Միավորված ազգերի կազմակերպությունը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վրա։ Այս մասին Բաքվում կայացած ֆորումի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը։
Նրա խոսքով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բարձր է գնահատում ամենաբարձր մակարդակով երկխոսության վերսկսումը, մասնավորապես Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին հաջորդել են երկու երկրների արտգործնախարարների շփումները։ .
«Մենք հավատում և ակնկալում ենք, որ հավելյալ քայլեր կձեռնարկվեն խաղաղության, անվտանգության և առաջընթացի հասնելու և վերականգնելու համար», - ասաց նա։
Ֆրենսիսը հավելել է, որ պայմանագիրը պետք է ստորագրվի միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների շրջանակներում։