Բրիտանիան կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային՝ անկախ նրանից, թե հրաժարական տված Բորիս Ջոնսոնից հետո ով կստանձնի վարչապետի պաշտոնը։ Այս մասին հայտնել է Դաունինգ սթրիթում գտնվող Բորիս Ջոնսոնի գրասենյակը։ Գրասենյակը համապատասխան հայտարարություն տարածել է ավելի վաղ իր հրաժարականի մասին հայտարարած Բորիս Ջոնսոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո։ Գրում է Gazeta.ru-ն։
«Վարչապետը մատնանշել է նախագահ Զելենսկու մարդկանց անսասան միջկուսակցական բրիտանական աջակցությունը և ասել, որ Մեծ Բրիտանիան կշարունակի տրամադրել անհրաժեշտ պաշտպանական օգնություն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- նշված է հայտարարության մեջ։
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ առաջիկա շաբաթներին Լոնդոնը կաշխատի իր գործընկերների հետ՝ «վերջ տալու հացահատիկի շրջափակմանը»։
Զելենսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ջոնսոնին «Ուկրաինայում նրա վճռական գործողությունների համար և ասել, որ ուկրաինացի ժողովուրդը երախտապարտ է Մեծ Բրիտանիայի ջանքերի համար»։
Բրիտանական The Telegraph թերթի խմբագիր Բեն Ռայլի-Սմիթը գրել է, որ Ջոնսոնի և Զելենսկու բանակցությունները կընդունվեն որպես մինչև աշուն աշխատանքը շարունակելու վճռականության հայտարարություն, մասնավորապես՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման համար։
Հուլիսի 7-ին Ջոնսոնը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Միաժամանակ նա կշարունակի վարչապետի պարտականությունները կատարել մինչև հոկտեմբեր, երբ տեղի կունենան իշխող կուսակցության նոր ղեկավարի ընտրությունը։