f

Անկախ

‹‹Հայրենիքը սահմանին են պահում, ոչ թե՝ ‹‹Վարդանանք›› կարդալով››․ Շիրակ Գասպարյան


 ‹‹Համատարած եռուզեռի մեջ նկատելի չէ այն անցորդների բացակայությունը, ովքեր դեռ վերջերս քայլում էին մեր կողքին, անթիվ փայլերի մեջ նկատելի չեն լացից խունացած հազարավոր աչքեր, որ անփայլ կմնան հավերժ, հազարավոր դատարկ աթոռներ, որ ամեն տոնի կհիշեցնեն մեր իսկ սրտի դատարկության ու տանջալլուկ հոգու մասին, հազարավոր ժպիտներ ընդմիշտ դաջվեցին սառը քարերին, օդում քարացած երազանքներ ու երկինք թռած կարոտներ, որ մեզ չեն հասնի։ Զարդարում ենք. ոմանք՝ իրենց տները, հազարներս՝ տներից թանկ դարձած որդիների գերեզմանները›› հերոս Շիրակ Գասպարյանի մայրիկի՝ Անահիտ Վարդապետյանի մտքերն են։

Երկնքում հազարավոր կարոտներ կան, հազարավոր մայրեր երկրի վրա կարոտ են փնտրում ամեն օր, Ամանորին։ Այսպես են ապրում նրանք՝ կարոտով, կարոտները գրկած, կարոտով նայելով երկնքին։

Երդվյալը

‹‹Անկախը›› Տավուշի մարզի Աչաջուր գյուղից հերոս Շիրակ Գասպարյանի մասին է պատմելու։ Շիրակը նոր էր ընդունվել Չեխիայի Կառլովի անվան համալսարանի ‹‹Դիվանագիտության›› բաժնի մագիստրատուրան։2020 թվականի հուլիսի 29-ին զորակոչվեց բանակ և ծառայության անցավ Արցախի Ջրականի N զորամասում՝ ‹‹Առանձիններում››։ Շիրակը հրետանավոր էր։

Զանգեց պատերազմից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ի երեկոյան․ հարազատների հետ խոսեց և խնդրեց մորը՝ բոլորին լավ նայել։ Պատերազմի օրերին մի քանի անգամ զանգեց ծնողներին։ Հեռախոսը զորամասում էր մնացել, ընկերների հեռախոսներով էր զանգում։ Շիրակի վերջին զանգը հոկտեմբերի 7-ին էր․ քրոջ՝ Շահանեի հետ խոսեց, խնդրեց՝ ծնողներին լավ նայել։

Հերոսի մահվան փաստաթղթերում զոհվելու օրը նշված է հոկտեմբերի 10-ը, բայց մոր խոսքով՝ հոկտեմբերի 20-ին Շիրակի հետ զինակից ընկերը կապ է ունեցել։ Ենթադրում են, որ Շիրակը զոհվել է ավելի ուշ՝ հոկտեմբերի 24-ին։

‹‹Բազմիցս շրջափակման մեջ են հայտնվել տղաները։ Նրանցից վեցը պատերազմից հետո են շրջափակումից դուրս եկել և հրաշքով փրկվել։ Շիրակը նրանց հետ է եղել։ Տղաներն են մեզ ասել, որ Շիրակին ընկած են տեսել››,- մեզ հետ զրույցում պատմում է մայրը՝ Անահիտ Վարդապետյանը։

Մոր խոսքով՝ Շիրակը մարտական առաջադրանք է կատարել․ թշնամու կողմից գրավված Հադրութից դուրս է բերել մոռացված կոորդինատները, քարտեզներ ու փաստաթղթեր, որից հետո թշնամու ‹‹Յաշմա›› խմբավորումն է հարձակման անցել։ Տղաները խմբերի են բաժանվել և տարբեր ուղղություններով գնացել։ Երբ նրանցից մի քանիսը դեպի ձորն են իջել, ճանապարհին Շիրակին են տեսել ընկած, իսկ արդեն հետ վերադառնալու ճանապարհին նրան այնտեղ չեն հայտնաբերել։ Մտածել են՝ թշնամին Շիրակին գերի է վերցրել։

‹‹Շիրակը չի հանձնվել։ Մեկ կրակոցով է զոհվել՝ գանգոսկրի շրջանում››,-ասում է մայրը։

Ասում են՝ պատռված համազգեստով, դատարկ ուսապարկով են տեսել նրան, ասել են՝ Շիրակ, քեզ փնտրում են, Հադրութն էլ գրավված է, ինքն էլ պատասխանել է՝ ոչինչ, գնում եմ ընկերներիս միանամ։

‹‹Մենք որոշակի տեղեկություններ ծառայակից ընկերներից ենք իմացել։ Հոկտեմբերի 5-ի գիշերը տղաները Ջրականից Հադրութ են նահանջել։  Հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը նրանց Արա լեռ են տարել՝ խրամատ փորելու։ Հետո թշնամու ‹‹Յաշմա›› խումբն է հարձակվել, տղաներից մի քանիսը փրկվել են››,-ասում է մայրը։

Հրամանատարական կազմի և ծառայակիցների խոսքով՝ Շիրակը հայրենասեր էր, միշտ առաջինն էր ուզում գնալ, ասում էր՝ ինքը քսաներկու տարեկան է, 18 տարեկան զինվորներից չորս տարի ավել է ապրել։

Շիրակը զոհվել է Հադրութի Վանք գյուղի մոտակայքում։ Նրա մարմինը ծնողներին են հանձնել 2021 թվականի հունվարի 10-ին։Հերոսին հուղարկավորել են հունվարի 13-ին։ Շիրակին երկար են փնտրել դիահերձարաններում։ Զինվորական գրքույկը, հեռախոսի քարտը գրպանում էին։ Շիրակի հեղինակային ստեղծագործությունները ընկերներն են փոխանցել ծնողներին։ Վերջին բանաստեղծությունը՝ ‹‹Ցիրուցան իղձերը››, գրել է հոկտեմբերի 7-ին, որը քրոջն է ուղարկել և խնդրել, որ իր չվերադառնալու դեպքում մորը նվիրի՝ նրա ծննդյան տարեդարձին։ Շիրակը չվերադարձավ, ‹‹Ցիրուցան իղձերը›› գրքի վերածվեցին, որ նրա մահից հետո միայն հրատարակվեց։

Շիրակ Գասպարյանին հետմահու պարգևատրել են ‹‹Արիություն›› և ‹‹Մարտական խաչ›› 2-րդ աստիճանի մեդալներով։

Ցիրուցան իղձեր

Շիրակը տասնմեկ տարեկան հասակում է սկսել ստեղծագործել․ բանաստեղծություններ էր գրում։ Նրա մահից հետո բուհի ջանքերով բանաստեղծությունների ժողովածուն հրատարակվեց ‹‹Ցիրուցան իղձեր›› խորագրով։

‹‹Շիրակս շատ ակումբներ էր հաճախում։ ‹‹Վարդանանք›› ռազմահայրենասիրական ակումբի նախագահն էր։ Ինքը միշտ ասում էր ‹‹Հայրենիքը թախտի  վրա նստած ‹‹Վարդանանք›› կարդալով չեն պահում, պետք է սահմանին լինել, որ պահես քո հայրենիքը, ազգին նվիրված լինես։ Շատ խելացի էր, շատ››,-ասում է մայրը։

Տիկին Անահիտն ասում է, որ դուստրերից հետո երկար սպասված որդի էր Շիրակը։ Մայրը նրա դասվարն է եղել։  Շիրակը սիրում էր շախմատ խաղալ։ Մարզում միշտ հաղթող է ճանաչվել։ Տաղանդավոր և խելացի երիտասարդ էր Շիրակը։ Երկու հարյուր ուսանողից միայն ինքն է ընդունվել Չեխիայի Կառլովի անվան համալսարան։ Նա ‹‹Հնչող ձայնը›› գրքի համահեղինակն է։ Հերոսի ծնողների նախաձեռնությամբ Շիրակի անվամբ եկեղեցի է կառուցվել։ Հունիսի 6-ին՝ նրա ծննդյան տարելիցին, եկեղեցու բացումն է լինելու։

Բնավորությամբ խելացի, լուռ, հավասարակշռված երիտասարդ էր։ Սիրում էր ֆուտբոլ խաղալ։ Վրաստանում մասնակցել է ֆուտբոլի մրցաշարին։ Թիմի դարպասապահն էր։ Մայրը մինչև այսօր պահում է նրա համազգեստը։ Շիրակը գրականություն շատ էր սիրում։

‹‹Անընդհատ կարդում էր։ Ասում էր՝ թողեք ես կարդամ։ Մենք այդ ժամանակ չգիտեինք, որ ինքն այդքան շատ հեղինակային բանաստեղծություններ ունի։ Ընկերները դրանք մեզ փոխանցեցին նրա զոհվելուց հետո։ ԵՊՀ-ի  Իջևանի մասնաճյուղում նրա անունով լսարան անվանակոչեցին, հումանիտար ֆակուլտետի լավագույն ուսանողի համար Շիրակի անվան կրթաթոշակ նշանակեցին։ Նրա առաջին գիրքը համալսարանն է հրատարակել››,-ասում է մայրը։

Շիրակը երազում էր դիվանագետ կամ դեսպան դառնալ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում է վերապատրաստվել։ Ուսանողական տարիներին հասարակական և գիտական աշխատանքով է զբաղվել՝ մասնակցելով միջազգային գիտաժողովներին։ Նա տասնհինգ միջազգային բուհ է ընդունվել, բայց Չեխիայի Կառլովի անվան համալսարանն է ընտրել։ Բազմիցս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կամանդոսի հետ է հանդիպել։

‹‹Ցիրուցան իղձեր››՝ այսպես է կոչվում հերոսի գիրքը։ Շիրակի ստեղծագործությունները հիմնականում հայրենիքի և ընտանիքի մասին են։

‹‹Շիրակը ժամանակից էր բողոքում։ Ասում էր՝ ինչու է օրը 24 ժամ, ես էլ ասում էի՝ բա ինչքա˚ն պետք է լինի, ինքն էլ պատասխանում էր՝ 100 ժամն ինձ չի հերիքի, 24 ժամն ի˚նչ է։ Ասում էր՝ երջանկության բանաձև կա, որ ես մշակել եմ։ Հարցնում էի՝ ո˚րն է,  ասում էր՝ երջանիկ է նա, ով ապրում է մեռնելուց հետո, մնացածները դատարկ մտքեր են››,-ասում է մայրը։

100 ժամը չհերիքեց Շիրակին՝ ապրելու համար։ Ու թեև ժամանակի հետ անվերջ կռիվ էր տալիս, բայց երջանիկ էր Շիրակը, որովհետև իր կարճ կյանքի ընթացքում բազում սխրանքներ գործեց, հերոսացավ և շարունակեց ապրել մեր սրտերում՝ իր մահից հետո։

Ցիրուցան եղան իղձերս, մայրի՛կ,

Արկերի ձայնից հօդս ցնդեցին,

Արյան գետեր են հոսում սարերից,

Սարսափ ներշնչում մատաղ իմ սրտին:

Արհավիրք է,մա՛մ,կոտորած անգութ,

Ու կարծես սրտիս զարկերն են մարում։

Մա՛մ, դու ինձ ներիր,

Թե տուն չդառնամ,

Թե քեզ չգրկեմ, համբույր չստանաս։

Չարտասվես, մայր ի՛մ, հերոս է որդիդ,

Ու քեզ պահապան կլինի վերից՝

Որպես հրեշտակ, որպես լույս-ճրագ երկնի կամարից․․․

 

 

Հասմիկ Հակոբյան

 

 

Շիրակ Գասպարյան 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի Հասմիկ Հակոբյան Արցախ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին