f

Անկախ

‹‹Միայն թե օդը փակեն, թե չէ մեր դեմ խաղ չկա››․ Ռազմիկ Թանդիլյան


Լոռու մարզի Հաղպատ գյուղից էր Ռազմիկ Թանդիլյանը։ Ինն ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Վախն ու անհանգստությունը նրա համար չէին։ Բազմիցս թշնամուն խոցելուց Ռազմիկն այնքան էր ոգևորվել, որ գնդացիրը խրամատի գլխին է դրել, որ ավելի շատ հարվածներ հասցներ թշնամուն։ Զոհվել է հոկտեմբերի 9-ին՝ Հադրութը պաշտպանելիս։

Հադրութի պաշտպանը

Ռազմիկ Թանդիլյանը ծառայում էր Հադրութի N զորամասում։ Մայրը՝ Ալիսա Մաթոսյանը, ‹‹Անկախի››հետ զրույցում պատմում է, որ պատերազմի մասին իմացել է սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 09։00-ին։ Շատ էր անհանգստանում որդու համար։ Ծնողները նախորդ օրը զրուցել են որդու հետ և բացարձակ չեն զգացել՝ պատերազմի մասին տեղյա˚կ էր, թե˚ ոչ։ Այդ գիշեր Ռազմիկը հերթապահություն էր անում։ Ասաց, որ վաղը կիրակի է, և երկար կզրուցեն։ Չնայած անհանգստությանը՝ պատերազմի մասին իմանալուց հետո մայրը չի զանգել որդուն, որ խնդիրներ չստեղծի նրա համար։ Ժամը 13։00-ին Ռազմիկն է զանգել ծնողներին և ասել, որ իրենց դիրքեր են բարձրացրել, անհանգստանալու խնդիր չկա, ամեն ինչ լավ է։ Որդին հեռախոսը զորամասում էր թողել և զանգել էր ընկերոջ հեռախոսով։

‹‹Նույն օրը երեկոյան էլ զանգեց։ Հետո զանգում էր երկու օր ընդհատումներով, կապ չկար։ Միշտ ասում էր, որ իրենց մոտ ապահով է››,-ասում է մայրը։

Հոկտեմբերի 7-ին զանգեց և երկար զրուցեց հարազատների հետ։ Դա Ռազմիկի վերջին զանգն էր։ Երբ եղբայրն ասել է, թե վտանգավոր է երկար զրուցելը, Ռազմիկը պատասխանել է, որ իրենք թշնամու տեղը գիտեն, թշնամին էլ՝ իրենց, վտանգավոր ոչինչ չկա, թշնամուն հարվածելով առաջ են գնում։ Մոր խոսքով՝ այդ ժամանակ կամավորներ են միացել տղաներին։

‹‹Հոկտեմբերի 9-ին չզանգեց Ռազմիկը։ Շատ անհանգիստ էի, դողում էի։ Հաջորդ օրը Վանաձորից զանգեցին․․․արդեն բերել էին Վանաձոր››,-ասում է մայրը ու չի կարողանում զսպել լացը։

Որդու զոհվելու մասին են հայտնել։ Ռազմիկը զոհվել է հրետանու հարվածից։ Գնդացրորդ էր։ Պատերազմի առաջին օրերին ծնողներին ասել է, որ ինքը մարտադաշտում է, և չթողնեն գյուղից մարդ գա այդտեղ, որովհետև ինքը կկռվի բոլորի փոխարեն։

Պատերազմից հետո դիրքի ավագը Ռազմիկի հարազատներին պատմել է, որ հոկտեմբերի 4-ին նրան սպայական դիտակետ են տեղափոխել։ Այնտեղ իբր հանգիստ էր։ Մարտական ընկերներից մեկն էլ հետագայում պատմել է, որ Ռազմիկի անմահանալու օրը միասին են եղել։ Նրա խոսքով՝ երկուսով պատրաստվել են ճաշել, երբ թշնամին հարվածել է, և հետո ծխի մեջ ընկած է տեսել Ռազմիկին։ Զինակից ընկերները պատմել են, որ Ռազմիկը թեժ մարտեր է մղել թշնամու դեմ։ Հիացմունքով ու հպարտությամբ են խոսել նրա հերոսության մասին։

Հոկտեմբերի 10-ի երեկոյան Վանաձորից զանգել են և ծնողներին ասել, որ Ռազմիկն իրենց մոտ է, պետք է գան և տեսնեն՝ վիրավո˚ր է։ Ծնողները հասկացել են՝ որդին զոհվել է, որովհետև վիրավոր լինելու դեպքում Վանաձոր չէին բերի։ Գյուղում առավոտից բոլորն իմացել են այդ լուրը, բայց ոչ ոք համարձակություն չի ունեցել հայտնելու ծնողներին։

Հերոսի մահով

Մոր խոսքով՝ հեռախոսազրույցների ժամանակ Ռազմիկի ձայնի մեջ անհանգստություն և վախ չեն զգացել պատերազմի օրերին, միշտ ոգևորված էր։

Մեզ հետ զրույցում հայրը՝ Կարեն Թանդիլյանը, պատմում է, որ որդին երբեք չի ընկճվել և միշտ ոգևորությամբ է խոսել պատերազմի մասին։

‹‹Ռազմիկն ասում էր՝ օդը փակեն,  մեր դեմ խաղ չկա։ Գնդացրով այնքան է կրակել, որ զենքը լռել է, փչացել։ Մյուս օրն ուրիշ գնդացիր են բերել, և նրանով է սկսել կրակել։ Կամավորները խնդրել են՝ զենքն իրենց տա, Ռազմիկն էլ հանգստանա մի քիչ››,- շարունակում է հայրը։

Ռազմիկը ծնողներին ասել է, որ միակ վտանգը օդի բաց լինելն է, իրենք թշնամուց չեն վախենում։ Երբ որոշները լքել են Հադրութը և զինվորներին միայնակ թողել, Ռազմիկին ասել են, որ ինքն էլ կարող է գնալ։ Բայց նա դրանից վիրավորվել է և ասել՝ ես այդ տղա˚ն եմ, որ փախչեմ։

‹‹Առաջին օրն ասում էր՝ մենք լավ ենք։ Երկու օր հետո ասաց՝ ես լավ եմ։  Բայց այդ պահին չհասկացանք՝ ինչ է նշանակում իր խոսքը։ Զոհ են ունեցել, դրա համար է ասել՝ ես լավ եմ, ոչ թե՝ մենք լավ ենք ››,-ասում է հայրը։

Գյուղի տղաներից մեկը Ռազմիկի հետ Հադրութում է ծառայել։ Իրենց մոտ կարգ կար՝ մարտադաշտ մեկնելիս զինվորական իրերը փոխանակել։ Պատերազմից հետո ընկերը Ռազմիկի գոտին տվել է ծնողներին։ Ասել է՝ բոլորը Ռազմիկի քաջագործություններից էին խոսում, հպարտանում նրա հերոսությամբ։ Ռազմիկը երբեք չի դժգոհել զինվորական ծառայությունից, մորն ասել է՝ այստեղ չկա ‹‹ես›› ու ‹‹դու››, բոլորս ‹‹մենք›› ենք։ Հոր խոսքով՝ ընկերասեր էր, նվիրված բոլորին, դրա համար էլ ինքանամոռաց կռվել է։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող էր։ Քննաշրջանի  ժամանակ էր, հորն ասել է, որ զորակոչ կա, և ինքն էլ է ուզում այդ ժամանակ զորակոչվի բանակ։ Հայրն էլ զարմացել է՝ շատերը ձգտում են ուշ գնալ, իսկ որդին շտապում էր բանակ։ Ռազմիկն ուրախացել էր, որ Հադրութում է ծառայելու, ասել է՝ խնդիր չի լինի այնտեղ։ Ծնողները որդուն վերջին անգամ տեսել են 2020 թվականի փետրվարի 22-ին՝ երդման արարողությանը։ Մոր խոսքով՝ այդ օրը որդու աչքերը փայլում էին։

‹‹Այնքան էր ոգևորված, միշտ ասում էր՝ գնամ Հադրութ։ Նույնիսկ մտորելու տեղիք տվեց, այդպես էլ չհասկացա՝ ինչու հենց Հադրութում էր ուզում ծառայել նա››,-ասում է մայրը։

Մայրն ասում է, որ Ռազմիկը դպրոցական տարիներին սիրահարված էր և ստեղծագործում էր։ Բանաստեղծություններ էր գրել իր սիրո և ընկերների մասին։ Այդ բանաստեղծությունները նրա զոհվելուց հետո բուհի աջակցությամբ գրքում են տպագրվել։ Ծնողներն այդպես էլ չեն իմացել՝ ով է նրա սերը։ Մոր խոսքով՝ իր պարզ ու մաքուր սերը միայն թղթին է հանձնել։ Պատերազմի օրերին էլ է բանաստեղծություններ գրել, բայց դրանք մորն այդպես էլ չեն հասել։

Մեջբերենք հատված․

Տանելու եմ քեզ բոլորից հեռու,

Որ լինենք մենակ՝ միայն ես և դու,

Որ հանգիստ թողենք, խոսենք ամենից՝

Մեր ապագայից, կյանքից ու մահից․․․

Ռազմիկին հուղարկավորել են հայրենի գյուղի գերեզմանատանը։ Հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի հրամանով ‹‹Մարտական ծառայություն››, ՀԱՊՀ ուսանողական խորհրդի կողմից՝ ‹‹Երախտագիտություն››, Առաջին գունդ ՀԿ-ի կողմից՝ ‹‹Հովհաննես Թումանյան››, Գթության մայր միջազգային միության կողմից՝ ‹‹Մարտական խաչ›› մեդալներով։

Հասմիկ Հակոբյան

 

Ռազմիկ Թանդիլյան 44-օրյա պատերազմ Հայաստան Հասմիկ Հակոբյան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին