f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Ինչպես յուրաքանչյուր շաբաթ վերջին մեկուկես տարում, այս մեկն էլ անցավ խառը տրամադրություններով: Խուճապ, որ պայմանավորված էր կորոնավիրուսի ներխուժումով, տարակուսանք, որ առաջացավ վարչապետի հերթական անակնկալ հայտարարությունից, հիասթափության հասնող շփոթություն, որ ծագեց ոստիկանության անհարկի գործողություններից, մարտիության ձնծաղիկներ ու շնորհավորանքներ և վարչապետի քարոզչության անսպասելի շրջադարձ, որ ընթացքիկ քաղաքական խոսույթի և ֆեյսբուքյան հանրության համար նոր թեմա բացեց:

 

Աստվածաշնչյան զուգահեռներ

Շաբաթը սկսվեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի քննարկումներով: Ոմանք շտապում էին սննդամքթերքի պաշար հավաքել, շատերը բողոքում էին դիմակների պակասությունից և երկիր ելումուտը չսահմանափակելու որոշումից, ուրիշներն էլ կշտամբում էին կառավարությանը կորոնավիրուսի կարանտինը Ծաղկաձորի հինգաստղանի հյուրանոցում կազմակերպելու համար, քանի որ դրա հետևանքով էապես կնվազի զբոսաշրջիկների հոսքը դեպի այդ առողջարանային քաղաք: Սակայն խուճապը երկար չտևեց, հանրապետության հասարակությունը կրկին տարվեց քաղաքական քննարկումներով:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին պաշտոնական այցով մեկնեց Վրաստանի Հանրապետություն, հանդիպումներ ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ, իսկ Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, չգիտես ինչու, անդրադարձավ մեր իրավապահ համակարգում առկա «դավաճանների» հարցին, որ արդեն մի անգամ ակնարկել էր: Նա հայտնեց, որ իր կառավարությունը ոչինչ չի թաքցնում ժողովրդից, և դա էլ ապահովում է վստահությունն իր նկատմամբ, իրենք քաջաբար խոսում են նաև սեփական սխալներից, ինչն էլ առաջընթացի գրավականն է, նույնիսկ խոստովանում են, որ դավաճաններ կան, որոնք, պարզվում է, անխուսափելի են, քանի որ վարչապետի տվայտանքների ժամանակ օգնության է հասնում Աստվածաշունչը, որն էլ այս դեպքում հիշեցրել է նրան, որ Հիսուս Քրիստոսի առաքյալների մեջ էլ դավաճաններ կային:

Կադրային քաղաքականության առնչությամբ այս արտառոց զուգահեռը, բնականաբար, հարց էր առաջացնում՝ իսկ հետո՞…  Հետագան առայսօր անհայտ է, ոչ ոք չգիտի՝ վարչապետը Քրիստոսի պե՞ս է վարվելու և գնալու է խաչվելո՞ւ, թե Աստվածաշունչն արդեն մի կողմ է դնելու և ընթերցելու է վարչական ու քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածները: Անհայտ են մինչև իսկ «դավաճանների» անունները, իսկ որոշ քաղաքական գործիչներ, թեպետ որոշակի երկյուղածությամբ, անունների թվարկում են պահանջում:  

Այսպես թե այնպես նույն օրը Հայաստանի ազգային ժողովում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստանի» հարցին, որը վերաբերում էր իրավապահ համակարգում դավաճանների առկայությանը, հայտարարեց, որ ԱԱԾ-ն կսկսի փուլ առ փուլ մաքրվել դավաճաններից և նրանցից, ովքեր «հայրենասեր չեն, արատավորում են սպայի պատիվը»:  

Մի աստվածաշնչյան հղում էլ եղավ՝ կապված Արցախի հակամարտության կարգավորման հետ:  

Իդլիբի կարգավորման հարցով Էրդողան-Պուտին մոսկովյան բանակցություններից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին Անակարա, ինչը որոշակի անհանգստություն առաջացրեց Հայաստանում, ըստ ամենայնի՝ դա պատահական զուգադիպություն չէր: Մանավանդ որ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարարը հատուկ ակնարկեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Արցախի հարցը: «Մինսկի խումբն արդեն ավելի ակտիվ աշխատանքներ պետք է տանի Ղարաբաղի հարցի լուծման համար։ Այդ լուծումը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- գրեց Չավուշօղլուն իր թվիթերում:  Եվ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ի պատասխան ընդամենը հղում արեց Ղուկաս Ավետարանիչին. «Բժիշկ, բժշկեա զանձն քո» («Բժիշկ, բուժիր ինքդ քեզ»):

 

Դատավարություններ, քննություններ և ոստիկանական գործողություններ

Ինչպես միշտ «աշխույժ» էր դատարանների, քննչական ծառայությունների և ոստիկանության առօրյան:  

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գույքի ենթադրյալ վատնում կատարելու համար: Մինչ այդ Օհանյանն այդ գործով կասկածյալ էր. խնդիրը վերաբերում է «Ձորա ՀԷԿ» ընկերության օտարմանը, վատնված  գումարը, ըստ ՀՔԾ-ի, գերազանցում է 1 միլիարդ դրամը: Սերյան Օհանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Երեքշաբթի երկրորդ նախագահի փաստաբանները, համապատասխան հիմնավորումներով, դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի հերթական միջնորդությունը ներկայացրին: Դատարվորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, թեպետ թե՛ դատավորը, թե՛ միջնորդությունը ներկայացնողները նախապես էլ գիտեին, որ չի ընդունվելու միջնորդությունը։  Նշենք, որ շաբաթվա վերջին Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը կտրուկ վատացավ, և նրան բանտախցից տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն:

Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել Ազգային անվտանգության ծառայությանը և Հանրային հեռուստաընկերությանը զրպարտության համար: Իրավաբանի ներկայացուցիչը հայտնել է, որ հունվարի 30-ին «Հ1»-ի  ռեպորտաժում նշվել է, թե Օրբելյանը 2018-ի մայիսից օգոստոս պարբերաբար, կարգի խախտմամբ, ելումուտ է ունեցել Սահմանադրական դատարանի շենք, սկզբնաղբյուն էլ եղել է ԱԱԾ-ն։ Օրբելյանը հերքում է և պահանջում 2-ական միլիոն դրամ փոխհատուցում:

Դատարանը վարույթ է ընդունել նաև Սահմանադրական դատարանի նախագահի հայցն ընդդեմ  վարչապետի։ Հրայր Թովմասյանը պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին՝ ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար և հերքել զրպարտչական տեղեկությունները։ Հիշեցնենք, որ հունվարին Փաշինյանը հայտարարել էր, որ 2018 թվականի մայիսից սկսած՝ Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն։ Թովմասյանը տվել էր 20 օր՝ ապացույց ներկայացնելու համար, վարչապետն էլ ուղիղ եթերով ցույցադրել էր գրիչ, որն իրեն փոխանցել էր ՍԴ նախագահը որպես քծնանքի դրսևորում:

Սակայն շաբաթվա ամենացնցող իրադարձություններն էին մարտի 4-ի լույս 5-ի գիշերը «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի տան վրա ոստիկանության գրոհը և անցած տարի Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին գործով դատարավարությունը:

Արամ Վարդանյանի թոռը ոստիկանական գործողության հետևանքով կորցրել է խոսելու ունակությունը և տեղափոխվել հիվանդանոց: Վարդանյանի փաստաբանները պատմում էին, որ ոստիկանները կոտրել են տան դռները, պատուհանները, թեև տուն մտնելու համար դրա անհրաժեշտությունը չի եղել։ Պոկել են վարագույրները, տակնուվրա արել տան իրերը, քաշքշել Վարդանյանի մորը, ընտանիքի այլ անդամների։ Ըստ ականատեսների՝ զենքը պահել են հարազատների, այդ թվում՝ հնգամյա աղջնակի վրա։  Արամ Վարդանյանը «Հրապարակ» կայքին հայտնել է, որ ոստիկանությունն այդ քայլին դիմել է այն բանից հետո, երբ ինքը հրաժարվել է գործարքի գնալ։  Մինչ հանրությունը քննարկում էր այս արտառոց երևույթը, լուր հասավ, որ Արա Վարդանյանը ժամանակին, երբ վարչապետը բանտում է եղել, ՀԱԿ-ի խնդրանքով պարբերաբար օգնություն է ցույց տվել նրան և՛ նյութապես, և՛ բանտում անվտանգությունն ապահովելու առումով:  

Նույն օրը՝ մարտի 5-ին, վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց 6 ամիս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը, ինչը հարուցեց փոխգնդապետի  հարազատների ցասումը, նրանք շաբաթ բողոքի ցույց էին անում հոսպիտալի դիմաց:  

 

Իրադրությունը սահմանում

Մինչ Արցախում թեժ քարոզարշավ է ընթանում (հիշեցնենք՝ մարտի 31-ին այստեղ կայանալու են նախագահական ընտրությունները), սահմանին չեն դադարում կրակոցները հակառակորդի կողմից:

Որբաթ առավոտյան՝ ժամը 5-ն անց 30-ի սահմանում, Հայաստանի հյուսիս-արևելյան գոտու մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկեցին դիվերսիոն ներթափանցման փորձ: Ըստ պաշտպանության նախարարության՝  դիրքապահ անձնակազմի համարժեք գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել՝ թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող: Գործողությունների վերլուծությունը ցույց է տվել, որ դիվերսիոն ներթափանցմանը հակառակորդը դիմել է մանրակրկիտ նախապատրաստությունից հետո:

Մինչ այդ էլ ադրբեջանական սահմանապահ զորքերը Տավուշի հատվածում դիմել էին սադրիչ գործողությունների, ինչի մասին հայտնել էր պաշտպանության գերատեսչության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և նշել, որ արդեն մի քանի օր է՝ նույն ուղղությամբ հակառակորդը կրակում է մեծ տրամաչափի գնդացիրներից։  

Ի դեպ, պաշտպանության նախարարությունից տեղեկություններ չի հայտնի այլևս Արծրուն Հովհաննիսյանը, քանի որ ազատվել է խոսնակի պաշտոնից և ծառայությունը զինված ուժերում շարունակելու է ռազմական կրթության ոլորտում։

 

Վարչապետի քարոզարշավն ու մարտի 8-ի ոչ այնքան տոնական տրամադրությունները

Շաբաթն ավարտվեց Մարտի 8-ով՝ Կանանց միջազգային օրով: Այդ օրը մեզանում ավանդաբար մեծ քանակությամբ ծաղիկներ  ու նվերներ են մատուցվում կանանց, շնորհավորանքի ու ջերմ մաղթանքների խոսքեր շռայլվում:  

Դեռ ուրբաթ հայտնի դարձավ, որ «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, բարերար Կարեն Վարդանյանը, Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ, 500-հազարական դրամի աջակցություն է տրամադրել Արցախի 216 բազմազավակ ընտանիքներին, որոնք 6 և ավելի անչափահաս երեխա ունեն: Բարեգործական ծրագրի ընդհանուր արժեքը 108 մլն դրամ է:

Կանանց շնորհավորելու էր դուրս եկել նաև երկրի վարչապետը, սակայն նրա նվերները նյութական  չէին, այլ՝ ռոմանտիկ: Նա և իր դուստրերը Երևանում և հանրապետության մարզերում (Լոռու մարզ) ձնծաղիկներ ու մանուշակներ էին նվիրում պատահական հանդիպած կանանց ու աղջիկներին: Բայց այս շնորհավորանքներն ակնհայտ նաև քաղաքական բնույթ ունեին, քանի որ հետն էլ նրանց «Հայաստանի հպատ քաղաքացու անձնագիր» գրքույկն էր հանձնվում, ինչը ցույց էր տալիս, որ այս տարվա Մարտի 8-ը նվիրված էր առաջիկա հանրաքվեի քարոզարշավին:

Ընդհանրապես անցնող շաբաթը  ցույց տվեց, որ վարչապետն այլևս հույս չի կապում իր ֆեյսբուքյան լայվերի հետ և մտադիր է իր սիրելի ժողովրդին ոգևորելու համար մեկ առ մեկ դեմ առ դեմ հանդիպել բոլորի հետ: Նա տնից տուն էր մտնում, մետրո իջնում ու սիրով բաժանում իր գրքույկները: Եվ դա էլ խաթարեց տոնական տրամադրությունը: Շաբաթ մետրոյի գնացքում մի աղջիկ պատառոտեց  վարչապետի հանձնած գրքույկը և շպրտեց նրա վրա: Այս միջադեպն էլ դարձավ  ողջ տոնական օրվա քննարկման առարկան, որոնք շնորհավորական ուղերձների փոխարեն դատողություններ էին անում, թե որքանով էր դա վայել հայ աղջկան: Ոմանք էլ տարածեցին մի տեսագրություն, որում Նիկոլ Փաշինյանը նման  բան էր անում 2018-ին Գյումրիից Երևան քայլելիս և պարծենում Սերժ Սարգսյանի երեսին «ճպպացնելու» համար:  

Կհասցնի՞ վարչապետը հանդիպել «իր ընտանիքին», այսինքն՝ ժողովրդին մեկ առ մեկ, դժվար է ասել, բայց մեկի հետ հանդիպումը շատ ուրախ վերջաբան է ունեցել: Կիրակի նա պատահաբար «Հաղթանակ» կամրջի վրա հանդիպել է մի տղամարդու, որը ցանկանում էր ցած նետվել: Մոտեցել է նրան, համոզել է և ինքնասպանությունից հետ պահել: Այնպես որ «Այո»-ի առաջիկա քարոզարշավը խոստանում է բավական հետաքրքիր ու գեղարվեստական լինել:

 

Հասարակություն գլխավոր իրադարձություններ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին