Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին կանչել է Հռոմում Իրանի դեսպան Մուհամմեդ Ռեզա Սաբուրիին՝ պահանջելով դադարեցնել մահապատժի կիրառումը երկրում բողոքի ցույցերի ֆոնին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Տայանին հայտնել է Իտալիայի անհանգստությունն ու վրդովմունքն Իրանում տեղի ունեցողի կապակցությամբ։
«Ես պահանջել եմ կասեցնել մահապատժի դատավճիռները, անհապաղ դադարեցնել մահապատիժները և ցույցերի դաժան ճնշումը, ինչպես նաև երկխոսություն սկսել ցուցարարների հետ։ Դեսպանն ասաց, որ կզեկուցի իր կառավարությանը... Ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին սպանել, նույնիսկ եթե նա ծանր հանցագործություններ է կատարել»,- հավելել է նախարարը։
Տայանին ընդգծել է, որ Իրանում նման իրավիճակն անընդունելի է Իտալիայի համար։
Ավելի վաղ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մեղադրել էր ԱՄՆ-ին և Արևմուտքին ստի տարածմամբ բողոքի ցույցեր հրահրելու համար։ Նա ընդգծել է, որ դավաճաններին ողորմություն չի լինի: