f

Անկախ

Եթե հաճախ եք հիվանդանում․․․Իմունիտետը թուլացնող ոչ ակնհայտ պատճառներ


Հայտնի է, որ ծխելը, ալկոհոլը, անառողջ սնունդը, քնի պակասն ու սթրեսները բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա և թուլացնում են իմունիտետը։ Բայց կան նաև այլ, ոչ ակնհայտ գործոններ, որոնք նույնպես վատ են անդրադառնում օրգանիզմի դիմադրողականության վրա։

«Կարելի է առանձնացնել մի շարք սովորություններ, որոնք թուլացնում են իմունիտետը։ Ընդ որում, մարդիկ այդ գործողությունները կատարում են՝ կարծելով, որ այդպիսով հոգ են տանում իրենց առողջության մասին»,- ասում է բժիշկ-ախտաբան Իրինա Տերեշենկոն՝ խոսելով գործոնների մասին, որոնք հաճախ հիվանդանալու պատճառներից են։

Հակամանրէային օճառների չարաշահումը

Հատկապես կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր խանութները լեցուն են հակամանրէային օճառների տեսականիով։ Մարդիկ էլ սովորական օճառները փոխարինել են հակամանրէային օճառներով՝ կարծելով, որ այդպես ավելի լավ է։ Բայց ճիշտ հակառակը։

Հակամանրէային օճառներն ավելի ագրեսիվ են մաշկի նկատմամբ, դրանք պարունակում են նյութեր, որոնք սպանում են մանրէները, այդ թվում և այն մանրէները, որոնք սովորաբար ապրում են մաշկային ծածկույթի վրա։

Այդ օճառները նաև մաքրում են լիպիդային ծածկույթը, որը մարդուն պաշտպանում է զանազան ինֆեկցիաներից։ Բացի այդ, տրիկլոզանի (հակամանրէային օճառների հիմնական ազդող նյութը) ամենօրյա օգտագործման հետևանքով մանրէները սովորում են այդ նյութին, կայուն են դառնում։ Արդյունքում այդ նյութն ու  հակամանրէային օճառներն ապագայում կարող են անօգուտ դառնալ։

Բժիշկը խորհուրդ է տալիս հակամանրէային օճառ օգտագործել միայն անհրաժեշտության դեպքում, օրինակ՝ երբ գրիպով կամ կորոնավիրուսով հիվանդ մարդու հետ եք շփվել, կամ հանրային տրանսպորտից օգտվելուց հետո։ Մնացած դեպքերում բավարար է սովորական օճառով և գոլ ջրով ձեռքերը լվանալը։

Հակաբիոտիկների անկանոն ընդունումը

Չնայած տարիներ շարունակ հանրությանը առողջապահական կազմակերպությունները լայնորեն իրազեկում են հակաբիոտիկների օգտագործման վնասների մասին, մինչ օրս շատ հիվանդներ շարունակում են առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ օգտագործել։ Բայց դա ոչ միայն արդյունավետ չէ բուժման տեսանկյունից, այլ դեռ մի բան էլ վնաս է։

Նախ, առանց բժշկի զննության հիվանդն ինքը չի կարող որոշել՝ ծանր գրիպ է տանում, թե մանրէային թոքաբորբ։ Իսկ հակաբիոտիկները ազդում  են միայն մանրէների վրա, և անարդյունավետ են վիրուսների, այդ թվում և գրիպի հարուցիչների պարագայում։

Երկրորդ, հակաբիոտիկների տարբեր խմբեր նախատեսված են տարբեր տեղակայումների բորբոքումների  և տարբեր ախտածին մանրէների դեմ պայքարելու համար։ Չկա ունիվերսալ հակաբիոտիկ, որ արդյունավետ կարող է լինել ցանկացած պարագայում։ Հետևաբար բուժման համար հակաբիոտիկ պետք է ընտրել միայն բժշկի հետ խորհրդատվությամբ։ Ավելին, հակաբիոտիկների անկանոն օգտագործման հետևանքով ներկայում մի շարք մանրէներ կայունություն են ձեռք բերել։ Եվ դրանց վրա ազդող հակաբիոտիկները կարելի է պարզել միայն լաբորատոր հետազոտությամբ։

Եվ  ի վերջո, հակաբիոտիկները սպանում են բոլոր մանրէները, այդ թվում և մարդու միկրոֆլորան կազմող և օրգանիմզը պաշտպանող լավ մանրէները։

Միայն ծայրահեղ դեպքերում բժշկին այցելելը

 Շատերը բժշկի այցելում են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ, այսպես ասած, «դանակը ոսկորին է հասել», մինչդեռ շատ հիվանդություններ աննկատ ընթացք ունեն, և առանց ախտանշանների դրսևորման քայքայում են առողջությունը։

«Դա հատկապես վերաբերում է քրոնիկ ինֆեկցիաներին, որոնք թուլացնում են իմունիտետը և կրողին դարձնում են խոցելի այլ ախտածին մանրէների նկատմամբ։ Հետևաբար ամենամյա բժշկական ստուգումն ու կանխարգելիչ անալիզները պարտադիր են անգամ առողջ մարդկանց համար»,- ասում է բժիշկը։

Փակ պատուհանները

Հատկապես տարվա ցուրտ եղանակին չմրսելու պատրվակով մարդիկ խուսափում են բաց պատուհաններից, տարածքը օդափոխելուց։ Բայց տարածքների օդափոխությունը պարտադիր պայման է՝ անկախ եղանակից։ Մարդուն պետք է մաքուր օդ։ Իսկ չօդափոխվող տարածքներում կուտակվում են մանրէներ և սնկեր, որոնք իրենց լավ են զգում տաք և խոնավ պայմաններում՝ արագորեն բազմանալով։

Քնի հիգիենայի բացակայությունը

Մարդիկ հիմնականում ուշադրություն են դարձնում քնի տևողության, բայց ոչ որակի վրա։ Մինչդեռ կարևոր է ոչ միայն օրական 8 ժամ քնելը, այլ նաև այդ ընթացքում որակյալ քուն ունենալը։ Իսկ դրա համար կարևոր է, որ սենյակում լինի հով, մութ, լուռ, իսկ քունն էլ համընկնի մարդու կենսաբանական ռիթմերի հետ։

Քունը մեծ նշանակություն ունի իմունիտետի անխափան աշխատանքի գործում, շեշտում է բժիշկը։

Սերը քաղցրի հանդեպ

Բժիշկը զգուշացնում է, որ քաղցրով տարվելը վնասակար է օրգանիզմի համար։ «Շաքարավազը օրգանիզմում բորբոքային պրոցեսների խթանիչներից է, այն արագացնում է ծերացման գործընթացը, թուլացնում է իմունիտետը։ Հետևաբար քաղցրակերները կարող են սովորականից շատ հիվանդանալ և դանդաղ կազդուրվել»,- ասում է բժիշկ Տերեշենկոն։

Ինֆեկցիոն հիվանդությունների հետևում կարող է թաքնված լինել ալերգիան

Հարբուխի նշանների ներքո կարող է թաքնված լինել ալերգիան։ Ըստ վիճակագրության՝ հաճախ հիվանդացող երեխաների 30 տոկոսի մոտ ալերգիկ դրսևորում է (փոշեհատիկներում նստած տիզերից, կենդանիներից, բորբոսից, քիմիական նյութերից և այլն), ոչ թե թուլացած իմունիտետ։ Այդ միտումը նկատվում է նաև մեծահասակների մոտ։ Ուստի, եթե հաճախ եք հիվանդանում հարբուխով, իմունիտետին մեղադրելու և ինքնաբուժմամբ զբաղվելու փոխարեն խորհրդակցեք նաև ալերգոլոգի հետ։

Աղբյուրը՝ https://health.mail.ru/

 

առողջություն խմբագրի ընտրանի իմունիտետ հակաբիոտիկներ վնասակարություն

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին