Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով ըստ էության առաջարկվում է, որ մետաղական հանքարդյունահանող ընկերությունների բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացվեն համայնքներում նպատակային ծրագրերի իրականացման համար:
Բացի այդ, առաջարկվում է, որ կառավարությունը սահմանի այն չափորոշիչները, որոնց հիման վրա արդեն համապատասխան լիազոր մարմինը կսահմանի ընկերությունների ցանկը: Հաջորդ փոփոխությունն ուղղված է մասհանումների փոխանցման խնդրի լուծմանը: Առաջարկվում է, որ հաշվարկները կատարվեն ոչ թե փաստացի վճարներից, այլ հաշվարկված գումարներից:
Գումարները չեն տրամադրվելու ինքնանպատակ, դրանք տրամադրվում են սուբվենցիոն նպատակային ծրագրերի համար: Առաջարկվում է, որ համայնքները նախապես ծրագրերը հրապարակեն մարզպետարանի, համայնքի կայքում: Մյուս փոփոխությամբ, ըստ համայնքների կամ բնակավայրերի բաշխվածության, կարգ սահմանելու իրավասությունը վերապահվում է կառավարությանը: