f

Անկախ

‹‹Բոլորդ վեր կացեք, գնում ենք կռվենք››․ հերոս Մխիթար Մելքումյան


Հարազատներն ու ընկերները Մխիթարին այդպես էլ չտեսան կապիտանի ուսադիրներով։ Մխիթար Մելքումյանը ծառայում էր Ք Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում՝ որպես դասակի հրամանատար-դաստիարակ, ֆիզիկական պատրաստության գծով դասախոս։

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայակից ընկերներին կոչ է արել իր հետ միասին միանալ հայրենիքի պաշտպանությանը, քանի դեռ Արցախը չեն հանձնել։  Բարկացած ասել է՝ բոլորդ վեր կացեք, գնում ենք կռվենք։ Բայց միայն ինքն է կամավոր մեկնել պատերազմի դաշտ՝ պաշտպանելու Արցախը։ Կռվել է Հադրութում (Թութակներ տեղանքում), Վարանդայում, Շուշիում։ Միացել է հատուկջոկատայինների խմբին՝ Շուշին պաշտպանելու։ Հարազատները լրատվական կայքերի հրապարակած տեսանյութից են իմացել, որ Մխիթարը Շուշիում է։ Անմահացել է նոյեմբերի 8-ին՝ Շուշիում, թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից։

Եռաբլուրում կողք կողքի երկու շիրմաքար կա․ Սուրեն և Մխիթար Մելքումյաններն են։ Եղբայրներից Սուրենը զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ, Մխիթարը՝ 44-օրյա պատերազմում։

6-ամյա Սուրենան հաճախ է հորն այցելում, նրա սիրելի ծաղիկներն է բերում ամեն անգամ։ Այս տարվա սեպտեմբերի 1-ին մորը խնդրել էր վարդեր գնել և միասին Եռաբլուր գնալ՝ հերոս հայրիկի մոտ։ Սուրենան համբուրել է հոր շիրմաքարն ու ասել՝ պա˜պ, տոնդ շնորհավոր։

‹‹Շատ լավ ամուսին ու հայր էր։ Ինձ երբեք ոչինչ չի արգելել։ Երեխաների վրա երբեք  ձայն չէր բարձրացնի, հանգիստ զրուցելով էր նրանց դաստիարակում։ Ծաղիկներ շատ էր սիրում, միշտ ինձ համար ծաղիկներ էր բերում։ Սուրենայի ծնվելուց հետո նրա համար էր ծաղիկներ բերում››,-‹‹Անկախի›› հետ զրույցում պատմում է կինը՝ Գայանե Բալայանը։

Այդ պահին մեր զրույցին Սուրենան է արձագանքում․ ‹‹Ճիշտ է, եղել է, որ հայրիկն ինձ համար մեծ կարմիր վարդ է բերել››։ Փոքրիկ Սուրենայի հիշողություններում հայրն է, երբ գրկում է իրեն, համբուրում, ծաղիկներ նվիրում, չարաճճիություն անելու դեպքում երբեմն խիստ հայացքով նայում իրեն։

Մխիթարի մայրը՝ Կամելա Մելքումյանը, պատմում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայրենի գյուղը՝ Տումին, չի ռմբակոծվել թշնամու կողմից, բայց այդ օրը ռմբակոծության սարսափելի ձայներ են լսել։ Երեխաներն այդ ձայներից խուճապի են մատնվել։ Հետո դուստրն իր երեխաների հետ գյուղ է եկել՝ թշնամու ռմբակոծությունից պաշտպանվելու։ Մխիթարը կնոջն ու երեխաներին նույնպես գյուղ է ուղարկել, ինքն էլ կամավոր մեկնել դիրքեր։

Մխիթարի հայրը՝ Գրիգորի Մելքումյանը, Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է։ Ավագ եղբայրը՝ Սուրեն Մելքումյանը, զոհվել է Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Դստերը՝ Սուրենային, նրա պատվին են այդպես կոչել։ 44-օրյա պատերազմին մասնակցել է նաև Մխիթարի կրտսեր եղբայրը՝ Սուսեր Մելքումյանը։

‹‹Սուսերը եկավ ու կանչեց՝ մա′մ, ես գնացի, բոլորը գնում են, ես էլ եմ գնում։ Ես էլ ասացի՝ առանց ճաշելու, առանց հագուստի ո˚ւր է գնում››,-պատմում է տիկին Կամելան։

Սուսերը կռվել է Վարանդայում, շրջափակման մեջ է հայտնվել, վիրավորում ստացած ընկերոջը միայնակ է հանել մարտադաշտից։ Պատերազմի օրերին Մխիթարի հայրը ընտանիքին Երևան է տեղափոխել։ Այդ օրերին տիկին Կամելան գյուղում մենակ է մնացել։

‹‹Տան ամբողջ հոգսն ինձ վրա էր։ Թե ինչպես եմ ձիով միայնակ կովերին հանդ տարել ռմբակոծության տակ, չեմ կարող նկարագրել։ Մեր տունն ամբողջովին բետոնապատ էր, գյուղի կանայք բոլորը մեր տանն էին հավաքվում››,-ասում է տիկին Կամելան։

Հոկտեմբերի 13-ին Գրիգորի Մելքումյանը եկել և կնոջն ասել է, որ Հադրութն արդեն թշնամու վերահսկողության տակ է անցել, մեր տղաներն էլ այն հետ բերելու նոր օպերացիայի են պատրաստվում։

‹‹Ես էլ ասացի՝ դե որ Հադրութը հետ են վերցնելու, վտանգավոր բան չկա, ես կմնամ, միգուցե տղաներից տուն գան, դուռը փակ չլինի։ Գրիգորին ասաց, որ գյուղում կին չկա, ես էլ պետք է դուրս գամ գյուղից››,-ասում է տիկին Կամելան։

Զանգել են համայնքի ղեկավարին և իմացել, որ գյուղերի բնակիչներին տարհանում են, և իրենք էլ պետք է լքեն գյուղը։ Ամուսինը տիկին Կամելային մի կերպ համոզել է դուրս գալ գյուղից։ Տնից միայն անձնագիրն է վերցրել։ Մյուս կարևոր փաստաթղթերը թողել է այնտեղ։ Սկզբում տիկին Կամելան Ստեփանակերտում է մնացել։ Հետո Սուսերը զանգել է և ասել, որ իրադրությունն օրհասական է, պետք է Երևան տեղափոխվի։ Այդ օրերին Մխիթարը զանգել է հորն ու ասել, որ Սուսերը որոշել է գալ իր մոտ, հորը խնդրել է ոչ մի կերպ թույլ չտալ դա։

‹‹Զանգեցի Մխիթարին, հարցրի՝ որտե˚ղ ես, ասաց՝ տանն եմ։ Չհավատացի, խնդրեցի տեսազանգով  կապվել։ Ասացի՝ դու այդպիսի պատշգամբ չունես։ Մխիթարը հաճախ էր զանգում և ասում՝ մամ, ամեն ինչ լավ է լինելու, հանգիստ եղիր, մամ, հայրիկին լավ կպահես։ Մի օր զանգեցի, չվերցրեց հեռախոսը››,-ասում է տիկին Կամելան։

Ասում են՝ երբ հարազատ Հադրութն ընկել է, Մխիթարը ծանր ապրումներ է ունեցել։ Պատերազմի օրերին մի անգամ հասցրել է գյուղ գնալ, տնից տղաների համար ուտելիք տանել։ Մխիթարի հետ կապն ընդհատվել է նոյեմբերի 6-ին։ Նա վիրավորում էր ստացել, բայց շարունակել էր մարտը։ Եղբոր խոսքով՝ ոտքն էլ էր կոտրված։ Այդ վիճակում վիրավոր հրամանատարին դուրս է հանել մարտի դաշտից։ Մխիթարը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։ Նրա զոհվելու մասին առաջինը եղբայրն է իմացել։ Գտել են Շուշիի խաչմերուկում։ Հերոսի մարմինը հարազատներին են հանձնել օրեր անց։ Մխիթարին հուղարկավորել են նոյեմբերի 16-ին՝ Եռաբլուրում։ Հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական խաչ›› 2-րդ աստիճանի շքանշանով։

Մխիթար Մելքումյանը բնավորությամբ կատակասեր էր, սիրում էր հայրենասիրական երգեր երգել։ Բարի, մեծահոգի, կարգապահ, արդարամիտ երիտասարդ էր, օգնության ձեռք էր մեկնում բոլորին։ Զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Նա ‹‹Հայրենյաց պաշտպան›› ՀԿ-ի առաջամարտիկններից էր։ Գործընկերներն ու ընկերները սիրով ու հարգանքով են խոսում նրա մասին։ Նրանց խոսքով՝ լավ ընկեր էր բոլորի համար՝ ազնիվ ու բանիմաց, սաների համար և′ հայր էր, և′ ավագ եղբայր, և′ կնքահայր։

‹‹Չափազանց նրբանկատ էր, ուշադիր, կատակասեր էր մեր Մխոն։ Այո′, մերն էր, մեր հարազատն էր․․․Չկար մի տոն օր, որ մեզ՝ ուսուցիչներիս, առանձին չշնորհավորեր։ Սպայական անձնակազմը և սաները միշտ հոկտեմբերի 5-ին անակնկալներով էին մեզ դիմավորում։ Վերջում, չգրված օրենքի նման, Մխոն շամպայն պիտի բացեր և իր յուրահատուկ շնորհավորանքներով պիտի մեզ մեծարեր․․․ Տեսակն էլ էր յուրահատուկ․․․ Մխոյի հետ կապված երկու իրադարձություն երբեք չեմ մոռանա․ մեկը ավագ եղբոր՝ Սուրենի կորուստն էր, երկրորդը՝ դստեր՝ Սուրենայի ծնունդը։ Ես նրա աչքերում տեսել եմ երկու ծայրահեղություն՝ վիշտն ու ուրախությունը, մահն ու կյանքը, որ միմյանցով են պարուրված››․ գործընկերոջ՝ Անուշ Բաբայանի խոսքերն են։                   

Հասմիկ Հակոբյան

 

Մխիթար Մելքումյան 44-օրյա պատերազմ Արցախի Հանրապետություն խմբագրի ընտրանի Հասմիկ Հակոբյան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին