f

Անկախ

‹‹Տղե′րք, պետք է կռվենք, սա արդեն վերջն է››․ Արմեն Առաքելյան


Արցախի Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղից Արմեն Առաքելյանը պայմանագրային զինծառայող էր։ Երկու տարի էր, ինչ ծառայում էր Հաթերքի N զորամասում՝ որպես վարորդ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ի մարտի ժամանակ Դրմբոնից զենք էր մատակարարում դիրքեր․ մարտական առաջադրանք պետք է կատարեր՝ երկու անգամ դիրքեր զինամթերք հասցնել։

‹‹Ամուսնուս հորաքրոջ որդին հետագայում պատմել է, որ սեպտեմբերի 19-ին Արմենի մեքենային թշնամին հարվածել է, ինքն էլ Արմենին ասել է՝ բավական է, առաջադրանքն արդեն  կատարել է և կարող է տուն վերադառնալ, մեքենային էլ հարվածել են։ Բայց Արմենը բարկացել է և ասել՝ այնտեղ ամեն րոպե մարդ է զոհվում։ Արմենն արագ արկերը բեռնել է մեքենան և դիրքեր տարել››,-‹‹Անկախի›› հետ զրույցում պատմում է կինը՝ Անուշ Սարգսյանը։

Արմենի վերջին հեռախոսազանգը եղել է սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18։00-ին։  Կնոջն ասել է, որ ինքն անհասանելի կլինի, և չպետք է անհանգստանալ իր համար։ Այդ ժամանակ մոտակա գյուղի՝ Գետավանի բնակիչներին են տարհանել։ Անուշն այդ մասին պատմել է ամուսնուն։ Արմենն էլ կնոջը խնդրել է չվախենալ։

‹‹Ինքը գիտի, որ ես վախկոտ եմ, բայց ավելորդ լարվածություն չառաջացնելու համար ես ասել եմ, որ չեմ վախենում։ Մենք վերջին պահին ենք դուրս եկել Վերին Հոռաթաղից, երբ գյուղի ներքևից թշնամու կրակոցներն արդեն լսվում էին։ Երեկոյան ժամը 21։00-ին էր, երբ թշնամին գյուղ էր մտնում››,-ասում է Անուշը։

Վաղուհաս և Գետավան գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել էին։ Վերին հոռաթաղցիներն էլ էին լքում գյուղը։ Այդ ժամանակ Անուշը ևս ընտանիքով որոշեց դուրս գալ գյուղից։

‹‹Դուրս ենք եկել այն մտքով, որ գնում ենք անտառներ, մի քանի ժամ կամ մի քանի օր անցնելուց հետո պատերազմը կավարտվի, և հետ կվերադառնանք։ Վերջին պահին հաց եմ վերցրել, որ գոնե անտառում երեխաներն ուտեն։ Հետո տեսանք, որ մեքենաներն անտառ չեն մտնում, մենք էլ նրանց հետևից էինք գնում››,-ասում է նա։

Բոլորը հավաքվել էին մեկ վայրում, և ոչ ոք չէր կողմնորոշվում՝ առաջ գնալ, թե՝ հետ։ Կեսգիշերն անց՝ ժամը 02։00-ին, Արմենի ընկերն է զանգել և ասել, որ  նրա հետ կապվել է, խնդրել է չանհանգստանալ, քանի որ ինքը լավ է։ Անուշն էլ խնդրել է փոխանցել, որ իրենք արդեն դուրս են եկել գյուղից։ Իրենց ասել են, որ արցախցիներն օդանավակայանում են հավաքվել։

‹‹Ճանապարհին կամուրջ կար, մտածեցինք՝ քանի թշնամին կամրջին չի հարվածել, հասնենք Ստեփանակերտ։ Ամեն տեղից կրակում էին, թե ինչպես ենք հասել Ստեփանակերտ, չեմ կարող ասել։ Մտածում էինք՝ մեքենային կհարվածեն կամ մեր ճանապարհը կփակեն։ Մեր աղջիկներից մեկը կապ հաստատեց հոր հետ, վերջինս ասաց, որ Ստեփանակերտ չգնանք, քանի որ թշնամին Կրկժան թաղամասին է մոտեցել, բոլորն օդանավակայան են գնում։ Այդպես մենք էլ այնտեղ գնացինք››,-ասում է Անուշը։

Այդ օրը երեխաների հետ մեքենայում են գիշերել։ Անուշը տեղ հասնելուն պես անհանգստացել է, որ ամուսինն իրեն չի զանգում։ Մտածել է՝ թեկուզ վիրավոր, բայց իր հետ անպայման կապ կհաստատեր։

‹‹Ինքը սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, դեռ ողջ էր։ Հեռախոսի մեջ պատերազմական դրվագների տեսանյութեր կային ինչպես էր ասում՝ կրա′կ, հետո  դրանից ոգևորված կանչում էր՝ ջա˜ն››,-ասում է կինը։

Անուշի խոսքով՝ Արմենը հրետանավոր էր և իրենց ստորաբաժանման ղեկավարի հետ ճշգրիտ տվյալներով է գործել։ Մարտական ընկերներին ասել է․ ‹‹Տղե′րք, պետք է կռվենք, սա արդեն վերջն է։ Եթե չկռվենք, թշնամին գալու է մեր տուն հասնի։ Ինչքան կարող ենք, պետք է կռվենք››։ Արմենը զոհվել է թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից։ Հենց այդ ժամին Անուշի սիրտը զգացել է ամուսնու մահը։ Բայց իրենց ոչ ոք ոչինչ չի ասել դրա մասին։ Սեպտեմբերի 21-ի առավոտյան ում զանգել են, անհասանելի էին, ում հետ կապվել են, ոչինչ չեն ասել։ Որոշել են Արմենին փնտրել վիրավորների ցուցակում և դիահերձարաններում։ Ոչ մի տեղ չեն գտել։ Հետո Անուշի ծնողներն են իմացել Արմենի զոհվելու մասին։

‹‹Կանչեցին ու ասացին։ Այդ պահին կյանքը դադարեց գոյություն ունենալ ինձ համար››,-ասում է կինը։

Արմենը զոհվել է սեպտեմբերի 20-ին՝ հրադադարից մեկ ժամ առաջ։ Նրա մարմինը սկզբում Մարտակերտ են տեղափոխել, հետո դիահերձարանում էլեկտրականության բացակայության պատճառով՝ Ստեփանակերտ։ Անուշի հայրն է ճանաչել նրա մարմինը։ Հետո նրա իրերն է փոխանցել Անուշին։ Արմենի մարմինը Երևան են տեղափոխել։ Նրան հուղարկավորել են Եռաբլուրում։

‹‹Ասել եմ՝ եթե նրան չտեղափոխեն, ընտանիքով մնալու ենք Արցախում՝ նրա մոտ։ Մեզ խոստացել են, որ կտեղափոխեն նրա մարմինը››,-ասում է Անուշը։

Նրա խոսքով՝ իրենք օդանավակայանում գտնվելու ժամանակ սկզբում վախեցել են, կարծել են՝ ռուս խաղաղապահներն իրենց լքելու նպատակ ունեն։ Մտածել է՝ գոնե երեխաներին կարողանար փրկել։

‹‹Ասել եմ՝ եթե վերջն է, պետք է բոլորս իրար ձեռքից բռնած  առաջ գնանք, թող թշնամին մեզ կրակի, միայն թե գերի չընկնենք։ Այդպես վճռական կարծես դիմավորեինք մահին։ Հիմա ամեն շաբաթ ու կիրակի օրերին մենք Եռաբլուրում ենք։ Չենք կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Արմենն այլևս չկա։ Ես միշտ իրեն և ինձ մեղադրում եմ իրեն մեղադրում եմ, որ մեզ թողեց ու գնաց։ Ինձ էլ մեղադրում եմ,  որ երբ զանգեց և ասաց՝ չվախենաս, ես պետք  է ասեի, որ վախենում եմ, գուցե դրա համար գար։ Բայց հետո մտածում եմ, որ նա երբեք իր ընկերներին չէր թողնի գար››,-ասում է նա։

Արմեն Առաքելյանը բնավորությամբ ընկերասեր և խիզախ էր։ Մեծ շրջապատ ուներ։ Շատ անվախ էր, ընկերների խոսքով՝ մահն էլ չէր կարող նրան հաղթել։ Արմենը հաղթեց իր բաժին կռվում, բայց մահին հաղթել չկարողացավ։ Անուշի խոսքով՝ աշխարհի ամենալավ հայրն էր։

Հիմա Արմենի ընտանիքը Բյուրեղավանում է ապրում։ Կինն աշխատում է ‹‹Աստղիկ›› բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։ Արմենի երազանքն էր՝ երեխաները լավ կրթություն ստանային և հասարակությանը պիտանի մարդ դառնային։ Շատ էր սիրում Արցախը և իր ապագան միայն այնտեղ էր տեսնում։

Հասմիկ Հակոբյան

 

Արմեն Առաքելյան արցախցի բռնի տեղահանվածներ ցեղասպանություն Արցախ Ադրբեջան Հասմիկ Հակոբյան Հայաստան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին