f

Անկախ

‹‹Թողեցի˚ն, որ երազանքին հասնի››․ Նաիրա Մանուկյան


Հովհաննես Գալստյանի լուսանկարներն եմ նայում դրանցից մեկում ինքն է՝ մարտական ընկերների հետ թշնամու դիրքում։ Հպարտություն ու խաղաղություն կա լուսանկարում հաղթանակի և խաղաղություն պարտադրելու հավատով են կռվել տղաները։ Վերջին անգամ ընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ Հովհաննեսն ասել է ‹‹Ես չեմ գալու, մինչև վերջ գնալու եմ, հետ գալու ճամփա չունեմ, տղերքի վրեժը պետք է լուծեմ››։

Երևանցի Հովհաննես Գալստյանը 2019 թվականի հունվար 14-ին էր զորակոչվել բանակ և ծառայության անցել Արցախի Ջրականի N զորամասում։ Երկու ամսից պետք է տուն վերադառնար։ Հովհաննեսը պատերազմի ժամանակ հատուկ նշանակության ջոկատի շարքերն էր անցել և կռվել Ջրականում, Կարմիր Շուկայում, Հադրութում, Վարանդայում՝ հետ մղելով թշնամու դիվերսիոն խմբին և պատճառելով մարդկային կորուստներ։

‹‹Երբ սկսվեց պատերազմը, մենք ոչ մի բանի մասին տեղյակ չէինք։ Մեր բարեկամները մեզ հարցրին՝ Հովհաննեսը զանգել է, մենք էլ ասացինք, որ երեկ է զանգել։ Ու լսեցի, որ ամուսնուս ասացին՝ Արցախում լայնամասշտաբ պատերազմ է։ Մտա ֆեյսբուք և արդեն ես ինձ լրիվ կորցրի։ Ժամը 11։00-ին Հովհաննեսը զանգեց։ Ինքն ինձ ոչ մի բան չասաց։ Խոսեց շատ հանգիստ։ Հետո ավագ որդուս հետ խոսեց և նրան ամեն ինչ պատմեց։ Տղաս դուրս եկավ տնից և տուն վերադարձավ ուշ››,- ‹‹Անկախի›› հետ զրույցում պատմում է մայրը՝ Նաիրա Մանուկյանը։

Հովհաննեսը եղբորը՝ Շավարշին, պատմել է, որ Ջրականում է, թշնամին առաջինն իրենց է հարվածել, հեռախոսն ու վարորդական իրավունքը մնացել են դիրքերում, խնդրել է չհավատալ, եթե հեռուստատեսությամբ  իր լուսանկարը ցույց տան կամ հեռախոսահամարից զանգեն։

Նույն օրը՝ երեկոյան ժամը 22։00-ին, նորից է զանգել Հովհաննեսը։ Այդ ժամանակ նա արդեն հետախուզական ջոկատում էր։  Մորն այդ լուրը հայտնել է Շավարշը և խնդրել չվախենալ։ Եղբայրը կամավորագրվելու համար երկու անգամ զինկոմիսարիատ է դիմել, բայց նրան մերժել են։ Սեպտեմբերի 29-ին հորեղբոր որդու փոխարեն կամավոր մեկնել է Արցախ։

‹‹Ինձ ասաց՝ մամ, գնում եմ եղբորս հասնեմ, հանկարծ իմ դիմաց չկանգնես և ոչ մի բան չասես։ Ուրախացել եմ։ Ասացի՝ գնա եղբորդ մոտ, հանկարծ մենակ չլինի։ Ինձ հարևաններն ասացին՝ մենք վախենում ենք, որ հանկարծ մեր տղաներին պատերազմ չտանեն,  դու էլ մյուս որդու˚դ էլ ես ուղարկում››,-ասում է տիկին Նաիրան։

Եղբայրը կարծել է՝ Հովհաննեսը Ջրականում է, ինքն էլ այնտեղ է մեկնել։ Բայց Հովհաննեսն այդ ժամանակ Հադրութում էր։ Մորը խնդրել է՝ Հովհաննեսին չասել դրա մասին։ Ընկերներն են  Հովհաննեսին ասել, որ եղբայրը Ջրականում է։

‹‹Զանգեց ու ասաց՝ մամ, եղբայրս ո˚ւր է։ Ներքին զգացողությունը, որ ուրախացավ՝ եղբայրը եկել է։ Հետո զանգել է եղբորն  ու ասել, որ հետ վերադառնա տուն։ Իր տեղանքի մասին ոչինչ չի ասել։ Միայն ասել է, որ ապահով է և առաջնագծում չէ։ Այդպես խաբեց։ Մեծ տղաս եկավ, ասաց՝ դա այն կռիվը չէ, ինչ հեռուստատեսությամբ  ասում են, չհավատաք, մաղում են։ Ուղղակի ներքուստ հանգիստ էր, կարծում էր՝ Հովհաննեսն ապահով վայրում է››,-ասում է մայրը։

Պատերազմի ժամանակ եղբայրներն այդպես էլ չեն հանդիպել։  Հովհաննեսը հաճախ չէր զանգում։ Մայրն էլ անհանգստանում էր։ Մորն ասել է՝ եթե չի զանգում, չանհանգստանան, քանի որ հեռախոսի լիցքավորման կամ կապի բացակայության խնդիրներ են առաջանում։

‹‹Մենք չգիտեինք, որ ինքը շրջափակման մեջ է հայտնվել, քանի որ միշտ հանգիստ ու տրամադրված էր խոսում։ Ասում էի՝ դու ես ինձ ոգևորում։ Խնդրել է՝ հանկարծ հետ չզանգել, հնարավորության դեպքում ինքը կզանգի։ Հոկտեմբերի 9-ին Հովհաննեսի ծննդյան տարեդարձն էր 20 տարեկան դարձավ։ Անընդհատ ուզում էի նկար տեղադրեի իմ էջում, շնորհավորեի։ Հետո ասացին, որ նման բաներ չի թույլատրվում։ Այդ օրն ինքը զանգեց, որ մենք շնորհավորենք։ Ասաց՝ ամբողջ համացանցում իրենց լուսանկարներն են, Հադրութի ճանապարհին Արայիկ Հարությունյանին են հանդիպել, և  նա իրենց շնորհակալություն է հայտնել, խրախուսել։ Ես էլ ասացի՝ Հովո ջան, մեզ ոչինչ պետք չէ, հանկարծ այդ խոսքերից չոգևորվես, մեզ միայն դու ես պետք››,-ասում է մայրը։

Հովհաննեսի վերջին զանգը հոկտեմբերի 27-ին էր։ Այդ օրը բոլորի հետ խոսել է։ Չորս օր  էր անցել, բայց Հովհաննեսից լուր չկար։ Հոկտեմբերի 31-ին ծնողները զանգեցին Հովհաննեսի հեռախոսահամարին։ Ընկերները Հովհաննեսին Փաշ էին ասում։ Ծնողներին ասացին՝ մեր Փաշն այլևս  մեզ հետ չէ։ Հովհաննեսի զոհվելու օրը նշված է հոկտեմբերի 28-ը, սակայն ծնողները հստակ չգիտեն՝ երբ է իրականում դեպքը տեղի ունեցել։ Իրենք հոկտեմբերի 30-ին են հիշում։

‹‹Մեկն ասել էր՝ Հադրութում է զոհվել։ Բայց  Հովհաննեսին վերջին անգամ Վարանդայում են տեսել››,-ասում է մայրը։

‹‹Ընկերներս աչքիս առաջ զոհվում են։ Չես պատկերացնի՝ ինչ եմ զգում, երբ ձեռքիդ մեջ մահանում են, ու դու նրանց վերջին բառերն ես լսում››ընկերոջ հետ վերջին անգամ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Հովհաննեսը։

Հովհաննես Գալստյանին հուղարկավորել են նոյեմբերի 2-ին՝ Եռաբլուրում։ Հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական ծառայություն›› մեդալով։ Իրենց տան բակում ծնողների նախաձեռնությամբ նրա հիշատակը հավերժացնող խաչքար են կանգնեցրել։

‹‹Որդուս փակ են տվել։ Ասել են՝ կրծքի հատվածում է վիրավորում ստացել››,-ասում է մայրը։

Բնավորությամբ հանգիստ, կատակասեր, մարդկային, ընկերասեր երիտասարդ էր Հովհաննեսը։ Ծնողների խոսքով՝ տան ուրախությունն էր։ Երազում էր խոհարար դառնալ։

‹‹Մենք հարևանուհի ունենք, երբ տեսնում էր նրան խանութից տուն գալիս, երրորդ հարկից իջնում էր ու օգնում տատիկին››,-ասում է մայրը։

Հովհաննեսը շատ երազանքներ ուներ, բայց դրանք կիսատ մնացին։

‹‹Թողեցի˚ն, որ երազանքին հասնի։ Չթողեցին, որ երազեն։ Ամուսինս արհեստավոր է։ Հորն ասել է, որ շատ չաշխատի, բանակից հետո ինքը կգա և կօգնի նրան։ Անգամ զանգում էր ընկերներին և ասում, որ գնան հորն օգնեն։ Ասաց՝ պապ ջան, գալու եմ, կանգնեմ թիկունքիդ, չմտածես››,-ասում է մայրը։

Հասմիկ Հակոբյան

 

 

Հովհաննես Գալստյան Նաիրա Մանուկյան 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի Հասմիկ Հակոբյան Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին