f

Անկախ

Պետք չէ բառախաղով հերթական կեղծիքի հիմքը դնել. քաղաքացիները դեմ են «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախաձեռնությանը


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է դպրոցում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: Հիմնավորումն այն է, թե հակասություն է առաջանում պետական կրթական չափորոշչի հետ, որի համաձայն առարկայի շրջանակներում պետք է ուսումնասիրեն  հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները, մինչդեռ փոփոխության պարագայում առարկայի անվանումն ավելի հստակ է դառնում:

Նախարարությունն այնքան հապճեպ է փոփոխության նախագիծը հանրային քննարկման ներկայացրել, որ որպես այլ երկրների փորձով  հիմնավորում ներկայացված են «Գուգլ» որոնողական համակարգից և օնլայն վաճառքի հարթակներից հղումներ: Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ ուսումնասիրել են Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի, Չինաստանի և մի քանի այլ երկրների փորձ, իսկ որպես հիմնավորում ներկայացված է օրինակ՝ Ամազոնում կամ Ալիէքսպրեսում վաճառվող գիրք, ոչ դասագիրք: Որևէ պատմաբան էլ կարող է հեղինակել «Հայաստանի պատմությունը» խորագրով գիրք և վաճառքի հանել, բայց դա չի նշանակում, որ դպրոցում դասավանդվող առարկան պետք է անվանափոխվի: 

Հանրային քննարկման հարթակում տարբեր հայտնի և հանրությանն անհայտ մասնագետներ ու քաղաքացիներ հիմնավորել են, թե ինչու է սխալ առարկայի անվանափոխությունը: Օրինակ՝ Ավետիք Չալաբյանը գրում է.  «Հայոց պատմությունը շատ ավելի ընդգրկուն կոնցեպտ է  և ներառում է մեր ժողովրդի պատմությունը նախապետական շրջանում, Ուրարտուի և Մեծ Հայքի պատմությունը, հայկական իշխանությունների և միջնադարյան թագավորությունների պատմությունը, և շատ ավելին: Փոխարինել այն Հայաստանի պատմությամբ, որը վերաբերվում է համեմատաբար նոր շրջանին, արհեստականորեն դուրս է թողելու դասավանդումից Հայոց պատմության զգալի մասը»: 

Այս հանգամանքը շատ-շատերն են մատնացույց անում:  Ցոլակ Ակոպյանը գրում է. «Հայաստանի պատմությունը ավելի նեղ է, քան Հայոց պատմությունը»։ Դավիթ Հարությունյանը գրում է. ««Հայաստանի պատմություն»  առարկան մասն է «Հայոց պատմություն» առարկայի»։ Մերի Սողոմոնյանն էլ շեշտում է.  «Հայոց պատմության մեջ մտնում է հազարամյակների ընթացքում հայերի բոլոր պետությունների ու թագավորությունների պատմությունները և ոչ միայն,այդ թվում և ներկայիս Հայաստանի պատմությունը, իսկ Հայաստանի պատմությունը չի կարող ներկայացնել Հայոց պատմությունը,և պետք չէ բառախաղով հերթական կեղծիքի հիմքը դնել»:

Շատ մասնագետներ էլ օրինագծի հեղինակներին ստիպված են բացատրել, որ գրաբարում «հայոց»  բառը նշանակել է ոչ միայն հայերի, այլ նաև Հայքի, հետևաբար Հայոց պատմությունը պետք է հասկանալ որպես Հայքի, այսինքն՝ Հայաստանի  պատմություն: 

Պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանը գրում է. ««Հայոց պատմություն» ձևակերպումը ունիվերսալ է, որն արտահայտում է թե՛ Հայաստանի պատմության, թե՛ հայերի պատմության հանգամանքը։ Հայաստանի ներսում հայերի պատմության ընթացքը սերտորեն շաղկապված է եղել Հայաստանից դուրս ապրող հայերի, հայ ազգային ինստիտուտների ընթացքի հետ, ուստի միայն Հայաստանի պատմություն ձևը սահմանելով՝ դուրս է մնում հայկական իրականության մի զգալի մասի պատմությունը, որն այդքան կարևոր դեր է խաղացել մեր պետության ու ժողովրդի ընթացքի վրա։ Այսպիսով՝ այն հիմնավորումը, թե «Հայաստանի պատմություն» ձևը սահմանելով՝ մատաղ սերնդի մոտ ամրապնդվում է գաղափարական կապը պետականության հետ, անտեղի է»։ 

Դավիթ Դիլանյանը գրում է. ««Հայոց պատմություն»-ը քարացած ձև է, որը ինսիտուցիոնալ, խրոնոլոգիական և պատմագրական հիմք ունի. բոլոր պատմագրությունները, այդ թվում՝ պետականության պայմաններում,  անվանվել են «Պատմություն հայոց» կամ «Հայոց պատմություն»: Կարիք ու անհրաժեշտություն չկա այս ձևը փոխելու, ինչպես կարիք չկա «կանայք» ձևը փոխարինելու «կիներ» ձևով»:

Արմեն Խաչատրյանն, օրինակ՝  շեշտում է, որ հայոց պատմության կարևորագույն մասնիկը հայ գաղթոջախների պատմությունն է, որը, սակայն այլևս չի կարող լինել ուսումնասիրության առարկա, եթե դպրոցում դասավանդվի  Հայաստանի պատմություն: 

Ռուզաննա Ավագյանն էլ մատնացույց է անում նախագծի հիմնավորման մեջ առկա հակասությունը՝ շեշտելով, որ Հայաստանի պատմություն կոչվելու դեպքում այն  չի կարող ուսումնասիրել հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նախագծի հեղինակներն են պնդում: 

«Ինչո՞ւ եք նեղացնում առարկայի շրջանակները։ Խորհրդային տարիներին մենք դպրոցում սովորում էինք «Հայ ժողովրդի պատմություն» առարկան, անկախացումից հետո ականավոր պատմաբանների հիմնավորմամբ և քննարկումների արդյունքում կիրառվեց «Հայոց պատմություն» ձևը, որն իր մեջ ընդգրկում է թե՛ Հայաստանի, թե հայ ժողովրդի պատմությունը»,- գրում է նա՝ հավելելով, որ նույն տրամաբանությամբ մի օր կարող է առաջարկվել հայոց լեզուն վերանվանել Հայաստանի լեզու: 

Միջազգայնագետ Նարեկ Սէֆէրեանը, ներկայացնելով մի շարք հիմնավորումներ, թե ինչու չպետք է փոխել առարկայի անվանումը, գրում է. «Նոր սերունդը պետք է ծանոթ լինի հայկական իրականության բոլոր շերտերի հետ: «Հայաստանի պատմություն» անվանումը այդ հնարավորությունը չի տալիս, մինչ «Հայոց պատմություն» ձեւակերպումը համապարփակ և  ընդգրկուն է»: Մասնագետը վստահ է՝ «սահմանափակվելով «Հայաստանի պատմություն» առարկայով, շատ ավելի՝ այլ հարստություններ են կորում, քան որեւէ պետականամետ գաղափարախոսական խնդիր է լուծվում»:

Կան մարդիկ, որոնք պարզապես իրենց զայրույթն են  արտահայտում: Օրինակ՝ Սարո Այվազյան անունով քաղաքացին գրում է. ««Հայաստանի պատմությունը» շատ ճոխա, գրեք` «Արևելյան Ադրբեջանի պատմություն»»:  Հասմիկ Երեմյանն էլ նշում է. «Լուրջ եմ ասում՝ մի նախաձեռնություն առաջ չեք քաշել, որը չէր հակասի Հայաստանի և հայկականության շահերին։ Թեև ինչ ակնկալել հակահայաստան իշխանությունից»։ 

Նախագիծը հանրային քննարկման փուլում կլինի մինչև փետրվարի 7-ը: Դժվար է ասել, թե հանրային կարծիքը որքանով դեր կունենա առարկան անվանափոխելու նախարարության մտադրության վրա, քանի որ որոշման նախագիծը հրապարակվել է այն բանից հետո, երբ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այդ թեմային և հայտարարեց. «Հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության դրվագներով, այսինքն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով»:

 

Հայոց պատմություն Հայաստանի պատմություն խմբագրի ընտրանի ԿԳՄՍՆ

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին