f

Անկախ

«Ցավ է, որ ոչ միայն Թալիշը, այլև Արցախն ենք կորցրել». հերոս Սարգիս Սահակյանի մայր


Հայրենիքի կանչով

Հրազդանի բազմաբնակարան շենքերից մեկի պատին սևաչյա երիտասարդի նկարն է` կողքին գրված` Ռուսկի, որ խոհուն հայացքով անցորդներին կարծես կանչում է` կանգնի՛ր, կարևոր բան պետք է ասեմ: Հրազդանցի Սարգիս Սահակյանն է` Արցախյան քառօրյա պատերազմի անմահ հերոսը:

Սարգիսը չորս տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել էր Ռուսաստանի Դաշնություն: Տասնհինգ տարի այնտեղ ապրելուց հետո չափահաս Սարգիսը մի օր որոշում է հետ վերադառնալ Հայաստան: Հայրը կտրականապես դեմ էր դրան, բայց մայրը դրական է ընդունել:

Սարգիսը չի լսել հորն ու համառորեն մերժել է. «Գնում եմ Հայաստան: Ո՛չ, հիմա ես եմ որոշում` որտեղ պետք է ծառայել: Ես իմ հայրենիքում պետք է ծառայեմ, մեծ բարձունքների հասնեմ»:

2014 թվականի հուլիսի 22-ին Սարգիս Սահակյանը զորակոչվել է բանակ` սկզբում ծառայության անցնելով Մատաղիսի զորամասում, հետո` Թալիշի զորամասում: Բանակում նրա հետ Սարգիս անունով ուրիշ տղա էլ էր ծառայում, որի համար Սաքոյին Ռուսկի են կոչել:

«Երբեք չի տրտնջացել ծառայությունից: Շատ գոհ էր, սիրված ու հարգված` ծառայակիցների և հրամանատարության կողմից: Ես հաճախ էի գնում Արցախ: Կարոտը խեղդում էր»,-ասում է տիկին Թամարան:

Մոր խոսքով` որդու ծառայությունը դժվար չի տարել, որդին էլ չի դժգոհել դրանից, պարտաճանաչ զանգում էր: Արձակուրդի ժամանակ միշտ անակնկալ էր անում ծնողներին և քրոջը: Պարզ հիշում է` վերջին  արձակուրդը հունվարին էր, իսկ ապրիլին զոհվել էր Սարգիսը:

«Կարոտս առա: Սաքոս էլ ասում էր` ուզու՞մ ես այնպես անեմ, որ չհասած Արցախ` նորից հետ գտամ: Հպարտություն էի ապրում»,- արցունքները զսպել չկարողանալով` պատմում է մայրը:         

Դեռ 2012 թվականին տիկին Թամարան դստեր հետ Հայաստան էր եկել: Երկար մնալ չի կարողացել. որդուն շատ էր կարոտում: Աղջիկն ամուսնացել է, ինքն էլ վերադարձել է որդու մոտ:

«Անընդհատ փշերի վրա էի: Մտածում էի` շուտ հասնել նրան»,-ասում է նա:

Փոքրուց Սարգիսը տարբեր մարզաձևերով է զբաղվել, բայց առավել ֆուտբոլն էր սիրում: Մրցաշարերից միշտ հաղթանակով ու մեդալներով էր վերադառնում: Երազում էր հանդիպել Հենրիխ Մխիթարյանին: Մեծ սեր ուներ համակարգչի նկատմամբ: Ինքնուս համակարգչային ծրագրեր էր սովորում, կատարելագործվում այդ բնագավառում:

«Յուրաքանչյուր սպորտի մեջ տեսնում էր իրեն»,- ասում է մայրը:

Քույրը` Ռուզաննան, պատմում է, որ եղբոր հետ շատ կապված են եղել, միշտ միասին են եղել: Դասերն ավարտելուց հետո Սարգիսը երկար կանգնում էր անձրևի տակ և սպասում քրոջը:

«Երկուսով լավ մանկություն ենք ունեցել: Հիմա նայում եմ իմ երեխաներին և մտածում, որ նրանք մեր մանկության օրերը չեն ապրի»,-ասում է նա:

Պատմում է, որ փոքրուց Սարգիսը շատ համարձակ և արկածախնդիր էր. միայնակ տատիկի ու պապիկի տուն է հասել: Եղբոր մասին սիրով ու ակնածանքով է խոսում: Խոստովանում է` հոգու դատարկությունը ոչ մի բանով չի լցվում: Հիշում է, որ մի օր իրենց տան դուռը քեռու որդին է բացել`զինվորական համազգեստով: Ռուզաննան մի պահ կարծել է` Սարգիսն է վերադարձել:

Գնդացրորդ Սարգիսը

Ոչ ոք չի մոռացվել… ոչինչ չի մոռացվել…

Յոթ տարի է անցել Քառօրյա պատերազմից: Սարգիսը չկա, նրա արյամբ պահված Թալիշում ոսոխ թշնամին ամեն լուսաբացին մուղամ է լսում և հոխորտում: Վերևում` ամենաբարձրում, համառորեն խաղաղ ու համբերատար Սարգիսն է ժպտում` գուցե ներելով իրենից պակաս հայրենատեր լինելու մեր թուլությունն ու անկարողությունը:

Տիկին Թամարան պատմում է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ անբացատրելի տագնապով է արթնացել: Անգամ հարևանի դրած սուրճը չի խմել: Որդու զանգին էր անհամբեր սպասում: Սկզբում չի գիտակցել, որ պատերազմ է: Երբ իմացել է, շտապել է եկեղեցի, բայց մոմերն այդպես էլ վառել չի կարողացել:

«Տարօրինակ զգացողություն էր մոտս. չէի ուզում տնից դուրս գալ: Այնպես դառն ուզում էի լացել, սիրտս մրմռում էր»,-ասում է տիկին Թամարան:

Սարգիսը պատերազմի մասին ոչինչ չի պատմել մորը: Զանգել էր քեռուն և խնդրել, որ թույլ չտան մայրը հեռուստատեսությամբ լուրերին հետևի: Երբ հեռախոսազանգի ժամանակ կրակոցների ձայներ է լսել, որդին ասել է. «Տղերքը խրամատ են փորում, ցեխը քարով ու փայտով են հանում, դրանց ձայներն են»:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններ է ծավալել` կիրառելով ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Սարգիսն ու իր մարտական ընկերները հերոսաբար մարտնչել են թշնամու դեմ` նրան պատճառելով մարդկային և զինտեխնիկայի կորուստներ: Տղաները երկու անգամ հակահարձակման են անցել: Երկրորդ մարտը Սարգսի համար ճակատագրական է եղել: Հերոս Սարգիսը զոհվել է Թալիշում` ապրիլի 3-ին`հետ շպրտելով թշնամուն և կանխելով նրա առաջխաղացումը:

Յոթ տարի է անցել, բայց մայրը լավ հիշում է ապրիլի 3-ին` ժամը 11:30-ին, որդու հետ վերջին հեռախոսազանգը:

«Մամ ջան, էլի կզանգեմ». ասել է Սաքոն` այդպես էլ չզանգելով:

Որդու զոհվելու լուրը տիկին Թամարային եղբայրն է հայտնել: Շտապ օգնության մեքենայով են տարել նրա մոտ: Հիմա ցավը սուր հիշողությամբ գրկել է նրան, ամեն վայրկյան զգացնել տալիս իր մասին:

«Յոթ տարի է արդեն` ես իմ որդու գերեզմանից չեմ կտրվում»,-արցունքները թաքցնելու համար աչքերն է փակում մայրը:

Մոր խոսքով` որդին չէր սիրում, որ մայրը մենակ էր մնում: Հիմա տիկին Թամարան միայնակ է տանում որդու կորստյան ցավը, երկար նստում և զրուցում է նրա նկարների հետ:

«Մինչև հիմա չեմ համակերպվում, որ որդիս չկա: Սպասում եմ` գա, դուռս ծեծի»,-ասում է նա:

Տիկին Թամարան անկեղծանում է` որդու մարտական ընկերներից ոչ ոք այդպես էլ չի եկել իրենց տուն: Խոստացել էին` նրա իրերից բերել, բայց այդպես էլ այդ դրանք չեն հասել մորը: Ծառայակից ընկերները տիկին Թամարային ասել են, որ շատ են ափսոսում, որ Ռուսկիի նման ընկեր են կորցրել: Մի օր տիկին Թամարայի եղբորորդին 44-օրյա պատերազմից Սաքոյի վրեժի փամփուշտն էր բերել նրա համար: Արցախյան 44-օրյա պատերազմը ցավով է տարել նա, ամեն զոհվող զինվորի համար մղկտացել է,չէ որ  բոլորին իրենն է համարել:

«Շատ մեծ ցավ եմ ապրում, որ ոչ միայն Թալիշը, այլև Արցախն ենք կորցրել: Իմ տղան կյանք է տվել այդ հողի համար: Շատ կուզեմ, որ նորից գնամ Արցախ, նպատակ ունեմ Սաքոյի հիշատակին խաչքար կանգնեցնել այնտեղ»,-ասում է մայրը:

Սարգիս Սահակյանը հուղարկավորվել է Հրազդանի գերեզմանատանը: Հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի հրամանով «Արիություն» մեդալով, ՀՀ նախագահի հրամանով` «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից` «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով, Երկրապահ կամավորականների միության կողմից`«Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան Սարգիս Սահակյան Ապրիլյան պատերազմ Հայաստան խմբագրի ընտրանի

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին