Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ կառավարությունն աջակցել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ես հաստատեցի, որ Հունգարիայի կառավարությունն աջակցում է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Ես նաև ընդգծեցի, որ մենք կշարունակենք խորհրդարանին կոչ անել քվեարկել Շվեդիայի անդամակցության և ամբողջական վավերացման օգտին առաջին իսկ հնարավորության դեպքում», - ասել է Հունգարիայի վարչապետը։
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանը պարզ մեծամասնությամբ հաստատել էր Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Շվեդիայի դիմումը։