f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Շաբաթը սկսվեց տոնական օրով և ավարտվեց վերահաս պատերազմով:

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրն է, նշվեց 29-րդ տարեդարձը, ի թիվս ավանդական արարողությունների, Երևանի երկնքում տոնական թռիչք էր կատարում Սու-30 ՍՄ կործանիչների օղակը: Նախազգո՞ւմ էր հայ հանրությունը, որ ընդամենը մի քանի օր հետո՝ կիրակի օրով, թշնամու կործանիչներն են սավառնելու Արցախի երկնքում: Այցելելով Եռաբլուր՝ Հայաստանի ղեկավարությունը կանխազգո՞ւմ էր, որ շուտով տասնյակներով ավելանալու են հայրենիքի համար նահատակվածների շիրիմները, և գիտակցում էր արդյոք, որ դրա պատասխանտվությունը կրելու է ապաշնորհ արտաքին քաղաքականություն վարելու հետևանքով:

Քաղաքական տարբեր շրջանակները գիտակցում էին դա, բայց ամենայն հավանականությամբ իշխանությունները՝ ոչ: Մինչ առաջինները անընդմեջ զգուշացնում էին, որ երկրի ղեկավարությունն իր ձախավեր քաղաքականությամբ երկիրը ներքաշել է պատերազմական իրադրության մեջ, այդ ղեկավարությունը զբաղված էր քաղաքական հակառակորդների հերթական կալանավորման գործերով և ԱԺ պատգամավորների վարձատրության բարձրացմանը նախապատրաստող հայտարարություններով:

Այսպես թե այնպես, Հայաստանի հանրությունը երազում էր այն օրվա մասին, երբ այլևս չի հետաքրքրվի կորոնավիրուսի տվյալներով, այս շաբաթ դա տեղի ունեցավ, սակայն, ավաղ, պատերազմի գնով:

Չարագուշակ կիրակի՝ պատերազմ

Անցած կիրակին բացվեց պատերազմի կրակով:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն սկսեց: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, նաև մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղան Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Պատերազմի առաջին օրվա երեկոյան հայկական կողմն ուներ արդեն 16 զոհ և 100-ից ավելի վիրավոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ 

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Կիրակի երեկոյան ճշտված տեղեկություններով՝, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Մարտերը շարունակվել են գիշերը և երկուշաբթի առավոտյան:

Covid-19

Նախորդ շաբաթվա վերջում՝ սեպտեմբերի 20-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 47 431-ի, ապաքինվածներինը՝ 42 608-ի, մահվան դեպքերինը՝ 930-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ սեպտեմբերի 27-ին, վարակվածների թիվը հասավ 49 400-ի, որոնցից 43 613-ն առողջացել են, մահացել է  951 մարդ, ընդհանուր կատարվել է 284 226 թեստավորում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ սեպտեմբերի 21-ին, հայտնաբերվել էր 121 նոր դեպք,  սեպտեմբերի 22-ին՝ 115, սեպտեմբերի 23-ին՝ 210, սեպտեմբերի 24-ին՝ 374,  սեպտեմբերի 25-ին՝ 392, սեպտեմբերի 26-ին՝ 429, սեպտեմբերի 27-ին՝ 328: 

Այսպիսով, մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվն աճել է 1969-ով ՝ 400-ով ավելի, քան նախորդ շաբաթ: Նոր հիվանդների թիվը շարունակում է շեշտակի աճել, շաբաթվա ընթացքում եղավ օր, երբ նրանց թիվն անցավ 400-ից, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հատեց արդեն 49 հազարի սահմանագիծը:

Եթե հաշվի ենք առնում կորոնավիրուսով վարակվածների այն 295 մահվան դեպքերը, որոնց մահվան պատճառը համարվում է այլ հիվանդությունը, ապա փաստացի համավարակի ողջ ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 1246 մարդ: Անցած շաբաթ հայտնի դարձավ նաև, որ հունիսի վերջին և օգոստոսի սկզբին covid-19-ից մահացել է 2 զինծառայող, մեկը՝ իգական սեռի:

Այսուհանդերձ սեպտեմբերի 21-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ առողջապահական համակարգն արել է առավելագույնը, առողջապահության մասով պայքարը կորոնավիրուսի դեմ անվերապահորեն հաջողված է: Հետաքրքիր է՝ արդյոք նույնքան գոհ ու հպա՞րտ է Վրաստանի առողջապահության նախարարը, որտեղ ընդամենը 25 մարդ է մահացել կորոնավիրուսից:

Ուրբաթ օրը հանրային ակտիվիստները անվստահության ցույց արեցին  առողջապահության նախարարի դեմ, նրանք աղբարկղի մեջ դրած նրա մեծադիր նկարը մեքենայով պտտեցին Երևանի փողոցներով:  Քաղաքացիներից շատերը ծափերով էին դիմավորում այդ մեքենան:

Իսկ «Այլընտրանք» հասարակական կազմակերպությունը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ շարունակաբար կազմակերպում է կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն:

Այս համատեքստում ուշագրավ էր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ կապված դիպվածը: Սեպտեմբերի 23-ին այդ հիվանդանոցի անձնակազմը բաց նամակով դիմեց երկրի նախագահին ու վարչապետին՝ տարակուսանք հայտնելով, որ Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ  պարգևատրումները շրջանցել են իրենց հիվանդանոցը, մինչդեռ անցած ամիսներին իրենց կենտրոնի ողջ անձնակազմը եղել է վիրուսի դեմ պայքարի առաջնագծում, կրել առաջամարտիկի դերը և այդ առաքելությունը շարունակելու է պատվով։ Հիշեցնենք, որ վարչապետը նախագահին առաջարկում է պարգևատրել այն բուժաշխատողներին, որոնց ցուցակը ներկայացնում է առողջապահության նախարարը։

Արձագանքելով բաց նամակին՝ վարչապետի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ հարյուրից ավելի բուժաշխատողներ մոտ օրերս կպարգևատրվեն վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով, որոնց թվում են նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատողները:

Կառավարության հերթական նիստում հայտարարվեց, որ հավանություն է տրվել «Հայաստանի և Եվրահանձնաժողովի միջև «Covid-19-ի դիմակայման պայմանագիրը» ստորագրելու առաջարկին: Խոսքը 30 մլն եվրո արժողության աջակցության մասին է, որից 24 մլն եվրոն տրամադրվելու է միանվագ՝ առանց նախապայմանի, 6 մլն-ը կտրամադրվի սահմանված նպատակների ապահովման դեպքում:

Շաբաթվա ընթացքում, երբ արշալույսները դեռ խաղաղ էին

Վարչապետ Փաշինյանը հրապարակեց մինչև 2050 թվականի իր «ռազմավարությունը», ըստ որի՝ «մինչև 2050 թվականը  20-ապատկվելու է Հայաստանի ՀՆԱ-ն, 7-նապատկվելու՝ միջին աշխատավարձը, ունենալու ենք աշխարհի ամենամարտունակ բանակը,  սովորելը դարձնենք ազգային ապրելակերպ, նվաճենք 25 օլիմպիական ոսկե մեդալ, Ֆուտբոլի հավաքականը դարձնենք աշխարհի կամ Եվրոպայի մեդալակիր, նվաճենք շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»:

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրեց Հայաստանին պատերազմ հրահրելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսեց ինքնորոշման իրավունքի մասին՝ առանց տալու Արցախի անունը։

Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններն առաջին անգամ կոշտ հայտարարություններ արեցին Հայաստանի հասցեին՝ ադրբեջանցի զինվորի մահվան առիթով, թեպետ հայկական կողմը պնդել է, որ դրա հետ ոչ մի առնչություն չունի: Այդ հայտարարություններում հնչած մեղադրանքներն ու սպառնալիքները Հայաստանի հասցեին դուրս էին դիվանագիտական էթեիկայի ու կոռեկտության սահմաններից։ 

Հանրության բուռն քննարկման առարկա դարձավ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցում հրապարակված տեղեկությունը, ըստ որի՝ Ալիևը և Փաշինյանը այս ընթացքում գաղտնի բանակցություններ են վարել իրենց գաղտնի բանագնացների միջոցով, ընդ որում՝ հայկական կողմից որպես բանագնաց նշվում է Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։ Խառատյանն այս տեղեկությունը հերքեց, մինչդեռ Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն ընդունեց գաղտնի բանակցությունների փաստը։ 

Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ երեք օր տևած ընտրությունը տապալվեց։ Ինքնաառաջադրված միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը բավարար թվով՝ առնվազն 6 ձայն չստացավ։

Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը՝ կալանավորում:

Ուշագրավ դեպք տեղի ունեցավ ուրբաթ Գեղարքունիքի մարզում: Ծովագյուղցիները ծեծեցին Գավառի, Մարտունու և Սևանի ոստիկանապետներին։ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցները գյուղ են եկել գողացվող գազի մասին տեղեկությունը ստուգելու, 40-ից ավելի գյուղացիներ քարերով հարձակվել են նրանց վրա, փայտերով ծեծի ենթարկել, կոտրել նրանց ավտոմեքենան, ապա հարձակվել նաև դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա։ Ոստիկանապետները մոտ մեկ տասնյակ ոստիկանների հետ տեղափոխվել են հիվանդանոց, Գավառի ոստիկանապետի աչքը վիրահատել են, 14 կար դրել, Ծովագյուղի գյուղապետը, որը ըստ քննչական կոմիտեի, մասնակցել է և կազմակերպել հարձակումը, ձերբակալվել է:

Ծեծկռտուք է տեղի ունեցել նաև Գնդեվազ գյուղում Ամուլսարի հանքավայրի շահագործման հակառակորդների և կողմնակիցների միջև:

Կառավարության շենքի առջև Ռուսաստան մեկնել ցանկացողներից շուրջ 20 հոգի հացադուլ էր անում: Ուրբաթ՝ չորրորդ օրը, դադարեցրին հացադուլը: Նրանք վարչապետի օգնականին են հանձնել 400 քաղաքացու ցուցակ։ Օգնականը հորդորել է դադարեցնել հացադուլը, մինչև հարցին լուծում տրվի, ինչին քաղաքացիները համաձայնել են:

Եթե տեղաշարժի բարդությունը վարչապետը շարունակում է պայմանավորել Հայաստանում համավարակի բարձր ցուցանիշներով (Ռուսաստանը բացել է հաղորդակցությունը ԵԱՏՄ երկրների հետ, բացառությամբ Հայաստանի), ապա  նրա նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ահազանգեց, որ Հայաստանի ավիացիայի ղեկավարության բացարձակ անգործության պատճառով ռուսական «Աերոֆլոտն» առաջարկում է գիշատիչ գներ: Մեկ ուղղությամբ տոմսի գինը  357 հազար դրամ է: Նա նշել է այն մեխանիզմները, որոնցով պետք է պաշտպանել երկրի տնտեսական շահը և ուղևորների ազատ տեղաշարժի իրավունքը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում  ներկայացրեց և ապա պարզաբանեց պատճառները։ «Ինձ համար հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018 թ-ից»,- մասնավորապես գրել է նա և շեշտել, որ չի կարելի հրաժարվել այն ամենից ինչը եղել է նախկինում, այդ թվում նաև վերջին 29 տարիների ձեռքբերումներից: Հիշեցնենք, որ հենց Թամրազյանի հետ հակասությունների պատճառով մանդատը վայր դրեց Արսեն Ջուլֆալակյանը, հրաժարականի դիմում գրեց ԲՈԿ–ի նախագահ Սմբատ Գոգյանը, որը անցած շաբաթ վերջապես՝ եռամսյա ձգձգումից հետո, վարչապետը ստորագրեց։

Վարչապետը պաշտոնից ազատեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին: Ըստ ենթադրությունների՝ պատճառը «Արտ Լանչ» ընկերության շուրջ սկանդալային պատմությունն է: Այդ ընկերության՝ հիվանդանոցին մատակարարած սննդի ընդունումից հետո աղեստամոքսային խանգարում էր ստացել 54 անձ, այդ թվում՝ 2 հղի:  Ենթադրվում է, որ Ավետիսյանի աշխատանքից հեռանալու մյուս պատճառն էլ օղու թունավորման դեպքերն են, որից 21 մարդ մահացավ:

Ուրբաթ պատգամավորական մանդատը վայր դնելու հերթական հայտարարությունն արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության այսպես կոչված սորոսական թևի պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

 

 

Հասարակություն Հայաստան անցնող շաբաթ

Այլ հոդվածներ հեղինակից

Ռուսաստանում  մեկ օրում  կորոնավիրուսի ռեկորդային  թվով  դեպքեր  են գրանցվել
Թուրքիան կարող է հրդեհել ողջ Կովկասը. The National հեղինակավոր պարբերականը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը
Բայդենն՝  ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքի մասին
Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1 և վիրավորվել 2 քաղաքացիական անձ
Աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ և պարգևատրում՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով. ԱՀ կառավարությունը ընդունել է Ռազմական դրության ժամանակ վարձատրության որոշում
Թշնամու ԱԹՍ-երի հարվածներից վնասվել են Հայաստանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք, և Սյունիքի՝ Արծվանիկ, Դավիթ Բեկ խաղաղ բնակավայրերը
Գագիկ Ծառուկյանի կոչով և գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ. Վահե Էնֆիաջյան
Լոռիում կազմավորված ջոկատները վարժանքներին մասնակցում են ամենայն պատասխանատվությամբ. Անդրեյ Ղուկասյան
Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ աջակցությունը հայ ժողովրդին. Արմեն Սարգսյան
Շտապօգնության 4 մեքենաներով բարձված բեռնատարը հատել է ռուս-վրացական անցակետն ու շարժվում է դեպի Հայաստան
Ես ողջ եմ. ինձ ավելի շատ հուզում է, թե ինչ գույնի կոստյում եմ հագնելու Իլյուշի ու Միշիկոի թաղումների ժամանակ. Չախալյան
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 43 միլիոնը
Արդեն ակնհայտ է դառնում, որ պայմանական երրորդ աշխարհամարտը Մերձավոր Արևելքում է լինելու. քաղաքագետ
«Տիգրան Մեծ» ակումբի ղեկավար և մարզիչ Վան Ահարոնյանը ռազմաճակատում է
Իր զինվորների հետ ծուղակն էր ընկել, ճեղքել էր շրջափակումը, փրկել տղաներին. կապիտան Սահակյանի հայրը՝ որդու սխրանքի մասին
Ռուսաստանը դեմ է Ղարաբաղում հակամարտության ռազմական լուծմանը․ Լավրով
Լիարժեք հրադադար հաստատելու և պատերազմը վերջնականապես ավարտելու համար կա մեկ իրական ճանապարհ՝ ճանաչել Արցախի անկախությունը. Սենոր Հասրաթյան
Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը. ՊԲ
Պեսկովը հայտնել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության մասին
Ադրբեջանը «Սմերչ»-ից հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ
Հարգում եմ հայ ժողովրդին և աղոթում հարցի խաղաղ կարգավորման համար. Մել Գիբսոն
Հոկտեմբերի 23-ից 26-ը բացահայտվել է հանցագործության 63 դեպք
Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է 87-ամյա բնակչի դի
Ծաղկաձոր քաղաքում գազամատակարարման պլանային ընդհատում կլինի
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, hակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ
Ավելին
Ավելին