f

Անկախ

Սա ՀՀ դպրոցների համար ամենաբարդ ու ծանր տարին է լինելու. կրթության փորձագետ


Նոր ուսումնական տարին հանրակրթության ոլորտում մեկնարկում է կամավոր ատեստավորման շուրջ վեճերով. մանկավարժական միավորումները պայքարում են ատեստավորման գործընթացը փոփոխելու և ուսուցիչների աշխատավարձերի համընդհանուր բարձրացման համար: Այս ուսումնական տարվանից կիրառվելու են նաև հանրակրթության պետական չափորոշիչները՝ այդ թվում նախագծային ուսուցումը, առանց թվանշանի, նկարագրողական գնահատումը և այլն:

Ի՞նչ խնդիրներով ենք սկսում նոր ուսումնական տարին և ի՞նչ սպասելիքներ ունենք հանրակրթության համակարգից. այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան, ի՞նչ խնդիրներով ենք մեկնարկում նոր ուսումնական տարին: 

-Ավելի քան 25 տարի աշխատում եմ կրթության ոլորտում և առանց չափազանցության կարող եմ ասել, որ սա Հայաստանի Հանրապետության դպրոցների համար ամենաբարդ ու ծանր տարին է լինելու: Ինչո՞ւ: Նախ՝ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ուսումնական տարին մեկնարկում ենք առանց դասագրքերի.  5-րդ և 7-րդ դասարաններում որոշ  առարկաներից դասագրքեր չեն լինելու: Սա արդեն ահազանգ է: 21-րդ դարում առանց դասագրքի անգամ շատ աֆրիկյան երկրներում  ուսումնական տարի չեն սկսում:

Իմ տեղեկություններով՝  Տավուշում փորձարկված  նյութերով ուսուցիչները մի տարի պետք է դասավանդեն, մինչև կլինեն նոր դասագրքեր: Եթե հանկարծ 1-2 ամսում չհայտարարվի նոր մրցույթ ավելի բարելավված պայմաններով, մենք մյուս տարի էլ խնդիր կունենանք:

 Նախարարությունը ստիպված եղավ հետաձգել 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը, որովհետև ոչ թե 1-3 դասագիրք չէր լինելու, այլ գուցե 10  առարկայից չէր լինելու.  23 անուն դասագքրի համար կարծեմ 13 հայտ էր եղել: Սա արդեն մեծ ձախողում է: Պատճառն այն է, որ մոտավորապես 4 տարի չափորոշիչ, չափորոշչի լրամշակում, փորձարկում արվեց, իսկ դասագրքերի խնդիրը արհամարհվեց: Թողեցին վերջին ամիսներին. միայն  դեկտեմբերին հայտարարվեց  մրցույթ, որի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվեց:  Դասագրքերի համար նախատեսված գումարն էլ ծիծաղելի էր: Պետությունը դասագրքի համար, որ 5 տարի օգտագործվելու է, հատկացնում է 6 մլն դրամ, երբ դա տիտանական աշխատանք է, իսկ ահա Սնուփ Դոգի 2 ժամանոց համերգի  համար 6 մլն դոլար: Այդ համե՞րգն է ռազմավարական, թե՞ 5 տարի շարունակ հարյուր հազարավոր աշակերտների կողմից օգտագործվող դասագքրերը: Ինչո՞ւ ենք դասագրքին տալիս 6 մլն դրամ, իսկ համերգին 6 մլն դոլար, այդ համե՞րգն է մեր երկրի զարգացումն ապահովելու, թե՞ դասագիքրը, որը կարևոր դեր ունի կրթության մեջ:

Չափորոշիչների փորձարկումն էլ անհասկանալի էր, ոչ ոք չիմացավ, թե ինչ պարզվեց այդ փորձարկմամբ: Մարդիկ դասագիրք են գրել առանց իմանալու, թե  չափորոշիչների փորձարկման ընթացքում ինչ է պարզվել, ինչ խնդիրներ են ի հայտ եկել: Հասկանալի է, որ  մրցույթ է, բայց ցանկալի է, որ հեղինակային խմբերն  իրազեկված լինեին այդ չափորոշիչների փորձարկումներից: 

Մյուս խնդիրը ուսուցիչների պառակտվածությունն է: Մենք հիմա Հայաստանում ունենք ուսուցիչների աննախադեպ պառակտվածություն: Ի՞նչն է նրանց պառակտել: Նախ՝ կամավոր ատեստավորումը, որի արդյունքում ուսուցիչներին սկսեցին դասակարգել: Եղան ուսուցիչներ, որոնք հաղթողներ են և ստանում են բարձր աշխատավարձ, և ուսուցիչներ, որոնք «լուզերներ» են, որոնք սեպտեմբերին գուցե աշխատանք կկորցնեն, քանի որ կտրվել են, և ունենք ուսուցիչների մի մեծ բանակ, որոնք բացարձակապես անտարբեր են կամավոր ատեստավորմանը կամ չեն ընդունում դա: 

Մյուս պառակտող գործոնը դարձավ բնագիտամաթեմատիկական ուղղությունների ուսուցիչներին տրվող հավելավճարը: Քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, ինֆորմատիկա դասավանդող ուսուցիչները ստանալու են հավելավճար: Հատկապես մաթեմատիկայի ուսուցիչները զայրացած են,  քանի որ համարում են՝ եթե այդ հավելավճարը ԲՏՃՄ առարկաների համար է, ինչու է վերջին Մ տառով առարկան՝ մաթեմատիկան, անտեսված: Այսօր Հայաստանում ունենք մոտ 4 հազար մաթեմատիկայի ուսուցիչ, և այդ մարդիկ ասում են՝ բա մենք ինչո՞ւ այդ հավելավճարը չենք ստանում: Էլ չեմ խոսում մյուս ուսուցիչների մասին, որոնք արդարացիորեն հարցնում են, օրինակ՝ հայոց լեզուն, հայոց պատմությունը, անգլերենը կարևոր առարկաներ չե՞ն:

Երրորդ խնդիրը միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներն են: Երբ 2018-ին նրանց 5 տարի ժամանակ տրվեց, ճիշտ կլիներ, որ օրինակ՝ 2020-ին նրանց հավաքեին ու հարցնեին՝ հարգելի ուսուցիչներ, դուք ի՞նչ եք անում, ինչի՞ կարիք ունեք:  Շատ հեշտ է  ասել՝ նրանք օրենքի պահանջը չեն կատարել, բարձրագույն կրթություն չեն ստացել, թող դուրս մնան համակարգից: Գուցե այդ մարդիկ ֆինանսական խնդիր ունեն: Ունենք ուսուցիչներ, որ 40 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Այդ աշխատավարձով ինչպե՞ս պետք է բարձրագույն կրթություն ստանային: Գուցե նախարարությունն այդ մարդկանց համար անվճար կրթություն պետք է ապահովեր կամ զեղչեր տրամադրեր: Բայց նախարարությունը ոչ մի բան չի արել, վերջին պահին որպես լավություն  ասում է՝ կարող եք ատեստավորվել, եթե ուզում եք աշխատել դպրոցում: Սա շատ ուսուցիչների ու տնօրենների է կոտրում, քանի որ հեռացողների մեջ կան որակյալ ուսուցիչներ:

Չորրորդ  խնդիրը՝ այս տարվանից 5-րդ  և 7-րդ դասարաններում  հայ եկեղեցու պատմություն չի դասավանդվելու և այդ առարկաների ուսուցիչները ժամաքանակի խնդիր կունենան: 

-Այս տարի փորձարկվելու է նաև նախագծային ուսուցումը, որը գիտենք, աշխատատար և ֆինանսատար է: Ձեր կարծիքով՝ ի՞նչ արդյունք կունենանք: 

-Այո,  նախագծային ուսուցումը  փորձարկվելու է 7-րդ և 9-րդ դասարաններում:

Ֆինանսավորում կլինի, բայց ենթադրում եմ՝  չի լինի այնքան, որը կխրախուսի ուսուցիչներին որակով անել այդ գործը: Նախագծային ուսուցումը բավականին ժամանակատար է, և հաճախ դա պետք է անել դասերից հետո: Մենք գիտենք, որ մեր ուսուցիչների մի մասը կրկնուսույց է կամ այլ աշխատանք ունի և դասերի ավարտից հետո շտապում է  գնալ տուն՝  մյուս աշխատանքներով զբաղվելու: Ուսուցիչ կա, որ 20 դիմորդի հետ է պարապում, չենք կարող ասել՝ այդ եկամուտդ մի կողմ դիր և դասերից հետո 1-2 ժամ  հավելյալ աշխատիր: Իմ կարծիքով՝ ունենալու ենք այն, ինչ ունեցանք բուհերում կուրսային և դիպլոմային աշխատանքների պարագայում.  լինելու են աշխատանքներ շուկայում, որոնք վաճառվելու են, պատրաստի տրվելու են, և աշակերտները դրանք ներկայացնելու են որպես իրենց նախագիծ:

Անհստակություններ էլ կան: Եթե դասարանի բոլոր աշակերտները նույն ուսուցչի մոտ նախագծային աշխատանք ուզենան անել, ինչպե՞ս է ուսուցիչը 30 աշակերտի հետ աշխատելու: Եթե մի երեխան ուզենա 2-3 նախագիծ անել, արդյոք դա ֆինանսավորվելո՞ւ է: Իմ կանխատեսումն այն է՝ եթե դա նորմալ չֆինանսավորվի, ուսուցիչները սա բավականին դժկամությամբ են անելու, քանի որ  սա, ըստ էության, արտադասարանական աշխատանք է: Խնդիր է լինելու նաև երեխաների հետ, որոնք տարբեր խմբակների են հաճախում, և նրանց համար էլ դասերից հետո մնալը խնդիր է:  Լուրջ կազմակերպչական խնդիրներ են ի հայտ գալու, երբ ներդրվի: Թղթի վրա գրելը հեշտ է: 

-Իսկ առանց թվանշանի, նկարագրողական գնահատմանը որքանո՞վ են  պատրաստ  ծնողը, աշակերտը, ուսուցիչը

-Դասվարների ժամային ծանրաբեռնվածությունը նվազելու է, դրույքը 18 ժամ է կազմելու:  Բայց փոխարենը տասնյակ աշակերտների մի քանի առարկաներից ձևավորող գնահատում  պետք է իրականացնեն, ինչը բավականին աշխատատար է: Մի խնդիր եմ տեսնում.  ինչ էլ գրեն այդ ուսուցիչները, ծնողները վերջում գալու են ասեն՝ հիմա իմ երեխան ի՞նչ է ստանում: Մի բան է, երբ նկարագրում եք, թե ինչն է լավ կամ վատ անում, ինչը  հաճախ ծնողը չի էլ հասկանում,  ծնողի մոտ միշտ այդ հարցը լինելու է՝ իմ երեխան, որ այսքան բանը կարողանում է լավ անել, այսքանն էլ վատ, դրա արդյունքում լա՞վ սովորող է, հարվածայի՞ն է, թե՞ վատ սովորող: Ինչ-որ մի չափում ամեն դեպքում պետք է: Թվանշանը կողմնորոշիչ է ծնողի համար:  Ուստի կարծում եմ՝ շատ ծնողներ առաջարկելու են այլ չափման միավոր կիրառել, որ իրենք հասկանան, թե ինչպիսի սովորող է իրենց երեխան:

Շատ բան կախված է նրանից, թե ինչպես կկառավարվի այս պրոցեսը, արդյոք նախարարությունն իր ողջ աշխատակազմով պատրա՞ստ է կառավարելի ձևով այս պրոցեսները իրականացնել, թե՞ լինելու է քաոս, պահանջելու են տեղերում գործ անել կամ մեղադրելու են ուսուցիչներին ու տնօրեններին թերացումների համար: Եթե լավ կառավարվի այս ամեն ինչը, լավ կլինի:

-Ասացիք, որ աննախադեպ պառակտված է ուսուցչական համայնքը: Արդյոք դա միտումնավոր քաղաքականությո՞ւն է, թե՞ վատ կառավարման հետևանք: 

-Ես որևէ փաստ չունեմ այդպիսի բան պնդելու, որ միտումնավոր է: Սա կրթության մեջ կոչվում է նեոլիբերալ քաղաքականություն, երբ  մարդկանց դնում են մրցակցության մեջ: Հիմա նախարարությունը որոշել է՝ ով  առարկային լավ է տիրապետում, ինքը շատ պետք է վարձատրվի: Բայց գիտության տեսանկյունից սա սխալ է, կրթության մեջ չկա մի բաղադրիչ, որը  մյուս բաղադրիչների հանդեպ առավելություն ունի: Չկա ապացույց, որ հենց առարկայի իմացությունն է ամենակարևորը: Գիտնականներն  ընդունում են, որ շատ կարևոր է առարկայի իմացությունը, բայց կան նաև այլ բաներ՝ ուսուցչի բնավորությունը, արժեքային համակարգը, մեթոդաբանությունը, ազատ ժամանակը:

Կարծում եմ՝ մեր պետությունը նույն կերպ պետք է խրախուսի այն ուսուցիչներին, որոնք դպրոցում կոնֆլիկտներ են լուծում կամ կանխարգելում, օգնում են բացահայտել և բացառել բռնության դեպքերը: Նման ուսուցիչներին ինչո՞ւ չենք խրախուսում: Եթե այն դեպքում ընդամենը առարկայի գիտելիք է, այս պարագայում մարդու կյանքի հարց է:  Եթե մենք ուսուցիչներին խրախուսենք ծնողների, ընտանիքների հետ խելացի աշխատելու համար, որ խնդիր նկատելու դեպքում միջամտեն, կանխարգելեն, ուսուցիչները դա կարող են անել: Նույն թմրամոլությունը վերցնենք, հիմա շատ է խոսվում դրա տարածվածության մասին, ուսուցիչն ու դասղեկը կարող են այդ ամենը վաղ բացահայտել, օգնել ծնողին, բայց մենք դրա համար ուսուցչին չենք խրախուսում: Ինձ համար այդ գործառույթն ավելի կարևոր է՝  կյանքը փրկելը, ապագա ձախողումներից փրկելը, քան օրինակ՝ քիմիայի գիտելիքների քանակը: Ավելի լավ է  ուսուցիչը մի քիչ քիչ առարկայական գիտելիք տա աշակերտին, բայց ընտանիքին օգուտ տա:

-Ուսումնական տարվա խնդիրներն արդյոք այսքանով սահմանափակվո՞ւմ են: 

-Սրանք խնդիրների մի մասն էին միայն: Լրջագույն խնդիր ենք ունենալու տնօրենների հետ կապված, քանի որ երկու ղեկավարի համակարգն է ներդրվելու: Դպրոցի տնօրենների ծրագրերը մեծ մասամբ չեն հաստատվում, բազմաթիվ դպրոցներ ամիսներով մնալու են առանց տնօրեն, ինչը  բերելու է նրան, որ հոգնեն և այլևս չուզենան տնօրեն լինել: Խնդիրները  շատ-շատ են, մենք ընդամենը մի քանիսը թվարկեցինք:

-Հաշվի առնելով թվարկված խնդիրները՝ ի՞նչ սպասել այս ուսումնական տարվանից: 

-Նոր չափորոշչի ներդրումը ուղեկցվում է  մի քանի հարակից ցնցումներով: Մեր դպրոցն այնքան երերուն վիճակում է, որ միանգամից այդքան ցնցում մեկ տարվա ընթացքում չպիտի անեինք, այդքան փոփոխությանը դիմանալու համար մենք պետք է ունենանք ուժեղ դպրոց: Չի կարելի երերուն հիմքերի վրա գտնվող կրթական համակարգում միանգամից այդքան փոփոխություն անել: Մենք պետք է զգույշ լինենք, մեր կրթական համակարգն այնքան տոկուն չէ, որ կարողանա այդքան ցնցումների դիմանալ: 

Լինելու են դպրոցներ, որոնք սեպտեմբերին կորցնելու են մի քանի ուսուցիչ միջին մասնագիտական կրթությամբ, գուցե կլինեն նաև կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներ: Եթե մարզային, գյուղական դպրոցը մի քանի ուսուցիչ կորցնի ուսումնական տարվա սկզբին,  ինչպե՞ս է  նոր ուսուցիչ գտնելու: Բացի այդ, իրենց կամքով էլ շատ ուսուցիչներ դուրս են գալիս, ամեն դպրոցից տարեկան 1-2 ուսուցիչ է հեռանում:  Ամեն տարի նախարարությունը պետք է ոչ միայն ուսուցիչների թվի բնական նվազումը փակի, այլև այս գործընթացների արդյունքում առաջացած բացերը, քանի որ հաջորդ տարի էլ կլինեն մասնագետներ, որոնք, օրինակ՝ չեն հաղթահարի ատեստավորումը և դուրս կմնան դպրոցից: 

-Պարոն Խաչատրյան, ֆիլտրեցինք, մասնագետների մի մասին դուրս թողեցինք: Այդքան ռեսուրս ունե՞նք՝  փոխարինելու  հեռացող ուսուցիչներին: 

-Չգիտեմ, դիմորդ էլ չունենք, դա է խնդիրը: Առաջիկա տարիներին խնդիրը շատ սուր չի լինի, քանի որ մեր երկրում դեռևս կան մարդիկ, որոնք նախորդ տարիներին են ավարտել, համակարգում չեն աշխատել, բայց կուզենան աշխատել: Դրա հաշվին մի փոքր կմեղմվի վիճակը, բայց  5-6 տարի հետո շատ սուր խնդիր կլինի:


 

հարցազրույց Սերոբ Խաչատրյան ուսումնական տարի խմբագրի ընտրանի դպրոց հանրակրթություն պետական չափորոշիչ ԿԳՄՍՆ

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին