Կրեմլը նախապատրաստում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան՝ մասնակցելու այս տարվա հոկտեմբերին կայանալիք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումին։ Գրել է Bloomberg-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։
Այս այցը կլինի Ռուսաստանի նախագահի առաջին արտասահմանյան այցն այս տարվա մարտից ի վեր, երբ Հաագայի Միջազգային քրեական դատարանը նրա ձերբակալության օրդեր էր արձակել։
Ըստ Bloomberg-ի՝ Պուտինն արդեն պաշտոնապես ընդունել է ֆորումին մասնակցելու՝ Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հրավերը, և այս մասին չինական կողմին տեղեկացրել է Կրեմլը։
Գործակալության զրուցակցի խոսքերով՝ ՌԴ նախագահը պատրաստ է այցելել միայն այն երկրները, որտեղ նրա անվտանգությունը լիովին երաշխավորված կլինի Միջազգային քրեական դատարանի օրդերի պայմաններում, և Չինաստանն այդպիսի պետություններից է։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հրաժարվել էր մեկնել Հարավաֆրիկյան Հանրապետություն ու Հնդկաստան՝ մասնակցելու BRICS-ի և G20-ի գագաթնաժողովներին:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ու Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը չեն արձագանքել Bloomberg-ի մեկնաբանության խնդրանքին։