f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Կիրակի օրվա տվյալներով՝ Covid-19-ով վարակվածների թիվն աշխարհում հատեց 4 միլիոնի սահմանը՝ 4 001 585 մարդ, մահացել է 279 489 մարդ:  

Ռուսաստանը հինգերորդ տեղում է վարակվածների թվով, այն հասել է 209 688-ի, հինգշաբթի օրը նա առաջ անցավ Ֆրանսիայից և Գերմանիայից ու մոտեցավ Բրիտանիային, որտեղ շաբաթ օրը գրանցվել է 212 629 դեպք: Նախորդ կիրակիից սկսած՝ Ռուսաստանում նոր վարակվածների թիվը շարունակում օրական աճել ավելի քան 10 հազարով:

Ամենից շատ տուժել են Միացյալ Նահանգները, որտեղ մահացել է ավելի քան 77 հազար մարդ, Մեծ Բրիտանիան՝ 31,3 հազար և Իտալիան՝  30,3 հազար: Պաշտոնական տվյալները տարբեր երկրներից արձանագրում է ԱՄՆ-ի Ջոնս Հոպկինսի համալսարանը:

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը ֆեյք օգտատերերի միջոցով սոցցանցերում ապատեղեկատվություն են տարածում կորոնավիրուսի մասին, իսկ Սպիտակ տանը վարակման նոր դեպք է հայտնաբերվել, այս անգամ՝ փոխնախագահի օգնականուհին:

Նոր բռնկում Հարավային Կորեայում ակումբների բացումից հետո

Հարավային Կորեայի իշխանությունները փորձում են արագ զսպել կորոնավիրուսի վարակի նոր բռնկումը, որ նկատվում է Սեուլում բարերի և գիշերային ակումբների բացումից հետո:

Շաբաթ օրը Կորեայի հիվանդությունների հսկողության և կանխարգելման կենտրոնը տեղեկացրեց վարակման 18 նոր դեպքերի մասին, որոնք հիվանդացածների թիվը հասցրին 10 840-ի:

Այդ 18 դեպքերից 17-ը կապված են 29-ամյա տղամարդու հետ, որը անցած հանգստյան օրերին Սեուլի զվարճությունների շրջանում այցելել է գիշերային ակումբ: Առողջապահության նախարարությունը փորձում է հետևել այդ շրջանի մշտաբնակներին, որպեսզի թեստավորի նրանց և հանձնարարի մեկուսանալ:

Սեուլի քաղաքապետը կարգադրել է կրկին անորոշ ժամանակով փակել բոլոր բարերն ու ակումբները քաղաքում: «Անզգուշությունը կարող է նոր դեպքերի բուռն աճ հարուցել»,- ասել է նա:

Աշխարհի փորձագետները բարձր են գնահատում համաճարակի դեմ պայքարի հարավկորեական ռազմավարությունը, որը ներառում է վարակվածների մեկուսացումը, նրանց հետ շփվածներին հետևելը, իրավիճակի անընդմեջ գնահատումը և զանգվածային թեստավորումը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 75-ամյակը և թագուհու նոր ուղերձը

Ուրբաթ երեկոյան  Եղիսաբեթ II թագուհին հանդես եկավ խորաթափանց ուղերձով  Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ:

Նշելով, որ փողոցային միջոցառումները  ստիպված են եղել չեղարկել կորոնավիրուսի պատճառով, նա վստահություն հայնտնեց, որ ամայի փողոցներն իրականում դատարկ չեն, քանի որ լցված են սիրով:

«Այսօր ծանր է մեզ համար, որ չենք կարող տոնել այդ կարևոր տարեդարձն այնպես, ինչպես կուզենայինք: Բայց մենք հիշում ենք այդ մասին մեր տանը և մեր շեմին»,- ասել է թագուհին:

Սա թագուհու երկրորդ ուղերձն էր վերջին ամսվա ընթացքում: Ապրիլի սկզբին նա հանդես եկավ կորոնավիրուսի մասին ուղերձով: Սովորաբար թագուհին հաճախ չի դիմում բրիտանացիներին, միայն Սուրբ Ծնունդին և չափազանց կարևոր իրադարձությունների կապակցությամբ:

Հաղթանակի օրվա առթիվ ներկայիս ուղերձում 94-ամյա թագուհին հատուկ շնորհակալություն հայտնեց պատերազմն ապրած սերնդին:

«Նրանք զոհաբերեցին ամեն ինչ հանուն նրա, որ մեր ընտանիքները և համայնքները կարողանային ապրել անվտանգության պայմաններում»,- ասել է Եղիսաբեթ II-ը:

Ելույթի ժամանակ սեղանին՝ թագուհու առջև, դրված էր պաշտպանիչ բանակային գլխարկը:

Երբ պատերազմը մոտ էր ավարտին նա 18 տարեկան հասակում համոզեց հորը՝ թագավոր Գեորգ VI-ին թողնել, որ դաընթաց անցնի և մտնի Կանանց օժանդակ տարածքային զորամիավորում որպես բեռնատարի վարորդ և ավտոմեխանիկ: Նա առաջին կինն էր թագավորական ընտանիքից, որ ծառայեց բանակում:

Ճիշտ 75 տարի առաջ թագավորական ընտանիքը գործուն մասնակցություն ունեցավ հաղթանակի տոնակատարությանը: Նացիստական Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի մասին վարչապետ Չերչիլի ճառից հետո ազգին դիմեց ուղերձով Գեորգ VI-ը:

Լոնդոնի և մյուս քաղաքների կենտրոնները լեփ-լեցուն էին, փողոցներով մեկ սեղան էր գցված. մարդիկ տնից սեղաններ ու աթոռներ էին տանում և միասին տոնում էին, երգում ու պարում:

Ապագա թագուհի Եղիսաբեթին և նրա կրտսեր քրոջը՝ արքայադուստր Մարգարետին թույլ տվեցին դուրս գալ Բուկինգեմի պալատից, և նրանք որպես սովորական քաղաքացի միացան տոնակատարությանը: Դա թագուհին նկարագրել է իբրև իր կյանքի ամենավառ իրադարձություն և ներկայիս ուղերձում վերհիշեց այն ուրախությամբ լի մթնոլորտը և ազգի միասնության զգացումը, որ ունեցել էր 75 տարի առաջ:  

Վերադառնալով մեր օրերին՝ թագուհին ճառն ավարտեց բարձր նոտայով՝ գովաբանելով Միացյալ թագավորության բնակիչներին կարանտինի կանոններին հետևելու պատրաստակամության համար.

«Երբ ես նայում եմ մեր երկրին այսօր և տեսնում եմ, թե ինչի ենք մենք պատրաստ հանուն այն բանի, որ պաշտպանենք և աջակցենք միմյանց, հպարտությամբ եմ ասում, որ մենք նախկինի պես այն ժողովուրդն ենք, որին կճանաչեին և որով կհիանային այն զինվորները, նավաստիներն ու օդաչուները»:

 

Իսրայելը վերջապես կառավարություն կունենա

Չորեքշաբթի երեկոյան Իսրայելի գերագույն դատարանը երկու կարևոր որոշում ընդունեց երկրի ապագայի վերաբերյալ, որն արդեն մի տարի մնացել է առանց կառավարության: Դատավորները միաձայն որոշեցին, որ երկրի գործող վարչապետ Բենիամին Նաթանյահուն կարող է ղեկավարել նոր կառավարությունը, չնայած նրա դեմ քրեական գործ է հարուցված կոռուպցիայի կասկածանքով: Միաժամանակ դատարանը մերժեց Նաթանյահուի և «Կահոլ-Լավան» դաշինքի առաջնորդ Բեննի Գանցի համաձայնությունը օրենքին անհամապատասխան ճանաչելը:

Անցած տարում Իսրայելի քաղաքացիները երեք անգամ քվեարկեցին համընդհանուր ընտրություններում, որոնց արդյունքներով ոչ մեծ առավելությամբ հաղթեցին երկու գլխավոր կուսակցությունները՝ «Լիքուդը» և «Կահոլ-Լավանը»: Սակայն ամեն անգամ առավելությունը չէր բավականացնում կառավարություն ձևավորելու համար: Ապրիլին Նաթանյահուն և Գանցը վերջապես կոալիցիա կազմելու համաձայնության եկան, Գանցի կողմնակիցները դա դավաճանություն համարեցին և փորձեցին վիճարկել դրա օրինականությունը գերագույն դատարանում:

Երկու հոռետեսական զեկույց Չինաստանի մասին

«Հինգ աչք» (Five Eye հետախուզական դաշինքը, որ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հետախուզությունների միավորումն է, 15 էջանոց զեկույցում գրում է, որ Չինաստանի իշխանությունները վտանգի տակ են դրել մյուս երկրներին՝ գիտակցաբար թաքցնելով կորոնավիրուսի մասին տեղեկությունները: Այդ մասին անցած շաբաթ տեղեկացրեց Sunday Telegraph ավստրալական թերթը:

Զեկույցում, ըստ թերթի ունեցած տեղեկությունների, ասվում է, որ Չինաստանի իշխանությունները ստիպել են լռել այն բժիշկներին, որոնք փորձել են հայտնել աշխարհին վտանգի մասին, ոչնչացրել են լաբորատոր փորձերի հետքերը և հրաժարվել են նմուշները արտասահմանյան գիտնականներին տալ, որոնք աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ուղղությամբ:

Պեկինը բախվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով հարաճուն թշնամությանը, ինչը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի հետ հակամարտության: Այդ մասին, ինչպես պարզել է  «Ռոյթերը», ասվում է Չինաստանի իշխանություններին ներկայացված զեկույցում, որը կազմել է երկրի միջազգային հարաբերությունների ակադեմիան: Զեկույցի հեղինակները եկել են այն եզրակացության, որ հակաչինական տրամադրություններն աշխարհում երբեք այսքան բարձր չեն եղել 1989 թ. ի վեր:

Համավարակից հետո Պեկինը ստիպված կլինի գործ ունենալ հակաչինական տրամադրությունների ալիքի հետ և առաջին հերթին Միացյալ Նահանգների կողմից, ասվում է այդ փաստաթղթում, և նա պետք է պատրաստ լինի վատագույն սցենարին, որը ենթադրում է երկու պետությունների ռազմական բախում:

 

Իռլանդացիները վերադարձնում են պարտքերը ԱՄՆ-ի հնդկացիներին

Հազարավոր իռլանդացիներ դրամ են հավաքում, որպեսզի վերադարձնեն 173 տարվա վաղեմության պարտքը հյուսիսամերիկյան հնդկացի ցեղին:

Բանն այն է, որ 1847 թ. չոկտո ժողովուրդը, որ ապրում էր ներկայիս Օկլահոմա և Միսսիսիպի նահանգների տարածքում, մարդասիրական օգնություն է ցույց տվել իռլանդացիներին այնտեղ մոլեգնող Մեծ սովի տարիներին (1845-1849): Հնդկացիները սովյալներին 710 դոլար են ուղարկել: Ի նշան երախտագիտության իռլանդացիները իրենց մոտ՝ Քորք կոմսությունում, արձան են կանգնեցրել ինը մեծ փետուրների տեսքով:

Իսկ այժմ Covid-19 համավարակի վերելքի ժամանակ օգնության կարիք ունեն Հյուսիսային Ամերիկայի ժողովուրդները, և իռլանդացիները հանգանակություն են նախաձեռնել ու հավաքել են գրեթե 2 մլն դոլար նավահո և հոպի ժողովուրդների համար:  

Օքսֆորդի համալսարանը չի հրաժարվի անհանդուրժողական տեքստերից

Օքսֆորդի համալսարանի ղեկավարությունը մերժել է ուսանողների ընկերակցության այն խմբի դիմումը, որով առաջարկվում էր ուսումնական ծրագրերից հանել այն նյութերը, որոնք մարդատյաց և կնատյաց տրամադրություններ են բովանդակում:

Նախաձեռնությունը Օքսֆորդի համալսարանի ԼԳԲՏ համայնքի ակտիվիստներինն էր, նրանք վրդովված են, որ ստիպված են կարդալ նման տեքստեր: Բուհի ղեկավարությունը հայտարարել է, որ հասկանում է, թե ինչու են որոշ ուսումնական նյութեր ուսանողները ընկալում որպես վիրավորական կամ արմատական, սակայն խոսքի ազատությունը օրենքի շրջանակներում միշտ էլ եղել է համալսարանի աշխատանքի հիմքը:

Քաղաքական զտումներն Ադրբեջանում

BBC-ի թղթակիցը Բաքվում՝ Մագգերամ Զեյնալովը, գրել է, որ Ադրբեջանում շարունակվում է իշխանության մաքրումը «հին գվարդայից»: Դեռ անցած տարվա աշնանը սկսված ձերբակալությունները և միջին օղակի պաշտոնյաների ազատումները չեն դադարել նաև համավարկի և խիստ կարանտինի պայմաններում:

Այս արշավը հետզհետե ավելի մասշտաբային է դառնում. ազատված պաշտոնյաների և պետծառայողների ցուցակներում հայտնվում են շատ ազդեցիկ մարդիկ, մասնավորապես գլխավոր դատախազը, որ պաշտոնավարել է 20 տարի: Ըստ մի վարկածի՝ զտումները պաշտոնյաների շարքերում կապված են կորոնավիրուսի հետևանքով մեծ կորուստների և նավթի գների անկման հետ:

 

Սահակաշվիլին վերադարձավ ուկրաինական քաղաքականություն

Միխայիլ Սահակաշվիլին, որին տարբեր պաշտոններ էին կանխատեսում Ուկրաինայի իշխանություններում, վերջապես պաշտոն ստացավ: Նախագահ Վլադիմիր Զելենսկին նշանակել է նրան բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար:

Խորհուրդը ստեղծվել է 2014 թ. օգոստոսին, սակայն նրա գործունեությունը մինչև հիմա նկատելի չէր հասարակության համար: Խորհրդի ամենամեծ արձագանք ունեցած նիստը տեղի է ունեցել 2015 թ. դեկտեմբերին, երբ դրա մասնակիցներից մեկը Սահակաշվիլին էր, որ այն ժամանակ զբաղեցնում էր Օդեսայի նահանգապետի պաշտոնը: Խորհրդակցության ժամանակ նա և ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը բախվեցին. նրանք հայհոյում էին և իրար վրա ջրով բաժակներ շպրտում: Ինչպես երևում է, երկու քաղաքական գործիչները դարձյալ հայտնվելու են նույն խորհրդում:

 

 

 

Աշխարհում գլխավոր իրադարձություններ կորոնավիրուս

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին