Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է դիմել Չինաստանին՝ մի պլանով, որը, նրա կարծիքով, կարող է բանակցությունների հանգեցնել Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին։
«Մակրոնը ցանկանում է բեկել հուսահատեցնող դիվանագիտական քայլերի շարքը՝ դիմելով Չինաստանին մի պլանով, որը, ինչպես ինքն է կարծում, կարող է հանգեցնել բանակցությունների Մոսկվայի եւ Կիեւի միջեւ»,- նշվել է հրապարակման մեջ։
Գործակալության տեղեկացմամբ՝ Ֆրանսիայի նախագահը հանձնարարել է իր դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնին աշխատել Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Իի հետ՝ բանակցությունների հիմքի ձեւավորման համար։
Bloomberg-ը նշել է, որ Մակրոնի գրասենյակի պաշտոնյան հաստատել է, որ Բոնը նախատեսում է բանակցել չինացի գործընկերոջ հետ, սակայն ապագա հանդիպման մանրամասները չի նշել։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղեկացրել են, որ այժմ դժվար է հաստատել այս տեղեկության իսկությունը։