f

Անկախ

«Արփիիկի» լուսավոր շողերը․․․


«Անկախը» շարունակում է «Կորոնավիրուս. դժվարություններ և հնարավորություններ» հոդվածաշարը։ Այսօրվա մեր զրուցակիցը  պատմաբան, մանկավարժ, «Արփիիկ» ՖԲ էջի հիմնադիր Արփինե Ղազարյանն է։  

-Արփինե, մեր զրույցը սկսենք հենց «Արփիիկ» ՖԲ էջի ստեղծման պատմությունից։

-Ես երկար տարիներ, որպես պատմության ուսուցչուհի, աշխատել եմ տարբեր դպրոցներում։ Վերջին շրջանում չեմ աշխատում, բայց դա չի խանգարում, որ զբաղված լինեմ։ Այս ընթացքում ստեղծել եմ «Արփիիկ» ՖԲ էջը, որի միջոցով նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներին փորձում եմ ծանոթացնել հայոց պատմությանը։ Եվ դա անում եմ հատուկ նրանց համար մշակված հեքիաթանման պատմությունների միջոցով։ Ես ուզում եմ, որ երեխաները ծանոթանան մեր հերոսական պատմությանն ու սիրեն այն։                              

Մարտ ամսին արդեն իմ անձնական ՖԲ էջում ես վարում էի «Պատմությունը փոքրերի համար» շարքը, որի շրջանակներում ներկայացրի երկու պատմություն, և տեսնելով ընկերներիս բուռն արձագանքը (մեծ սիրով կարդացին, տարածեցին, կիսվեցին կարծիքներով)՝ որոշեցի առանձին էջ բացել։ Էջը խորհրդանշական կերպով բացվեց մայիսի իննին մեր հաղթանակների օրվան նվիրված պատմությամբ։ Այսօր արդեն մեր դիզայների հետ միասին աշխատում ենք ամեն ինչ անել, որ և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար «Արփիիկը» լինի թե՛ հետաքրքիր, թե՛ գեղեցիկ, թե՛ հաղորդի դրական էներգիա։ Ի դեպ, մի քանի օր է՝ ունենք նաև նույն անունով խումբ, որը մինչ այդ էլ կար, պարզապես այլ անվանմամբ։ Այն վարում էինք ընկերուհուս հետ և հենց նրա առաջարկով էլ խումբը վերանվանեցինք «Արփիիկ»՝ ավելի շատ մարդկանց ներգրավելու համար։

Ընդհանրապես ընկերներս շատ են օգնում իրենց գաղափարներով։ Նույն պատմությունների շարքի գաղափարն աշակերտուհիս է տվել։ Նա ցանկանում էր, որ ամեն ինչ ներկայացնեմ ճիշտ այնպես, ինչպես իրենց եմ ներկայացրել դպրոցում։ Բայց ինձնից պահանջվեց մեկ տարի՝ համարձակություն հավաքելու և սկսելու համար։ Կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակներն էլ կարծես նպաստեցին, որ վերջնական որոշում կայացնեմ։

-Ինչու՞ էջը կոչեցիք հենց «Արփիիկ»։

«Արփիիկ» ՖԲ էջ-«Արփիիկը» ի սկզբանե բոլորը կապում էին իմ անվան հետ, բայց դա այդպես չէ։ Քանի որ երեխաներն ինձ համար հույսի, էներգիայի մեծագույն աղբյուր են, հենց դրա համար ուզում էի՝ նրանց համար նախատեսված այս էջի անվանումը կապ ունենար արև բառի հետ։ Արևիկ բառի շուրջ էի մտածում, սակայն տարբերվելու համար ընտրեցինք արփիիկը։ Էջի մեծահասակ հետևորդներին դիմում եմ՝ արփիիկցիներ, իսկ փոքրահասակներին՝ արփիիկներ։

 -Մի փոքր ավելի մանրամասն անդրադառնանք Ձեր հետևորդներին։

-Հետևորդների առումով թե՛ էջը, թե՛ խումբը չունեն տարիքային սահմանափակում, որովհետև մեծահասակները պետք է օգնեն իմ պատմությունները հասցնել փոքրերին․ նրանց մի մասն անգամ կարդալ չգիտի։ Նաև երեխաների աչքերը չվնասելու տեսանկյունից ցանկալի է, որ հենց ծնողները կարդան պատմությունները։  

Այժմ բավականին ակտիվացրել եմ տեսանյութերի նկարահանումները, որոնցում ներկայացնում եմ նույն իմ պատմությունները։ Եվ շատ ուրախ եմ, որ այդ տեսանյութերը մեծ հաջողությամբ են ընդունվում, հատկապես որ «Արփիիկին» հետևում են հայեցի արժեհամակարգ ունեցող մարդիկ, որոնց մեջ մեծամասնություն են կազմում մանկավարժները։ Ես միշտ սիրով եմ լսում նրանց մասնագիտական կարծիքները։  Նրանք նաև նպաստեցին, որ իմ պատմությունները տարածվեն աշակերտների շրջանում։  

 -Փաստորեն, այդ հեքիաթանման պատմությունները Դուք և՛ հորինում եք, և՛ տեսանյութերի միջոցով ինքներդ էլ ներկայացնում։ Արդյոք դժվար չէ՞ իրագործել այդ ողջ աշխատանքը։ 

-Ես վերցնում եմ մեր պատմությանն առնչվող որևէ իրադարձություն կամ հերոս և դրանից ստեղծում իմ  հեքիաթանման պատմությունները։ Դրանցում փորձում եմ կապ ստեղծել ներկայի և ապագայի միջև, որ երեխաներին առավել հետաքրքիր լինի։ Օրինակ՝ Մոնթե Մելքոնյանին անվանել եմ Սար մարդ, տվել անվան բացատրությունն ու անգամ համեմատել իրենց ծանոթ մուլտֆիլմի հերոս Սարդ մարդու հետ՝ օգնելով տարբերակել իրական և ոչ իրական հերոսներին։ Ժամանակակից մուլտֆիլմերի հերոսների հետ համեմատելու այս մեթոդը մեծ  հետաքրքրություն և ոգևորություն է առաջացնում երեխաների մոտ։

Իմ պատմությունները ես զերծ եմ պահում դժվար մարսվող բառերից, փոխարենը համեմում եմ հումորով, անմիջականությամբ, որ յուրաքանչյուր երեխայի թվա, թե հենց իր հետ եմ խոսում այդ պահին։ 

Սա որքան էլ հետաքրքիր ու սիրելի աշխատանք է ինձ համար, ամեն դեպքում ունի նաև շատ դժվարություններ։ Դրա համար ես շնորհակալ եմ իմ ընտանիքի անդամներին, որ ամեն կերպ աջակցում են ինձ այս հարցում։

-«Արփիիկում» հայոց պատմության տարբեր դրվագները ներկայացվում են նաև շարքերի միջոցով։

-Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ մեր պատմությունը տալիս է տարբեր շարքերով ներկայանալու հնարավորություն՝ «Պատմությունը փոքրերի համար», «Իսկ դուք տեսե՞լ եք», «Իսկ դուք կերել եք»։ Վերջինի օգնությամբ, օրինակ՝ անդրադառնում եմ մեր ազգային խոհանոցին։ Այս պահին արդեն նոր շարք եմ մտածել, որի վրա աշխատում եմ, ուսումնասիրում նյութերը։ Այն կունենա «Իսկ դուք խաղացե՞լ եք» խորագիրը։ Դրա միջոցով երեխաներին, ինչու՞ չէ, նաև մեծահասակներին ծանոթացնելու եմ ազգային խաղերին, մեր նախնիների և, ինչու՞ չէ, հենց մեր սերնդի խաղացած խաղերին։ Այժմ երեխաները բավականին կտրված են այդ ամենից, և հոգուս խորքում հույս ունեմ՝ կկարողանամ այնպես անել, որ գոնե մի քանի երեխա նորից սկսեն քարկտիկ, յոթ քար, գործնագործ և այլ նմանատիպ խաղեր խաղալ։

Ընդհանուր առմամբ այս շարքերի միջոցով անդրադառնում եմ մեր պատմության տարբեր ճյուղերի, որ ունենանք բազմակողմանի զարգացած երեխաներ։

-Ի՞նչ բաց եք նկատում մեր ծնողների ու երեխաների վարքագծում, որ հենց փորձում եք լրացնել «Արփիիկի» օգնությամբ։

-Մեր բալիկներին այսօր շատ պակասում է մարդկային շփումը։ Երբ ես նայում եմ բակում խաղացող երեխաներին, նկատում եմ, որ նրանք հիմնականում զբաղված են բջջային հեռախոսներով։ Այդ ժամանակ սկսում եմ վախենալ իմ երկու երեխաների համար, որ մեծանալուն զուգընթաց ևս կանցնեն այդ ամենի միջով։ Դրա համար անում եմ հնարավոր ամեն բան, որ նրանց կտրեմ այդ իրականությունից։ Նույնը նաև «Արփիիկի» միջոցով եմ փորձում անել։ Ուզում եմ, որ բոլոր երեխաներն ավելի շատ առնչվեն այն ամենին, ինչը կօգնի նրանց լինել առողջ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Ցանկությունս է, որ երեխաներն ապրեն նորմալ մարդկային կյանքով։ Եվ այսօր շատ մայրիկներ ինձ հետ միասին փորձում են տանել այդ աշխատանքները՝ վիրտուալ աշխարհի հետ շփումը հասցնելով նվազագույնի կամ օգտագործելով այդ աշխարհի դրական կողմերը։

Հետաքրքիր է, որ ինձ առաջարկում են տեսանյութերս ներկայացնել անիմացիաներով,  նկարներով, բայց ես անկեղծորեն ուզում եմ, որ երեխաները հենց ինձ լսեն, ոչ թե ուշադրությունը կենտրոնացնեն նկարների կամ անիմացիաների վրա։

Ցավալի է, որ մեր ծնողներն էլ ունեն առօրյա աշխարհից, ռեալ շփումից կտրված լինելու խնդիրը։ Նաև նրանք ապրում են ներկա օրով՝ մխրճված կենցաղային հոգսերի մեջ։ Ու  ստացվում է, որ իրենց հանգստությունը փորձում են գտնել հեռախոսների մեջ․ արդյունքում շատ անգամ անտեսվում են երեխաները։ Միևնույն ժամանակ երեխան սովորում է այն, ինչ տեսնում է, և ոչ մեկս ապահովագրված չենք դրանից։ Ցավոք, հենց «Արփիիկի» նյութերը պատրաստելու ընթացքում ես կտրվում եմ երեխաներիցս, բայց հետո փորձում եմ այդ բացը լրացնել նրանց հետ տարբեր խաղեր խաղալով, հետաքրքիր զբաղմունքներ հորինելով, նրանց հետ երեխայանալով։

-Ի՞նչ հիմնական ցանկություններ ունեիք էջի ստեղծման սկզբում։

-Ես երբևէ չեմ ձգտել հայտնիության, իմ նպատակն էր, որ այս նյութերը հասնեին երեխաներին, որ աշակերտներն այս պատմությունները լսեին իրենց ուսուցիչների շուրթերից։ Էջի ստեղծման սկզբում ես անգամ հանձնարարում էի, որ երեխաները նկարեին այն, ինչ պատկերացնում էին պատմությունները լսելուց անմիջապես հետո։ Մեր էջի գլխավոր նկարում հենց իմ արփիիկների ուղարկած նկարներն են պատկերված։

Քանի որ հայոց պատմությունը շատ ծավալուն է ու բարդ, տարիքային առումով որոշակի դժվարություններ կան երեխային տեղեկատվությունն առավել մատչելի հասցնելու համար։ Ուստի հիմնական ցանկությունս էր երեխաներին հասանելի ու հետաքրքիր ձևով ներկայացնել ամեն բան, որ նրանք սիրով լսեին այդ պատմությունները և ամեն մեկից մի կարևոր պատգամ վերցնեին։ Կարծես թե հաջողել եմ։

-Ի՞նչ տվեցին Ձեզ «Արփիիկի» հետ անցկացրած այս ամիսները։

-Քանի որ ամռանը ես հիմնականում տանը եղա, «Արփիիկն» օգնեց, որ մասնագիտական առումով տեղում չդոփեմ. շատ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերեցի «Արփիիկի» նյութերը պատրաստելիս։ Տեղում դոփելը սարսափելի է մանկավարժի և ցանկացած մասնագիտության տեր մարդու համար։

Աշնանը պատրաստվում եմ կրկին աշխատել դպրոցում և զգում եմ՝ որքան ինքնավստահ եմ դարձել։ Դրա համար այն ամենն, ինչ արեցի «Արփիիկում» ամռան ընթացքում, շատ թանկ է ինձ համար։ Փորձելու եմ ամեն կերպ պահպանել էջի ակտիվությունը։ Դեռ բազում հետաքրքիր և ուսուցողական պատմություններ կան, որոնց մասին խոսելու եմ մեր փոքրիկների հետ։

Ուզում եմ շեշտել՝ «Արփիիկն» ինձ նաև շատ ծանոթներ և ընկերներ տվեց՝ օգնելով բացահայտել բազում հետաքրքիր մարդկանց։

-Արփինե, ի՞նչ մաղթանքով կավարտեք մեր զրույցը։

-Բոլորին մաղթում եմ առողջություն ու համբերություն, որ կարողանանք հաղթանակած դուրս գալ կորոնավիրուսի հետ կապված այս ամբողջ պատմությունից։ Նաև արևշատություն եմ մաղթում, բազում դրական լիցքեր ու չխամրող ժպիտներ՝ անկախ բոլոր դժվարություններից։

                                                                                                                                                                                                                                           Արփի Խաչատրյան

 

Արփինե Ղազարյան հարցազրույց

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին