f

Անկախ

Եթե ուսուցիչը մշտապես ըմբռնումով է մոտեցել պետական հոգսերին ու անտրտունջ կատարել հայրենանվեր իր գործը, չի նշանակում, որ թույլ օղակ է, և կարելի է ոտնահարել նրա իրավունքները․ մանկավարժ


Հաշվի առնելով գնաճը, սղաճը և այն հանգամանքը, որ ուսուցչի աշխատավարձը տարիներ շարունակ չի բարձրացվել, ուսուցչի դրույքի վարձատրությունը սահմանել 200 հազար դրամ։ Իսկ կամավոր ատեստավորման արդյունքում տրվող հավելավճարներն ավելացնել այդ գումարին։ Կամավոր ատեստավորման համար սահմանել չափորոշիչներ, ստեղծել պաշարների շտեմարաններ ըստ առարկաների։ Իսկ կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար ատեստավորման քննաթերթիկը կազմել տվյալ պահին՝ օնլայն  բազայից պատահականության սկզբունքով ընտրությամբ։ Ուսուցիչների համար ստեղծել ուղեցույցներ, որից ստեղծագործաբար կօգտվեն դասը կազմակերպելիս։ Մանկավարժի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նվազեցնել ուսուցչի ծանրաբեռնվածությունը՝ դրույքաչափը սահմանելով շաբաթական 16-18 ժամ։  Այս և նման բազմաթիվ առաջարկներ են «Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության անդամները ներկայացրել ԿԳՄՍՆ և ի պատասխան ստացել արձագանք, որ առաջարկները կառուցողական են և կքննարկվեն։ Մինչ օրս, սակայն, առաջարկներից և ոչ մեկը դեռևս կյանքի չի կոչվել։

«Ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում, համատարած գնաճի պայմաններում 100 հազարից  ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչը գտնվում է սոցիալական ծանր իրավիճակում և համարվում աղքատության շեմում գտնվող աշխատող քաղաքացի։ Միայն դրուքաչափը 200 հազար դրամ սահմանելուց  հետո իշխանությունները կարող են առաջարկել խրախուսանքի այլ միջոցներ, որպեսզի շատ ուսուցիչներ օրինակ՝ կամավոր ատեստավորման միջոցով իրենց աշխատավարձերը բարձրացնեն 30, 40, 50 տոկոսով»,- «Անկախի» հետ զրույցում ասում է նախաձեռնության անդամ, կենսաբանության ուսուցչուհի Արև Միքայելյանը՝ հիշեցնելով, որ մի շարք ոլորտներում պետական աշխատողները պարգևավճար են ստանում առանց որևէ քննության ու ատեստավորման։ 

Միքայելյանը, ամփոփելով նախաձեռնության շրջանակներում ըստ առարկաների իրականացված մասնագիտական  քննարկումները, ասում է, որ կամավոր ատեստավորման դիմել են այն մասնագետները, որոնք վստահ են իրենց ուժերին և ուսուցչական համակազմի կորիզն են կազմում։ Նրանց մի մասը չի հաղթահարել 60 տոկոսի շեմը ոչ թե գիտելիքների պակասի, այլ անորոշության,  անհասկանալի ձևաչափով կազմված քննատոմսերի, ժամանակի սղության պատճառով։ «Հիմա չհաղթահարողներին պարտադրվում է մասնակցել վերապատրաստումների և պարտադիր հանձնել քննությունը։ Հակառակ դեպքում կկորցնեն աշխատանքը։ Որո՞նք են այս պարտադրանքի օրինականության հիմքերը,- ասում է նա։-  Հավելենք, որ չկա «կամավոր»  ատեստավորման որևէ չափորոշիչ։ Իսկ կրթական միջավայրում որևէ գործունեություն առանց չափորոշչային հիմքի  անօրինական է։ Չի կարող օրենքը պարտադրել որևէ մեկին մի գործողություն կատարել, ինչը կամավորականության սկզբունքով է իրագործվում»։

Միքայելյանի հաղորդմամբ՝ կամավոր ատեստավորման մասնակցած և 60 տոկոսի շեմը չհաղթահարած մանկավարժները պատրաստվում են իրենց իրավունքները պաշտպանել դատական կարգով, մի մասն էլ պատրաստվում է թողնել դպրոցը։ «Ինքս քիմիայի 27 մասնագետի գիտեմ, որոնք սեպտեմբերից դպրոց չեն գնալու։ Բոլորն էլ հեղինակավոր մասնագետներ են, որոնց աշակերտները բարձր ցուցանիշներ են արձանագրում։ Ո՞վ է նրանց փոխարինելու»,- հարցնում է Միքայելյանը։ 

Մի կողմից մանկավարժների պակասի պատճառով ոչ մասնագիտական կրթություն ունեցողներին է հնարավորություն ընձեռվում դասավանդել դպրոցում, իսկ մյուս կողմից ոլորտից արհեստականորեն հեռացվում են մասնագիտական կրթություն և տարիների փորձ ունեցող մասնագետները։ 

Նա նշում է՝ շատ ուսուցիչներ, տեսնելով առաջին համարձակների դառը փորձը, մտադիր չեն մասնակցել ատեստավորմանը, քանի դեռ այն կամավոր է։ «Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞վ են քննատոմսը չհաղթահարածներն ավելի վատ ուսուցիչներ, քան ընդհանրապես կամավորին չմասնակցածները։ Ինչու՞ պետք է մեր երկրում լինի նման խտրական վերաբերմունք կամավորություն ցուցաբերած անձի նկատմամբ»,- ասում է նա։

Միքայելյանը որպես հավելավճար ստացող ուսուցիչ շեշտում է․ «Մեր դպրոցում 6 ուսուցիչ հավելավճար է ստանում, բայց այնպես չէ, որ մյուս ուսուցիչները պակաս են, բոլորն էլ լավ մասնագետներ են։ Բացի այդ, հավելավճարով չի լուծվում սոցիալական խնդիրը»։ 

 Ընդգծելով, որ այս խառնաշփոթի պատճառը կամավոր ատեստավորման չափորոշիչների բացակայությունն է, Միքայելյանը հարցնում է, թե ինչ է մատուցվելու վերապատրաստվող ուսուցիչներին այս անորոշության պայմաններում։ 

«Վերապատրաստողներն անգամ չգիտեն, թե ի՞նչ են վերապատրաստելու, ո՞ր թեմաներն ու ի՞նչ խորությամբ են մատուցելու, արդյոք  երբևէ հրատարակված դասագրքի ո՞ր փակագծում գրվածը կընդգրկվի քննաշարում, ի՞նչ որակի ու ի՞նչ բարդության թեստ կկազմվի, ո՞ր առարկայի հարցաշարը հաղթահարելիության ի՞նչ շեմ կունենա՝ սուբյեկտիվ պատճառներով։ Չհաշված, որ մարզերի բազում ուսուցիչներ խնդիր ունեն Երևան, Գյուրի կան Վանաձոր հասնելու, քանի որ վերապատրաստման կենտրոններն այդ քաղաքներում են լինելու»,- ասում է նա։

 Փորձառու մանկավարժը վստահ է՝ եթե մեր պետությունն ուզում է ուսուցիչների որակը բարձրացնել, պետք է մրցակցային միջավայր ու պայմաններ ստեղծի։ Իսկ ներկայիս ուսուցչի աշխատավարձը ոչ մի աղերս չունի այդ մթնոլորտի հետ։ Ավելին, մրցունակ կրթական համակարգ ունենալու գործում ուսուցչի աշխատավարձը մի գործոն է միայն, առավել կարևոր է դպրոցների պատշաճ ֆինանսավորումը և նյութատեխնիկական ու ծրագրային հագեցվածությունը։ Նա շեշտում է՝ սեպտեմբերից նոր չափորոշիչների կիրառմամբ պայմանավորված ուսուցիչներից  կպահանջվի նախագծային աշխատանք իրականացնել։ Իսկ ինչպե՞ս են նրանք դա անելու առանց ֆինանսավորման։ «Մի կավիճ ու մի գրատախտակ են տվել, ուզում են սեպտեմբերից նախագծային աշխատանքներ անենք։ Ուսուցիչն ինչու պետք է իր առանց այն էլ ցածր աշխատավարձից գումար հատկացնի և, օրինակ, գունավոր կավիճ, թուղթ կամ դասի անցկացման համար որևէ այլ պարագա գնի»,- հարցնում է նա։ Իր փորձից է պատմում․ «Նախագծային աշխատանք ես 98-ից եմ անում, քանի որ մի շարք միջազգային կազմակերպությունների հետ եմ համագործակցել։ Այս տարի էլ միջազգային ծրագրի շրջանակներում մի  հրաշալի նախագծային աշխատանք նախաձեռնեցի, որին մասնակցում էին դպրոցականներ նաև Ռուսաստանից, Չինաստանից, Հնդկաստանից, Թուրքիայից։ Կռունկների հիմնախնդիրներն էինք ուսումնասիրում։ Վերջում աշակերտները պետք է գնային «Արփի» ազգային պարկ՝ տեղում ուսումնասիրություն անելու և կռունկներին բնական միջավայրում դիտարկելու համար։ Ուր ասես դիմել եմ, որ տրանսպորտ հատկացնեն, հասնենք ազգային պարկ։ Ապարդյուն»։ 

Միքայելյանը շեշտում է՝ պահանջը կա, ֆինանսը չկա։ «Ինչու պետք է այդ ամբողջ բեռը թողնել ուսուցչի վրա, հետն էլ աշխատավարձ չտալ և հույս ունենալ, որ հանրակրթական դպրոցը  պետք է փայլի ու միջազգային մակարդակի հասնի»,- ասում է Միքայելյանը և կոչ անում հանրակրթական դպրոցները «Այբ»,  «Քվանտ» կամ այլ դպրոցների  հետ համեմատելուց առաջ նույնական ֆինանսավորում և աշխատանքային/կրթական  միջավայր ապահովել։ 

«Ինչպես միայն զինվորների հայրենասիրության ու քաջության վրա հիմնվելով՝ առանց ժամանակակից զենք ու զինամթերքի հնարավոր չէ պատերազմ հաղթել, այդպես էլ միայն ուսուցչի վեհության ու նվիրյալ լինելու վրա հիմնվելով չեք կարող պահանջել անմնացորդ նվիրում ու կրթական միջավայրի` միջազգային չափանիշներին համապատասխանություն,- ասում է նա։- Ամերիկյան կամ եվրոպական մոդելը հայկական «շուստրիությամբ տեղայնացնելուց» առաջ մի հատ նայեք, թե այդ երկրներում կրթության և մասնավորապես՝ դպրոցի վրա աշակերտ թվով ինչքա՞ն գումար են ծախսում։ Ինչպես առանց զենքի հզոր բանակ չես ունենա, այնպես էլ առանց ներդրման դպրոցը չի բավարարի մեր երազանքների պահանջը»։


Խոսելով ուսուցիչների հանդեպ պետության վարած քաղաքականության մասին՝ Միքայելյանը նշում է՝ ԱԺ Գիտության, կրթության, սփյուռքի, մշակույթի,  երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը հարցրել են՝ ունեն արդյոք բավարար ֆինանսական միջոցներ բոլոր ուսուցիչներին հավելավճար տալու, եթե բոլորը անցնեն ատեստավորումը։ Ստացել են դրական պատասխան և հավելում, որ պարզապես չեն  ուզում անգրագետ ուսուցիչներին բարձր վճարել։  Հակադարձելով այս մոտեցմանը՝ Միքայելյանն ասում է՝ առաջարկվածը ոչ թե բարձր, այլ միջին աշխատավարձ է։ Բացի այդ, վատ մասնագետներ կան ցանկացած ոլորտում, իսկ խնդրի լուծումը մրցակցային պայմաններ ապահովելն է, ոչ թե այնպես անելը, որ լավ մասնագետները ոլորտից հեռանան։ 

« Ցանկացած ոլորտում կարող են  լինել մի քանի մասնագետներ, որ որակյալ չլինեն։ Դրա համար մրցակցային միջավայր է պետք ստեղծել։ Հնարավորություն տվեք, որ ուսուցիչը աճի, զարգանա»,- ասում է նա և հավելում, որ նախարարությանն առաջարկել են 5 տարին մեկ կազմակերպվող վերապատրաստումների փոխարեն ուսուցիչներից այդ պարբերականությամբ օրինակելի թեմատիկ պլաններ պահանջել։  «Հավաքագրված բազայից  յուրաքանչյուր թեմայից լավագույն տասնյակը կարող են մեկտեղել և ուսուցիչների համար ուղեցույց պատրաստել։ Անգամ չսովորած ուսուցչի ձեռքը ձեռնարկ տաք, նա գոնե դասից առաջ կբացի, կկարդա, դասի նպատակն ու խնդիրները կհասկանա, թեստերի նմուշները, լրացուցիչ նյութը  կօգտագործի ու լավ դաս կանցկացնի։ Ուսուցիչն իր վրա կաշխատի ու կզարգանա։ Մի՞թե նպատակը դա չէ։ Իսկ կամավոր ատեստավորումը  ոչ թե իմացությունն է ստուգում, այլ չիմացության մակարդակը»,- ասում է նա։

Միքայելյանի կարծիքով՝ ամենայան հավանականությամբ  դիտավորությամբ  են թեստերն ու գործընթացն այնպիսին, որ հնարավորինս քիչ ուսուցիչներ կարողանան հաղթահարել անցողիկ  շեմը։

«Եթե նպատակը լավ, որակյալ ուսուցիչներ ունենալն է, բազա ստեղծեք, թող մարդիկ սովորեն, եթե չգիտեն։ Եթե չմասնակցեցին կամավոր ատեստավորմանը, միևնույն է, շարունակելու են դպրոցում աշխատել։ Եթե  համարում եք որ անգրագետ ենք, այդ թվում և ես, օգնեք, որ գրագետ դառնանք»,- ասում է նա։ 

Մանկավարժի խոսքով՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ դպրոցում աշխատող ուսուցիչը պետք է ապահովված, բարեկեցիկ ընտանիք ունենա, որ իր հաճույքի համար աշխատի, բայց ներկա  ծանրաբեռնվածության ու մեծ պատասխանատվության պայմաններում ո՞վ պետք է նման աշխատանքը կամավորական հիմունքներով  կատարի։ 

«Հավելեմ, որ գումարը չէ, որն ուսուցչին խթանում է որակյալ աշխատել։ Երբ դասարան ես մտնում, չես մտածում աշխատավարձիդ չափի մասին, նվիրումով քո գործն ես անում։ Գումարը պարզապես մարդու աշխատանքը գնահատելու ամենակարևոր միջոցներից է։ Ուսուցիչն էլ մարդ է ու կարիք ունի արժանապատիվ աշխատավարձի ու գնահատանքի։ Պետությունը պետք է ազնիվ գործատուի պես վարվի ուսուցչի հետ։ Ու այս խնդիրն ավելի շատ պետք է պետությանը մտահոգեր, ոչ թե ուսուցչին»,- ասում է Միքայելյանը։

Նա համոզված է՝ այն անձնավորությունները, որոնք մտածել են այսպիսի ծրագիր ներդնել, իրենք կրթական համակարգի դեմ մեծ հանցանք են կատարել․ «Եթե ղեկավար լինեի,  առաջին հերթին իրենցից կազատվեի, քանի որ  այսպես ամենաուժեղ հարվածն են հասցնում կրթական համակարգի հիմքերին։ Ո՞րն է իրենց նպատակը՝ կրթական համակարգը բարելավե՞լը, թե՞ այնպես անելը, որ որոշ ուսուցիչների աշխատավարձը բարձրանա և իրենք կարողանան ասել՝  մեր խոստումը կատարել ենք, ուսուցչի աշխատավարձը բարձրացրել ենք, քանի որ անգրագետ եք, չկարողացաք արժանանալ այդ բարձր աշխատավարձին»։

Ամփոփելով՝ Միքայելյանը նշում է․  կամավոր ատեստավորման ծրագիրն, ըստ ուսուցիչների, միտված է ոչ թե իրենց  աշխատավարձերը բարձրացնելուն, այլ  արժանապատվությունը ոտնահարելուն․  «Այն որևէ կերպ հնարավորություն չի տա կրթության որակը բարձրացնել։ Մենք  ողջունում ենք աշխարհին համաքայլ գնալու պետության ձգտումը։ Բայց մի պահ նայենք՝ արդյո՞ք ուսուցչին և դպրոցին բավարար ֆինանսական ու նյութատեխնիկական բազա տրամադրվե՞լ է, կա՞ գործիքակազմ, որով բարեփոխումներ ենք փորձում իրականացնել։ Կարծես մարդուց պահանջում են փայտի միջից հանել պտուտակամեխն առանց գործիքի։ Նա կվնասի մատները, եղունգերը, բայց չի կարողանա դա անել։ Վերջում ստիպված կլինի կոտրել փայտը, որ պտուտակը հանի։ Չլինի, որ մեր կրթական համակարգն այդ փայտի օրն ընկնի»։

Միքայելյանը վստահեցնում է՝  կամավոր ատեստավորումը  միավորել է բոլոր ուսուցիչներին, քանի որ ոտնահարվել է այս նվիրյալ աշխատողների արժանապատվությունը․ «Եթե ուսուցիչը մշտապես ըմբռնումով է մոտեցել պետական հոգսերին ու անտրտունջ կատարել  հայրենանվեր իր գործը,  չի նշանակում, որ թույլ օղակ է, և կարելի է ոտնահարել նրա իրավունքները։ Չէ՞ որ ըստ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի՝ «Մարդը բարձրագույն արժեք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»»։

 

կրթության որակ կամավոր ատեստավորում ԿԳՄՍՆ Արև Միքայելյան խմբագրի ընտրանի դպրոց հանրակրթություն

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին