f

Անկախ

Ինչո՞ւ աշակերտները չեն ուզում սովորել և ինչո՞ւ երիտասարդները չեն ուզում մանկավարժ դառնալ․ մեկնաբանում է կրթության փորձագետը


Կրթական համակարգի ի՞նչ ձեռքբերումներով և դեռևս չլուծված խնդիրներով ենք մեկնարկել նոր ուսումնական տարին, ի՞նչ կարող ենք ակնկալել նոր ուսումնական տարուց և ի՞նչ հրատապ անելիքներ կան ոլորտում․ այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

-Պարոն Խաչատրյան, ուսումնական տարվան ընդառաջ փորձենք հստակեցնել՝ ի՞նչ համակարգային խնդիրներ կան, որոնք դեռևս լուծված չեն։ Ի՞նչ խնդիրներով ենք սկսում ուսումնական տարին։

-Իմ կարծիքով՝ ամենամեծ խնդիրը, որը գնալով խորանում է, այն է, որ երեխաների՝ դպրոցում  սովորելու ցանկությունը գնալով մարում է։ Իմ շփումներն  ուսուցիչների և աշակերտների հետ ցույց են տալիս, որ  աշակերտները գնալով ավելի անկառավարելի են դառնում։ Այսօր անգամ առաջնային  չի դառնում ինչ-որ բան սովորեցնելը, այլ  դասարանում կարգուկանոն հաստատելը և դասարանը լռեցնելը։ Հիմա գնում ենք մի իրավիճակի, որ կարգապահական հարցերը խլում են հսկայական ժամանակ, և պատճառն այն է, որ երեխաները չեն ուզում սովորել։ 

Չսովորելու պատճառները շատ խորն են ու բարդ։ Իմ կարծիքով՝ գլխավոր խնդիրն այն է, որ ունենք մի վիճակ, երբ մի հսկայական ինդուստրիա է ձևավորվել, որը փորձում է երեխաներին իրականությունից փախցնել։ Օրինակ՝  մուլտֆիլմերը  փախցնում են դեպի կախարդական աշխարհ, հեռախոսը և ինտերնետը՝ դեպի  վիրտուալ աշխարհ։ Եվ երբ իրականությունից փախած երեխան գալիս է դպրոց, և ուսուցիչն ուզում է սովորեցնել իրականություն, այն է՝ կրկնել, մի քանի անգամ գրել, չարչարվել, դժվարություն հաղթահարել, ձանձրալի բաներ անել, որը կյանքի անբաժան մասն է, նա այլևս չի ուզում սովորել։

Սա գլոբալ խնդիր է, բայց տարբեր երկրներ տարբեր չափով են այս խնդրին առնչվում։ Կան երկրներ, օրինակ, Հոլանդիան, որոնք իրենց երեխաներին ավելի պատրաստում են կյանքի մարտահրավերներին։ Հայաստանում  հակառակն է,  մենք խրախուսում ենք, որ երեխաներն, օրինակ՝ շատ մուլտեր նայեն։ Հայ երեխաները նաև  ավելի տաքարյուն են և ավելի շատ են տարվում  նոր տեխնոլոգիաներով, որոնք երեխաներին չեն թողնում սովորել, քան, օրինակ, ճապոնացի երեխաները։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ սրանից ելնելով, որ մեր դպրոցներում իրավիճակը ծանր է, նոր սերունդը չի ուզում ուսուցիչ դառնալ։ Ես շարունակում եմ պնդել, որ այս տարվա ընդունելության արդյունքներով մանկավարժական մասնագիություններով հետընթաց ունենք նախորդ տարիների համեմատ։ Երեխաները պարզապես չեն ուզում դառնալ ուսուցիչ։ Ովքեր էլ դիմում են մանկավարժական բուհեր, դիմում են ոչ թե այն պատճառով, որ ուզում են ուսուցիչ դառնալ, այլ  ընտրում են այնպիսի տեղ, որ ընդունվելն ավելի հեշտ է, ուսման վարձն ավելի ցածր, որպեսզի  դիպլոմ ստանան։ Սա են  վկայում նաև քննությունների արդյունքները․  մանկավարժական բուհերում դիմորդներ կային, բայց որոշ դեպքերում այդ դիմորդների 100 տոկոսն անբավարար է ստացել։ Այսօր Մանկավարժական համալսարանը դարձել  հեշտ ընդունվելու և էժան սովորելու տեղ։ Սա լրջագույն  խնդիր է։ 

Ես, իհարկե, կարծում եմ, որ մեր հասարակությունում կան ռեսուրսներ, այսինքն ուսուցիչներ, որոնք նակին տարիներին ավարտել են բուհերը և աշխատանք չեն գտել, որովհետև մի 10  տարի առաջ այդքան էլ հեշտ չէր ուսուցչի աշխատանք գտնելը։ Ահա միջին և ավագ սերնդի այդ պահուստը  օգտագործելով առաջիկա տարիներին կկարողանանք լրացնել ուսուցիչների թիվը, բայց շատ ավելի հեռուն նայելով, օրինակ՝  տասը տարվա  կտրվածքով,  մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու։ Եվ այստեղ նախարարությանը պետք է  մտահոգի ոչ միայն այն հանգամանքը, որ  ուսուցչի աշխատավարձը ցածր է, այլ նաև այն, որ աշխատանքը շատ դժվար է և անհրապույր, դրա համար նաև չեն ուզում դառնալ մանկավարժ, իսկ  դա շատ լուրջ պատճառ է։

-Իսկ այս ուսումնական տարին կրթության համար  ստեղծված  պայմաններով ու միջավայրով տարբերվո՞ւմ է արդյոք նախորդներից։

-Առանձնապես չի տարբերվում։ Եթե երկարաժամկետ նայենք, ոչ թե միայն այս տարով, տարբերությունն այն է, որ դպրոցների նկատմամբ վերահոսկողությունը մի փոքր նվազել է, նախկինում դպրոցները  մարզպետարանների  խիստ  վերահսկողության տակ էին, հիմա այդ վերահսկողությունը մի փոքր թուլացել է։ 

Մյուս տարբերությունն այն է, որ այս տարի ընդունվել են մեծ թվով փաստաթղթեր, կարգեր, օրենքներում են փոփոխություններ արվել, անգամ վերջապես  կառավարությունում հասցրեցին ընդունել Կրթության զարգացման պետական ծրագիրը, որն իհարկե դեռ ԱԺ պետք է գնա։

 Անցած ուսումնական տարվա ընթացքում մեծ թվով  նորմատիվ  փաստաղթեր ընդունեցին, որոնք որոշակիորեն լուծում են համակարգի խնդիրները, բայց որոշներն էլ նոր խնդիրներ են առաջ բերում։ Իմ կարծիքով՝  նախարարությունը պետք է հասկանա, որ միայն կարգեր ընդունելը հարց չի լուծում, կարող ես կարգեր ընդունել բայց դրանք իրականում չկիրառվեն։ Հայաստանում  մի բան որ ընդունում ես, մինչև վերջ պետք է տանես, եթե չարեցիր,  չեն անելու, կիսատ կամ սխալ են անելու, ու հետո կարգերը վատ արդյունքներ են տալու։

Մյուս նորամուծությունն այն էր, որ 9-րդ դասարանի ավարտական քննությունը մաթեմատիկայից կենտրոնացված անցկացվեց։ Եվ արդյունքները շատ մտահոգիչ են, քանի որ բավականին  բարձր արդյունքներ են գրանցվել, ինչը չի արտացոլում երեխաների՝ մաթեմատիկայի իրական իմացությունը․ վերահսկողություն չկար, մասսայական արտագրություններ են եղել։ Այսինքն 15 տարեկան երեխան խաբում է պետությանը, և ցավալին այն է, որ պետությունը լուռ է մնում։

-Պարոն Խաչատրյան, կառանձնացնե՞ք մեկական կարևոր և շտապ լուծման կարիք ունեցող խնդիր հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներից։ 

-Հանրակրթության ոլորտում շարունակում է խնդիր մնալ կրթության որակը, դասավանդման որակը։ Ունենք բավականին շատ  դուրս մնացած երեխաներ։ Հատկապես բարձր դասարաններում, ավագ դպրոցներում բացակայությունները շատ-շատ են, և այս խնդիրը ընդհանրապես չի վրահսկվում։ Եթե նախկինում պատահական ստուգումներ էին իրականացվում, հիմա ոչ մի բան չի արվում։

Միջին մասնագիտականում խնդիր է դասավանդման որակը, քոլեջների  հագեցվածությունը, որ կարողանան ավելի ժամանակակից դասավանդել և ավելի լավ  մասնագետներ պատրաստել, քանի որ այստեղ էլ մասնագիտական զարգացման խնդիր ունենք։

Իսկ բուհերում գլխավոր խնդիրը շարունակում է լինել այն, որ ուսանողների մի զգալի հատվածը  դասերի հաշվին աշխատում է։ Հատուկ ուզում եմ շեշտել՝ դասերի հաշվին, այսինքն ես դեմ չեմ, որ ուսանողներն  աշխատեն, բայց երբ դա տեղի է ունենում դասերի հաշվին, դա ողջ բուհական կրթությունը կազմաքանդ է անում։ Եվ, ցավոք սրտի,  այս խնդիրն էլ է անտեսված։  Հիմնականում պարտաճանաչ դասի գալիս են անվճար սովորող ուսանողները և անվճարի համար պայքարողները։  Եթե հաճախումները հաշվի առնենք, մեր ուսանողների երևի կեսին պետք է դուրս թողնենք համալսարանից։

-Իսկ ի՞նչ ակնկալիքներ  կարող ենք ունենալ ուսումնական տարվանից։

-Այս տարի որոշ դրական բաներ կարող են  լինել ֆինանսական առումով, մասնավորապես՝ սեպտեմբերին կլինի կամավոր ատեստացիան, և ենթադրաբար ևս մի քանի հարյուր ուսուցիչների աշխատավարձը  կբարձրանա։ Նախարարությունը նախատեսում է  հավանաբար հունվար ամսից բարձրացնել բնագիտական առարկաների, մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը։ Սրանք,  իրահկե փոքր, բայց  դրական քայլեր են, որոնք կարևոր են։

 Թերևս  այս տարին հայտնի կլինի նրանով, որ սա հին չափորոշիչներով աշխատելու վերջին տարին է, որովհետև մյուս  սեպտեմբերից ներդրվելու է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որը իմ  կարծիքով էլի շատ մեծ ռիսկեր ունի։ Եթե  լավ չկառավարենք նոր չափորոշչի ներդրումը, նույնիսկ կարող է ավելի վատ արդյունքներ ունենանք, քան նախկին չափորոշչի օրոք։ Հետևաբար նախարարությունից պահանջվում է լրջագույն համախմբվածություն, կառավարման հմտություններ։ Շատ փոփոխություններ են գալիս՝ թվանշանի վերացում մինչև 5-րդ դասարան, անբավարար թվանշանի վերացում, նախագծային աշխատանքի ներդրում, դասացուցակի ազատականացում, սրանք շատ կտրուկ փոփոխություններ են, և այս տեսակ փոփոխությունները վատ կառավարման դեպքում կարող են դրական ազդեցության փոխարեն բացասական ազդեցություն ունենալ։ 

-Կարո՞ղ ենք ասել, որ այս ուսումնական տարին վճռորոշ է՝ լավ պատրաստվեցինք, հետո լավ արդյունք կունենանք և հակառակը։ 

-Այո, պետք է թիմային աշխատանք։ Նախարարությունն իր շուրջը պետք է համախմբի ոչ միայն այն մարդկանց, որոնք միշտ համաձայն են իր  հետ, այլ նաև այն մարդկանց, որոնք կարող են քննադատել և առաջարկներ անել, սա շատ կարևոր է, քանի որ մեր նախարարության բոլոր ժամանակների ամենամեծ թերությունը եղել է այն, որ այն  իրեն շրջապատում է այնպիսի մարդկանցով, որոնք հիմնականում դրական են արտահայտվում, և  նախարարության մոտ ստեղծվում է պատրանք, որ ամեն ինչ շատ լավ է գնում։ 

Այսօր,  եթե ծպտված մի սովորական դպրոց գնաք, տեսնեք իրավիճակը և համեմատեք այն քննարկումների հետ, որոնք տեղի են ունենում նախարարությունում, կտեսնեք, որ գործ ունենք տոտալ տարբեր իրականությունների հետ։ Մեր պատկերացումները և իրականությունը իրարից շատ հեռացել են։ Պետք է կառավարել սա։   

 

հարցազրույց Սերոբ Խաչատրյան բարձրագույն կրթություն հանրակրթություն խմբագրի ընտրանի սեպտեմբերի 1 ուսումնական տարի ԿԳՄՍՆ

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին