Հանրակրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների արդյունքում բացառված չէ, որ, օրինակ՝ 5-րդ դասարանում սովորող երեխան չկարողանա կարդալ հայերենով տեքստը կամ գրել իր անունը: Հիշեցնենք՝ ուժի մեջ մտած հանրակրթության նոր չափորոշչի համաձայն ուսման առաջին 4.5 տարիների ընթացքում աշակերտներին թվանշային գնահատական չի նշանակվում, բացի այդ վերացել է անբավարար գնահատական հասկացությունը, երեխան, որը չի յուրացրել տվյալ տարվա կրթական ծրագիրը, չի կարող մնալ նույն դասարանում: Այս ուսումնական տարում Տավուշի մարզի 4-րդ դասարանցիները, հաջորդ ուսումնական տարվանից բոլոր 4-րդ դասարանցիները տարրականից հիմնական դպրոց կփոխադրվեն առանց գիտելիքների ստուգման: Իսկ աշակերտների առաջադիմության ընդհանուր պատկերից տեղյակ լինելու համար ԿԳՄՍՆ-ն արտաքին գնահատում կիրականացնի միասնական թեստի միջոցով, որը կներառի հարցեր «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից: Դպրոցներ կուղարկվեն ընդհանրացված թվեր, որը ուսումնական հաստատությունը պետք է ծառայեցնի կրթական գործընթացների հետագա բարելավմանը:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն «Անկախի» հետ զրույցում, խոսելով բարեփոխումների դրական ու բացասական կողմերի մասին, ասում է. «Ցանկացած ռեֆորմ բացարձակ առումով կարող է ճիշտ լինել, իսկ տվյալ իրավիճակի համար՝ սխալ: Կարևոր է, թե այդ ռեֆորմը որ երկրում է արվում և ինչ իրավիճակում: Նույն ռեֆորմը մի երկրի համար կարող է ճիշտ լինել, մեկ այլ երկրի համար սխալ: Ես կարծում եմ, որ մենք դեռ պատրաստ չենք»:
Կրթության փորձագետն ընդգծում է՝ տարիներ շարունակ առաջին դասարանում թվանշային գնահատումը հանված է, սակայն դասվարները շարունակում են երեխաներին գնահատել թվանշաններով կամ դրանց փոխարինող նշաններով: «Օրինակ՝ մեծ կամ փոքր սմայլիկն էլ է գնահատական: Այսքան տարի առաջին դասարանում գնահատական չնշանակելու հարցը չկարողացանք լուծել: Իսկ նախարարությունը բերել չորս ու կես տարվա համար է ներդրել առանց թվանշանի, բնութագրական գնահատումը: Ինչպե՞ս ենք սա վերահսկելու, ինձ սա է մտահոգում»,- ասում է Խաչատրյանը:
Նրա համոզմամբ՝ իդեալական պարագայում կրտսեր դպրոցում իսկապես թվանշային գնահատում պետք չէ, քանի որ ուսուցչի և դպրոցի խնդիրը պետք է լինի երեխաների մեջ սովորելու հանդեպ սեր սերմանելը: «Բայց եթե քո համակարգը լավ չի աշխատում, այդ թվանշանը որոշակի դեր է խաղում, որ աշակերտները սովորեն, ուրեմն պետք է մտածել նման փոփոխությունից առաջ,- ասում է Խաչատրյանը:- Նախարարությունը քարոզում է հումանիստական մանկավարժություն, իսկ դասվարները շարունակում են գնահատական նշանակել: Պետք է հասկանալ դասվարներն. ինչո՞ւ են շարունակում թվանշան դնել, միգուցե դա մոտիվացնում է երեխաներին, սա պետք է հասկանանք: Ինձ համար կարևոր չէ, թե ինչ է գրված չափորոշչում կամ օրենքում, ինձ համար կարևոր է, թե ինչ է տեղի ունենում դասարանում: Մենք կարող ենք օրենքում շատ հումանիստական բաներ գրել. թվանշան չկա, նույն դասարանում մնալ չկա, անբավարար չկա, ոսկե մեդալ չկա, սրանք գեղեցիկ մտքեր են: Բայց ինձ հետաքրքիր է, թե այս ամենը դասարանում ինչի է բերում»:
Կրթության փորձագետի համոզմամբ՝ արտաքին մոտիվատորները հանրակրթության ոլորտում պարտադիր են ու կարևոր. «Հանրակրթությունը պարտադիր բան է, դա արտադպրոցական զբաղմունք չէ, որը երեխան իր նախասիրությամբ է ընտրում և հետևաբար թվանշան պետք չէ: Իսկ դպրոցը պարտադիր բնույթ ունի, հետևաբար արտաքին մոտիվատորների կարիք կարող է լինել, մանավանդ եթե քո կրթության որակը բավարար չէ: Լա՞վ կամ վա՞տ ռեֆորմ է, չեմ կարող ասել: Գլխավոր հարցը, որին պետք է պատասխանի նախարարությունը, հետևյալն է՝ Հայաստանի կրթության այս վիճակում դա ճի՞շտ որոշում է, թե՞ ոչ: Եթե դու հանում ես թվանշանը, բայց դասվարները շարունակում են սիմվոլներով թվանշաններ դնել, դա արդեն ազդակ է, որ թվանշանը մնա, քանի որ ստացվում է՝ մենք խաբում ենք պետությանը»:
Սերոբ Խաչատրյանը նաև մեկ այլ խնդիր է մատնանշում: «Նախարարությունը հիմա փորձում է դպրոցական ավարտական թեստերը համապատասխանեցնել TIMSS և PISA միջազգային ստուգատեսների պահանջներին: Բայց կարծում եմ՝ նախարարությունն այս հարցում մի փոքր ուշացել է, քանի որ այս առաջադրանքը պետք է լիներ ավելի շուտ, երբ գրվում էին չափորոշիչները: Իսկ հիմա չափորոշիչները գրվել են, դրանց հիման վրա կազմված դասագրքերի մեծ մասը սեպտեմբերին պատրաստ կլինի, և նոր միայն հայտարարում ենք, որ ավարտական թեստերը պետք է լինեն TIMSS և PISA թեստերի մեթոդաբանությամբ: Սա շուտ պետք է ասվեր, որ չափորոշիչ և դասագիրք գրողները դա հաշվի առնեին»,- ասում է Խաչատրյանը՝ մտավախություն հայտնելով, որ դասագրքերի և ավարտական թեստերի անհամապատասխանությունը կարող է լրացուցիչ, արտադպրոցական պարապմունքների խթան դառնալ:
«Կասկածում եմ, որ նոր դասագրքերի հեղինակները նայել են այդ թեստերը և այդ ձևով են առաջադրանքները մշակել»,- ասում է նա:
Խաչատրյանը շեշտում է՝ հանրակրթության ոլորտում փոփոխություններըտ շատ են, բայց չկա այդ փոփոխությունները կառավարող և առաջնորդող թիմը: «Այդ թիմ ասվածը 20-30 հոգանոց խումբ է, ընդ որում կարևոր չէ, որ բոլորը նույն հիմնարկում աշխատեն կամ նախարարության ներսում լինեն: Չկա այդ թիմը, որը բարեփոխումների գաղափարական առաջնորդն է, կրողն ու տեղ հասցնողը: Մի պարզ օրինակ՝ նախարարությունը հայտարարում է մրցույթ լավագույն տնօրեն, լավագույն ուսուցիչ, մրցույթի անունը գրում են «Չափորոշչի ներդրմանը աջակցող լավագույն ուսուցիչ/տնօրեն»: Իսկ ուսուցչի խնդիրը չափորոշչի ներդրմանը աջակցելը չէ, ուսուցիչը չափորոշիչը ներդրողն է, իսկ նրան պետք է աջակցի նախարարությունն իր կառույցներով»,- ասում է Խաչատրյանը՝ չբացառելով, որ չհամակարգված, հախուռն ու մեծածավալ փոփոխություններին մեր կրթական համակարգը կարող է չդիմանալ: