Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Սահմանադրական դատարանի դատավորներին եւ աշխատակազմին ներկայացրել է դատարանի նորանշանակ դատավորներ Էդգար Շաթիրյանին եւ Արթուր Վաղարշյանին, ովքեր ավելի վաղ երդում էին տվել ՀՀ Ազգային ժողովում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջից։
Ողջունելով նորանշանակ դատավորներին եւ ներկայացնելով նրանց ՍԴ դատավորներին եւ աշխատակազմին՝ Ա. Խաչատրյանը մաղթել է նրանց հաջողություններ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր առաքելությունն իրականացնելիս եւ արդյունավետություն համատեղ աշխատանքում՝ ի նպաստ մեր երկրի Սահմանադրության գերակայության եւ սահմանադրական օրինականության:
Սահմանադրական դատարանի նորանշանակ դատավորները հանդես են եկել ողջույնի կարճ խոսքերով: