f

Անկախ

152 փոխված ճակատագրեր․․․


«Անկախը» շարունակում է «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ» հոդվածաշարը։ Այսօրվա մեր զրուցակիցը «Բարի մամա» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Մարինա Ադուլյան է։  Անգամ համավարակով պայմանավորված այս դժվարին ժամանակները նրան ոչ մի կերպ չեն խոչընդոտում նույն ոգով և նվիրումով շարունակել իր պատասխանատու և դժվարին աշխատանքը։

-Տիկին Մարինա, մեր զրույցը սկսենք «Բարիքեմփի» (BariCamp) ծավալած գործունեությունից, անցած ճանապարհից։  

-«Բարիքեմփը» «Բարի մամա» ՀԿ-ի ամառային ճամբարն է, որը գործում է արդեն վեց տարի։ Այն որպես ծրագիր սկզբում իրականացրել ենք մանկատներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Առաջին անգամ ճամբարը կազմակերպել ենք Սևանում, այնուհետև, պայմանավորված որոշակի խնդիրներով, տեղափոխվել ենք Աղվերան։ Ու որքան էլ մեզ համար Աղվերանում ամեն ինչ հրաշալի էր՝ սկսած թեքահարթակներից մինչև սնունդը, այնուամենայնիվ, տարիների ընթացքում որոշեցինք՝ ավելի լավ կլինի ունենալ մեր տարածքը և ամեն ինչ անել մեր ձեռքերով։ Ես մշտապես շնորհակալ եմ լինելու «Սևան» ազգային պարկի նախկին տնօրեն Վահե Գուլանյանին, որ մեզ առաջարկեց սոճիներով հարուստ ու գրեթե չխաթարված մի տարածք,որտեղ էլ մենք  սկսեցինք կառուցել մեր «Բարիքեմփը»։

 Առաջին տարվա վրանային ճամբարից հետո (իհարկե, երեխաների համար ստեղծված էին բոլոր հարմարությունները), երկրորդ տարում ունեինք արդեն շինություն, որտեղ էլ տեղավորեցինք մասնակից բալիկներին։ Այդ անգամ մենք ճամբարը կազմակերպեցինք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատակիցների երեխաների համար՝ ձեռք բերելով նաև հաշմանդամություն չունեցող երեխաների հետ աշխատելու փորձ։ Հետագայում գոյացած հասույթով ու մեր որոշ աջակիցների շնորհիվ կարողացանք շահառու երեխաների համար ևս ճամբար կազմակերպել։

Ցավոք, համավարակի պատճառով մանկատան երեխաներն այս տարի չկարողացան գալ ճամբար և ստիպված եղանք ամեն բան կազմակերպել առանց իրենց։ Մենք շատ սիրում ու կարոտում ենք այդ երեխաներին։ Փոխարենը մի հետաքրքիր քայլ արեցինք։ Նախորդ տարիներին մեր ճամբարներին մասնակցած մանկատան մի տղայի այս անգամ ընդգրկեցինք որպես ջոկատավար, վստահեցինք շատ հարցեր և չսխալվեցինք, որովհետև նա նախ շատ երջանիկ էր, երկրորդ՝ լցված էր պատասխանատվության զգացումով, որ կարողանում է օգտակար լինել և ինքն իրեն զգալ որպես հասարակության լիարժեք անդամ։ «Բարիքեմփի» մեր աշխատակիցներն էլ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներն են։ Այսինքն՝ անում ենք առավելագույնը, որ օգտակար լինենք հասարակությանը։

«Բարիքեմփում» ունենք հանգանակության տուփիկ, որտեղ մարդիկ հանգանակություն են անում կամավոր սկզբուքներով։

Այս տարի մեզ մոտ շատ հաճելի ու երջանիկ մթնոլորտ էր։ Ու չնայած առկա որոշ խնդիրների (հիմնականում  պայմանավորված հոսանքի բացակայությամբ) հավատում ենք, որ կկարողանանք դրանք էլ հաղթահարել։

-«Բարի մամա», «Բարի տնակ», «Բարիքեմփ» և այլն ինչու՞ է մշտապես հենց բարի բառը բնորոշիչ դառնում Ձեր նախաձեռնությունների համար։

-Մեր ընկերները կատակում են, որ սեփականաշնորհել ենք այդ բառը։ Իրականում ինքնըստինքյան է այդպես ստացվել։ «Բարի մաման» բազում բարի նախաձեռնությունների հեղինակ է՝ միաժամանակ շրջապատված շատ բարի մարդկանցով։ Եվ այդ ամենը մի հրաշալի նպատակի համար, որ երեխաները չհայտնվեն մանկատանը։ Հավանաբար հենց դրա համար է, որ «Բարի մամայի» հետ կապված ամեն ինչը պետք է բարի լինի։ Մենք անգամ «Բարի սրճարան» ենք բացելու, որտեղ աշխատելու են հաշմանդամություն ունեցող չափահաս պատանիներ, որ մանկատնից հետո տեղ չունեն գնալու կամ ունեն կենսաբանական ընտանիք, բայց ինքնուրույն ապրելու համար կարիք ունեն որոշակի հմտությունների։ Նրանք 6-12 ամսով տեղափոխվելու են «Բարի տնակ», մինչև կկարողանան ինքնուրույնանալ և արդեն պետության աջակցությամբ տեղափոխվել իրենց իսկ տուն։ Այս ծրագրում մեզ օգնել են շատ լավ մարդիկ և կառույցներ՝ Սերժը Թանկյանն ու նրա կինը՝ Անժելան, Թագուհի Օհանյանը, «Իզմիրլյան» հիմնադրամը և այլն։ Իրարից տարբեր այս մարդիկ ունեն մեկ ընդհանուր նպատակ․ նրանք անտարբեր չեն և այդ խնդիրը փորձում են լուծել մեզ հետ միասին։ Մեզ աջակցում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Հուսով եմ՝ այս պետական և մասնավոր համագործակցությունը կհանգեցնի մեծ արդյունքների։

-Տիկին Մարինա, Ձեր գործունեությունն ուսումնասիրելիս հստակ տեսանելի է դառնում ողջ ծանրաբեռնվածությունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով։ Ինչպե՞ս եք կարողանում հաջողությամբ իրականացնել նման ահռելի ծավալի աշխատանք՝ լինելով նաև երկու երեխաների մայրիկ։

-Այո, ծանրաբեռնվածությունը շատ է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով, հատկապես երբ ունես ընտանիք և տանը չունես տարբեր աշխատողներ, որ քո փոխարեն կանեին բոլոր գործերը։ Իմ երեխաները շատ հաճախ անտեսված են լինում, ու դա նրանք զգում են, և որքան մեծանում են՝ այնքան ավելի շատ։ Այն սերն ու ջերմությունը, որ պիտի տայի իմ երեխաներին, ես տալիս եմ ուրիշ բալիկների, բայց հուսով եմ, երբ նրանք մեծանան, ամեն բան ճիշտ կհասկանան։ Եվ իրականում տարիների ընթացքում երեխաներս էլ կարծես սովորում են իմ կյանքի ռիթմին՝ ակտիվ ներգրավվելով մեր կազմակերպած միջոցառումներին։ Մեծ դուստրս այսօր արդեն մասնակիցն է այս ամենի։ Խնդիրը նրանում է, որ ես այլ կերպ արդեն ապրել չեմ կարող, և ընտանիքիս անդամները դա լիովին գիտակցում են։   

Ընդ որում, այս ամբողջը ես համատեղում եմ իմ հիմնական աշխատանքի հետ․ դասախոսում եմ ԵՊՀ-ում։ Ես չեմ կարող ասել, թե ինչի շնորհիվ եմ հասցնում, հավանաբար, ընտանիքիս և մայրիկիս։ Իհարկե, օրվա վերջում շատ ճնշված եմ լինում, բայց ամեն դեպքում կարողանում եմ հաղթահարել։ Երևի արդեն սովորել եմ այս տեմպին։

Շատ հազվադեպ է պատահում՝ հոգեբանական ընկճվածությունս հասնի այն մակարդակի, որ աչքիս ոչինչ չերևա։ Դա հատկապես լինում է այն ժամանակ, երբ դժբախտ դեպք է պատահած լինում երեխաների հետ կամ չի ստացվում երեխային վերադարձնել ընտանիք։ Նման դեպքերում, որքան էլ ծնողներին համոզում ենք, որ ամեն կերպ կօգնենք նրանց, կլինենք նրանց կողքին, միայն թե չլքեն իրենց բալիկին, մեկ է, չի ստացվում համոզել։ Այս պարագայում դու և այդ երեխան կարծես մնում եք մի կողմում, իսկ մնացած ողջ աշխարհը՝ մյուս կողմում։ Եվ միայն այդ ժամանակ եմ ես անզորության զգացում ունենում։

-Մասնագետների ի՞նչ հիմնական խումբ է աշխատում այն մայրիկների հետ, որ ցանկանում են լքել իրենց բալիկներին։

-Մենք ունենք արագ արձագանքման թիմ՝ հոգեբան, սոցաշխատող, նաև նույն խնդիրը կրող մայրիկներ։ Օրինակ՝ եթե ցանկանում են լքել Դաունի համախտանիշ ունեցող երեխայի, մենք նրան կապում ենք այնպիսի ծնողի հետ, որն արդեն անցել է այդ ամենի միջով։ Օգնության այս տարբերակը սովորաբար միշտ աշխատում է, որովհետև մի բան է, երբ դու ես կողքից պատմում, թե ինչ հեռանկարներ կան իր համար, ինչ կարող է լինել, պետությունն ինչ աջակցություն կտրամադրի, մենք ինչով կկարողանանք օգնել և այլն, այլ բան է, երբ խորհուրդ է տալիս այդ ամենը հաղթահարած և այժմ որպես օրինակ ծառայող ծնողը։   

Այն հազվադեպ դեպքերում, երբ չենք հաջողում, երեխային հանձնում են մանկատուն։ Պետական համակարգի հովանու ներքո անցնելուց հետո մենք այլևս անելիք չունենք, որովհետև հաջորդն արդեն որդեգրման կամ խնամատարության գործընթացն է, որ միմիայն պետության գործն է։

-Ձեր գործունեության ընթացքում մեր հասարակության ի՞նչ հիմնական թերի կողմերի եք բախվել։

-Մեր հասարակության հիմնական թերի կողմերից մեկն այն է, որ մենք չենք ընդունում առողջական խնդիրներ ունեցող երեխաների։ Շատ հաճախ խնդիրն ունեցող և գյուղերում ապրող ընտանիքների հարևան-բարեկամներն են ծանր տանում այդ փաստը և հորդորում հրաժարվել երեխայից։ Այդ դեպքում մենք փորձում ենք այլ ելքեր գտնել, օրինակ՝ մայրիկին բերել «Բարի տնակ» կամ որևէ կերպ այդ ընտանիքին տեղափոխել գյուղից հեռու, որ կարողանան մի քիչ ուժեղանալ և հետ վերադառնալ որոշակիորեն կայունացած։

Մեր հասարակությունը հաշմանդամության վերաբերյալ ունի բավականին քարացած կարծրատիպեր, որոնք շատ դժվար կլինի կոտրել։ Բայց չենք էլ կարող չխոստովանել, որ դրական շարժ նկատվում է։  

Ցավոք, մարդկանց մի ստվար զանգված չի էլ հավատում, որ կարելի է բարի գործ անել ու դրա դիմաց վայելել միմիայն երեխաների անկեղծ ժպիտները, ուրախությունից փայլող աչքերը և դեպի լավը փոխված ճակատագրերի երջանկությունը։ Ինձ համար այդ երևույթն էլ է խնդիր։ Հուսով եմ, որ մի օր նման մտածելակերպը կփոխվի, ու մարդիկ կհասկանան՝ կարելի է բարիք գործել՝ դրա դիմաց ոչինչ չակնկալելով։

-Ի՞նչ հաջողություններ եք գրանցել այս տարիներին, որով նաև արդարացված եք համարում Ձեր առաքելությունը։

-Մեր ամենամեծ հաջողությունը 152 փոխված ճակատագրերն են։ Եթե հաշվի առնենք, որ մանկատներում առ այսօր ապրում են 450 հաշմանդամություն ունեցող երեխաներ, 152-ը բավականին մեծ ցուցանիշ է։ Քանի որ պետությունը ներկայումս աշխատում է երեխայի լավագույն շահը ճանաչել ընտանիքում ապրելը, հուսով եմ՝ մոտակա տարիներին այլևս չի լինի «Բարի մամայի» կարիքը։ Իրականում շատ դժվար է այսքան խնդիրներ տեսնել և շարունակել ապրել այդ ամենի մեջ։ Ուստի շատ ցանկանում եմ, որ ծնողները հասկանան՝ իրենց երեխային լքելը լավագույն ելքը չէ․ միշտ էլ կա այլընտրանք։ Մարդիկ պիտի գիտակցեն, որ մենակ չեն, որ մենք նրանց հետ ենք։ 89-09-նն էլ  մեր թեժ գծի հեռախոսահամարն է։

-Տիկին Մարինա, ի՞նչը պետք է ամենաշատը կարևորենք մեր կյանքում։

-Ուզում եմ, որ բոլորս բարի լինենք և այնքան սիրված, որ կարողանանք ապրել միմյանցով և հասկանալ միմյանց ցավը։ Այսօր աշխարհում սիրո մեծ պակաս կա։ Երբ լրացվի այդ բացը, ամեն բան իր տեղը կընկնի։ Իսկ մինչ այդ փորձում ենք օգտակար լինել մեր կարողությունների չափով՝ ստեղծելով հենց «Բարիքեմփը», «Բարի տնակը», «Բարի սրճարանը» և այլն․ այդ ամենում լիքը սեր կա և ջերմություն։

 

                                                                                                                                            Արփի Խաչատրյան

 

«Բարի մամա» ՀԿ Մարինա Ադուլյան Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Թուրքիայում  մեկ  օրում  կորոնավիրուսի 2319  դեպք  է հայտնաբերվել
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է անցորդների խմբի մեջ
ԱՄՆ-ն կրկին ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
Մեզ համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է և դրա համրապնդումը. ԱԳՆ խոսնակը։
Հոկտեմբերի 30-ին Ժնեւում կկայանա Զոհրաբ Մնացականյանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը. ԱԳՆ խոսնակ
Մեծ Բրիտանիայում  մեկ  օրում կորոնավիրուսի  ավելի քան 23 հազար դեպք  է  հայտնաբերվել
Ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները հայ զինծառայողների դիերի, գերիների նկատմամբ նման են իսլամական պետության ահաբեկչական խմբավորման մեթոդներին
Ֆրանսիան ենթարկվել է իսլամիստների հարձակմանը և վտանգի մեջ է. Մակրոն
Asia Times (Հոնկոնգ). Ռուսաստանը գուցե շուտով փորձի Հայաստանում վարչակարգի փոփոխություն իրականացնել
Մարտունու եւ Ասկերանի գյուղերում դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Հարավային հատվածում մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել․ Արծրուն Հովհաննիսյան
Մենք պարտավոր ենք հաղթել այս մարտը, որը կանխորոշելու մեր հաղթանակը
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհված 47 զինծառայողի անուն
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում զգուշություն ցուցաբերել Հայաստանում ճանապարհորդելիս
Երբ համարյա ամեն մի գրառումս ավարտում էի -- այս իշխանությանը պետք է հեռացնել.. -Հիվանդի զառացանք էիք համարում ...
Թշնամին Շուշիից գտնվում է առավելագույնը 5 կմ հեռավորության վրա. պետք է միավորվել ու պատժել թշնամուն. Արցախի նախագահ
Լուկաշենկոն հանձնարարել է  չճանաչել արտերկրում ստացած դիպլոմները
Ռուսաստանում մեկ  օրում  կորոնավիրուսի 17 717 դեպք է հայտնաբերվել
ՊԵԿ-ը 100 միլիոն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչեւ նոյեմբերի 3-ը տեղեկություն տրամադրել 5 հայ ռազմագերիների վերաբերյալ. իրավապաշտպան
Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում. Արցախի ԱԻՊԾ
Զախարովա. Մենք մտահոգված ենք, որ ղարաբաղյան հակամարտության երկու կողմերից էլ խաղաղ բնակիչներ են զոհվում
Արցախից Հայաստան ապօրինի զենք- զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի. նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հեշտ լուծում չունի. Վլադիմիր Պուտին
Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է
Ավելին
Ավելին