f

Անկախ

Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբեւէ. Փաշինյանի ուղերձը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Արցախի հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Սփյուռքի հպարտ հայություն,

Քույրեր եւ եղբայրներ,

Այսօր վաղ առավոտից Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային:

Ռմբակոծության են ենթարկվում Արցախի խաղաղ բնակչությունը, մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս պահի դրությամբ կան արդեն զոհեր եւ վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:

Օգտագործելով ծանր սպառազինություն, հրետանի, հետեւակ՝ հակառակորդը գրոհի է ենթարկում պաշտպանության բանակի դիրքերը՝ բոլոր ուղղություններով: Պաշտպանության բանակը այս պահի դրությամբ համառ մարտեր է մղում եւ պատվով է կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը՝ ձեռնարկելով իրավիճակից բխող գործողություններ:

Սիրելի ժողովուրդ,

Իլհամ Ալիեւի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների: Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է: Դա պատերազմ է մեր անկախության, ազատության եւ արժանապատվության դեմ:

Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին: Քանզի միշտ սթափ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը եւ ատելությունը, որով տասնամյակներ ի վեր ադրբեջանական բռնապետությունը սնում է իր ժողովրդին, չէր կարող որեւէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմը:

Ադրբեջանի բռնապետությունն իր իսկ վարած հակահայկական քաղաքականության պատանդն է դարձել եւ այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչական խոստումները՝ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին:

Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն: Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության եւ անկախության երաշխավորն է: Եւ Հայաստանի Հանրապետությունը իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին:

Մենք գործադրելու ենք հնարավոր եւ անհնարին ամեն ջանք մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար: Որպես 1994թ. հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու եւ հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով։

Այս պահի դրությամբ հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ: Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբեւէ: Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը:

Մենք միասնական ենք ինչպես միշտ: Մենք միասնական ենք, ինչպես եղել ենք մեր պատմության վճռորոշ բոլոր պահերին, երբ ոսոխը սպառնացել է մեր գոյությանը, մեր ինքնությանն ու արժեքներին:

Ադրբեջանի բռնապետ իշխանությունները պետք է հասկանան, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին: Մենք մեր հազարամյա պատմության ընթացքում ունեցել ենք բազմաթիվ վճռորոշ պահեր եւ հաղթահարել բազում դժվարություններ: Մեր գործն արդար է եւ այս հանցավոր ոտնձգությունը եւս արժանի հակահարված կստանա:

Մենք լավ գիտակցում ենք, որ ադրբեջանական բռնապետությունը ռազմական գործողություններ կարող է սկսել նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ ու դիմել տարբեր սադրանքների՝ տարածաշրջանում իրավիճակն ամբողջովին ապակայունացնելու համար: Այս է պատճառը, որ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների եւ միջազգային ողջ հանրության ուշադրությունը հրավիրում եմ իրավիճակի լրջության վրա: Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետեւանքներն ունենալ: Այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից եւ ձեռք բերել շատ ավելի լայն մասշտաբներ՝ սպառնալով միջազգային անվտանգությանն ու կայունությանը:

Միջազգային հանրությանը կոչ եմ անում գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում: Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը, որը խիստ վտանգավոր դրսեւորում ունեցավ հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ եւ շարունակվում է այսօր, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Թուրքիայի նման վտանգավոր կեցվածքի պահպանումը ամենակործանարար հետեւանքներով է հղի Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանների համար: Միջազգային հանրությունը պետք է միասնական ջանքերով կանխի դեպքերի վտանգավոր զարգացումը եւ տարածաշրջանը զերծ պահի ապակայունացնելու բոլոր փորձերից:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք կանգնած ենք լուրջ վտանգի առաջ: Իրավիճակը ավելի է բարդանում համավարակի պայմաններում: Ուստի պահի լրջությունը պահանջում է մեր բոլորի զգոնությունը: Մեր հաղթանակը կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական եւ մեր միասնական, հավաքական ջանքից եւ պահվածքից:

Կոչ եմ անում բոլորին ցուցաբերել բարձրագույն աստիճանի կարգապահություն եւ բարձր քաղաքացիական գիտակցություն: Եւ մենք կհաղթենք:

Եւ ուրեմն՝

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե Արցախի Հանրապետությունը,

Կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում, Ազատ եւ Երջանիկ Արցախում:

Փառք Հայոց բանակին:

Հավերժ փառք Հայ զինվորին:

Հայաստան Նիկոլ Փաշինյան Արցախի Հանրապետություն պատերազմ

Այլ հոդվածներ հեղինակից

Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը Արցախ այցի հրավերներ են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին
Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:
Փաշինյանը նամակ է հղել Պուտինին՝ ՀՀ անվտանգության ապահովման համար սահմանելու ՌԴ աջակցության տեսակները
Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախավորել են շուկան, բնակելի տներ. լուսանկարներ
Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց
Հարկավոր և անմիջական գործողությունները, երբ ենթարկվել եք ֆոսֆորային հարձակման։
Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով.ՊԲ
«Ժողովուրդ». Որ դեպքում կորոնավիրուսով հիվանդները բուժում կստանան բժշկական կենտրոններում. Թորոսյանի նոր որոշումը
«Ժողովուրդ». Օդն ամբողջությամբ կփակենք. շուտով կլսեք մեր բանակի հաղթանակի մասին. Ռազմիկ Պետրոսյան
ԲՀԿ-ն «կռվում» է մի քանի ճակատով
Այսօր մենք ունենք նահանջ, բայց ոչ պարտություն.Սենոր Հասրաթյան
Մեծ Տղերքին առաջին հերթին Իրանի սահմանն է հետաքրքրում
Պարզվում է, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը,որը պատերազմն սկսվելուց հետո, ազատվեց պաշտոնից, «գործուղվել» է Արցախ
Կարծես կենդանու տեղ դրած լինեին. 85-ամյա հայ կինը՝ Ադրբեջանում իր նկատմամբ վերաբերմունքի մասին
Ժնևում Բաքվի և Երևանի ներկայացուցիչները պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները
Ժնեւում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը. այն տևել է մոտ 6 ժամ
Բերձորի հիվանդանոցը ռազմական նպատակներով օգտագործելու մասին Ադրբեջանի պնդումները կեղծ են. Արցախի ՄԻՊ
Պերուում 5,7 մագնիտուդ  ուժգնությամբ երկրաշարժ  է տեղի  ունեցել
Շվեդիան կարող է դառնալ COVID-19- ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ ունեցող առաջին երկիրը
Իտալիայում կրկին COVID-19 դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 500-ը
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ քաղաքական պայմանավորվածությունները պարզաբանելու վերաբերյալ
Թշնամին փորձել է Մարտունի-Ճարտար ուղղությամբ ճեղքել բնագիծը, մեր ուժերը չեն ընկրկել, հարավում ունենք դիրքային առավելություն, որի մասին առայժմ չենք նշում․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
ԱՀԿ-ն  մեկ օրում COVID-19-ի  ռեկորդային  կես միլիոն դեպք  է գրանցել
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը
Ավելին
Ավելին