Ապրիլի 14-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթն ու հարցուպատասխանը, որն ամփոփվեց իշխող խմբակցության անդամների հոտնկայս բուռն ծափահարություններով, դեռ երկար կզարմացնի մեզ ու աշխարհին:
ՀՀ նախկին վարչապետ, պետական-քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը, սակայն, այլևս չի զարմանում Փաշինյանի հետ կապված որևէ իրադարձությունից: Ավելին, բնական է համարում նույնիսկ այն, որ ադրբեջանական շրջանակներն էլ իրենց հերթին ծաղրեցին այդ ծափահարությունները՝ առիթը բաց չթողնելով հերթական անգամ նվաստացնել մեզ այսօրվա իշխանություների պատճառով:
«Այլևս կասկածահարույց չէ, այդ թվում Նիկոլ Փաշինյանի նախկին կողմնակներից շատերի համար, որ պատերազմի արդյունքներն ու հետևանքները մեկնաբանել այլ կերպ, քան սեփական ժողովրդին դավադիր ճանապարհով ծնկի բերելը, հնարավոր չէ: Եվ այս ֆոնին հոտնկայս ծափահարել այդ ամենի թիվ մեկ պատասխանատուին ու մեղավորին, նշանակում է հրապարակավ ստանձնել պատասխանատվություն այդ արդյունքների ու հետևանքների համար: Ընդ որում՝ ոչ միայն քաղաքական պատասխանատվություն, այլև քրեական»,-ասում է նա:
Քաղաքական գործիչն ընդգծում է՝ մոտ ապագայում լինելու է իշխանափոխություն, և այդ ծափահարողները պետք է պատրաստ լինեն կանգնել պատասխանատվության օրենքի առաջ: «80 ուսապարկերը պետք է իմանան, որ այդ ծափահարությունը հավասարարժեք էր իրենց հանցագործ մեղսակցությունն ընդունելու ինքնախոստովանությանը»:
Հարությունյանն արձանագրում է՝ փաստորեն, ժողովրդի ներկայացուցչական մարմինը՝ խորհրդարանը, ծափահարում է պարտության համար, հպարտանում է պարտությամբ, կորուստներով, ողջունում կորուստները՝ թե՛ մարդային, թե՛ տարածքային:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին ուղղված բանաստեղծական պատասխանին, Խոսրով Հարությունյանն ասում է. «Ակնհայտ է, որ այս մարդն Ալիևի հետ չի կարողանում խոսել: Ի՞նչ բարոյական կեցվածքով ու ի՞նչ բարոյական «բագաժով» պիտի խոսի: Ալիևը կասի՝ դու չէի՞ր, որ զանգ էիր տալիս, խնդրում էիր, որ պատերազմը կանգնեցնեմ: Այս իշխանությունն ու նրա լիդերը ոչ միայն Ալիևին, այլև միջազգային գործընկերներից որևէ մեկին որևէ բան ասելու փաստարկ չունեն, և Ալիևի պարագայում, բացի այս ամենից, կա նաև բարոյական և հոգեբանական խնդիր: Ալիևը նրան «պպզացրել է», «կզացրել է»: Ալիևն իրեն զգում է ինչպես «կամերի գող», իսկ Նիկոլը «հարիֆն է»: Այդ որտե՞ղ եք տեսել, որ «հարիֆը» «գողին» կարողանա հակադարձել: Մաքսիմում կարող է բանաստեղծություն կարդալ: Ընդ որում՝ Ալիևին հենց ինքն է դարձրել «գող»:
Խոսրով Հարությունյանը նշում է, որ այս բառապաշարն իր համար անթույլատրելի է, բայց ստիպված է խոսել Փաշինյանին հոգեհարազատ տերմինալոգիայով, քանի որ հենց նա է մեր քաղաքական բառապաշարի մեջ մտցրել «թաղի պպզողների լեքսիկոնը»: «Եվ ես ստիպված նրանց հասկանալի դառնալու համար նման բառապաշարով եմ պարզաբանում, ինչի համար ներողություն եմ խնդրում ընթերցողից»:
Նիկոլ Փաշինյանը, որը նախին իշխանություններին մշտապես մեղադրում էր ՀՀ ինքնիշխանությունը Ռուսաստանի շահերին ստորադասելու մեջ, Ազգային ժողովում, ըստ էության, խոստովանեց, որ առանց Ռուսաստանի օժանդակության Հայաստանը պատրաստ չէ դիմագրավելու արտաքին մարտահրավերներին: Նա խոսեց նաև Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին:
Այս առնչությամբ մեր զրուցակիցն ասում է. «Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո հայ-ռուսական կամ ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններում գործել է ճիշտ հակառակ կերպ, քան արտահայտվել էր ընդդիմադիր եղած ժամանակ: Մինչ իշխանության գալը Ռուսաստանի նկատամամբ այս մարդը բոլորովին այլ կարծիք էր արտահայտում, ընդ որում՝ մեղադրական տոնով: Իսկ այս ամբողջ ընթացքում հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող նրա բոլոր բանաձևումները, այդ թվում ՌԴ նախագահի հետ միջանձնային հարաբերություններին առնչվող, ինձ վրա թողել են էժանագին քծնանքի տպավորություն»:
Ռուսաստանի հետ ռազմական հավելյալ հնարավորությունների զարգացմանն անդրադառնալը նույնպես, ըստ Հարությունյանի, Ռուսաստանին հաճոյանալու և իր իշխանությունը հնարավորինս երկարաձգելու անթաքույց ձգտում էր:
«Սա չի նշանակում, որ ես չեմ կարևորում Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական հարաբերությունները որակապես ինստիտիտուցիոնալ նոր մակարդակի բարձրացնելու հարցը: Ավելին, պատերազմի շրջանում որոշ ռուս վերլուծաբաններ ոչ անհիմն արձանագրել էին, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում ավելի շատ դիտվել է որպես քաղաքական գործոն, քան ռազմական: Այսինքն, նրանք էլ են փաստում, որ արցախյան վերջին պատերազմի արդյունքներով ձևավորված աշխարհաքաղաքական նոր կոնֆիգուրացիան ենթադրում է Հայաստանում Ռուսաստանի որակապես նոր ռազմական ներկայություն: Սակայն ես համոզված չեմ, որ Նիկոլ Փաշինյանը դա գիտակցում է և նման լուրջ նպատակներ է հետապնդում: Ըստ իս դա, ինչպես արդեն նշեցի, Ռուսաստանի ղեկավարությանը հաճոյանալու հերթական փորձն էր՝ ընտրությունների նախաշեմին»:
Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի ելույթի ագրեսիվ հռետորաբանությունը՝ Խոսրով Հարությունյանն ընդգծում է, որ դա պետք է դիտարկել նախընտրական քարոզարշավի համատեքստում: Ըստ նրա՝ Փաշինյանը վաղուց է սկսել իր քարոզարշավը, և խորհրդարանի ամբիոնից ելույթը մրցապայքարի մի նոր հանգրվանի կամ մի նոր փուլի մեկնարկի ազդարարում էր և ուրիշ ոչինչ:
«Այս տարիներին արդեն ճանաչելով Փաշինյանին՝ կարող ենք փաստել, որ նրա խոսքերը, հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ: Նա շատ վարպետորեն ցանկալին կարող է ներկայացնել իբրև իրականություն: Այդ ելույթի ագրեսիվությունը ես բացատրում եմ նաև իր կողմնակիցներին առաջիկա ընտրություններում էներգիա ու վստահություն ներշնչելու ցանկությամբ: Իրականում դա խեղդվելուց առաջ խռխռոց էր հիշեցնում»:
Այնուամենայնիվ, Հարությունյանը վստահ է, որ ինչքան էլ Փաշինյանը ջանք թափի, այլևս հնարավորություն չունի վերարտադրվելու: