացի հաղորդակցությունը Ռուսաստանի հետ և եկամուտ ունենա ադրբեջանա-թուրքական տարանցումից:

Այդ առումով Մոսկվային իր կողմը թեքելու և ազգային շահերը պաշտպանելու հնարավորություն ունեն և՛ Փաշինյանը և՛ Քոչարյանը, երկուսն էլ կարող են զանգահարել Պուտինին: Հարցն այն է, թե ում Կրեմլը կնվիրի հաղթանակը և կնվիրի արդյոք: Բայց Քոչարյանի իշխանության գալը կարող է ոչ քիչ խնդիրներ առաջացնել տրանսպորտային միջանցքների բացման առումով. Դա չափից ավելի է հակասում նրա «բազեի» կերպարին Ադրբեջանի հետ հարաբերություններում:

Հասկանալի է՝ Արևմուտքի դերն այս խճճված սխեմայում նույնպես կա, բայց ոչ այնքան մեծ: Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն արդեն դիմել են ԱՄՆ-ին, Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին իրենց հուզող հարցերով: Բայց Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման կամ Բաքվից հայ գերիների վերադարձման հասնելու հնարավորություններ Արևմուտքը չունի:

«Ռուսաստանը պետք է կողմնորոշվի, թե ինչպիսի Հայաստան է ուզում տեսնել,- ասել է վերջերս հարցազրույցում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ կարծես հրավիրելով Մոսկվային ստանձնելու ներքին մոդերատորի դերը: Առաջին՝ դա թուլացած և խիստ կախյալ երկիր է, որտեղ մշտական պայքար է մղվում ազդեցության նեղ խմբերի միջև, որոնք «ավագ եղբոր» բարեհաճությունն են փնտրում: Երկրորդ՝ ուժեղ Հայաստան, որը կօգտագործի ունեցած բոլոր ռեսուրսները և ներուժն իր հեղինակությունն ու իր դաշնակցին ամրապնդելու և նրա շահերն առաջ տանելու համար»: Սակայն առայժմ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը ղարաբաղյան կարգավորման եռանկյունի են կազմում, Հայաստանի ընտրությունների վրա կարող է ազդել ոչ միայն հին դաշնակիցը, այլև ոխերիմ թշնամին:

Հոդվածը հրապարակվել է «Ռուսաստան-ԱՄՆ երկխոսություն. սերունդների հերթափոխը» նախագծի շրջանակներում: Հոդվածում շարադրված մտքերն արտահայտում են հեղինակի կարծիքը:

Կիրիլ Կրիվոշեև

Աղբյուրը՝ Մոսկովյան Կարնեգի կենտրոն

 

Աշխարհում Ռուսաստան Ադրբեջան խորհրդարանական ընտրություններ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին