Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ Բուդապեշտ է հրավիրել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին, եւ նրանց հանդիպման առանցքային թեման լինելու են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության բանակցությունները, նա այս մասին հայտնել է իր X-ում։
«Այսօր նամակ-հրավեր եմ ուղարկել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին Հունգարիա այցելելու հետ կապված՝ քննարկելու համար ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության բանակցությունները»,- գրել է Վիկտոր Օրբանը։
Հունգարիան եւ Թուրքիան, ինչպես հայտնի է, վերջին երկու երկրներն են, որոնք մինչ այժմ չեն վավերացրել իրենց ազգային խորհրդարաններում Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը եւ այդ կերպ արգելակում են նրա լիակատար անդամակցությունը։
Դեկտեմբերի վերջին Թուրքիայի խորհրդարանի համապատասխան կոմիտեն հավանություն է տվել նախագծին։ ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ հունվարի 23-ին այն կարող են քննարկել խորհրդարանում։