f

Անկախ

Հայաստանում մշակված մեթոդը թույլ կտա օպերատիվ բժշկական օգնություն ապահովել միջուկային աղետների ժամանակ


 Հայաստանում գրեթե վեց տասնամյակ գործած ճառագայթային բժշկագիտության  այլևս լուծարված գիտական կենտրոնի գիտնականները մշակել են մեթոդաբանություն և սարքավորում, որով ատոմային էներգիայի և հանքարդյունաբերության հետ կապված աղետների կամ արտակարգ իրավիճակների դեպքում հնարավոր կլինի օպերատիվ կերպով հետազոտել վնասակար ազդեցության ենթարկված մարդկանց, խմբավորել ըստ վնասվածության աստիճանի և համապատասխան վերականգնողական քայլեր ձեռնարկել։

 ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ֆիզ․մաթ․ գիտությունների թեկնածու, ԲՈԿ-ի 017 (Քիմիա) մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար Հրաչյա Սարգսյանը, որը եղել է արդեն փակված գիտական հաստատության գլխավոր մասնագետը և նշված  թեմայի գիտական ղեկավարը, «Անկախի» հետ զրույցում ասում է, որ իրենց մշակած մեթոդաբանությունն ունի համաշխարհային նշանակություն՝ հաշվի առնելով հանգամանքը, որ  ատոմային էներգիայի հետ առնչվում են միլիոնավոր մարդիկ։ Այն կենսական նշանակություն ունի նաև Հայաստանի համար՝ հաշվի առնելով և ատոմակայանի, և շահագործվող հանքավայրերի առկայությունը։

«Արտակարգ պայմանների ազդեցությամբ արյունն օրգանիզմում ենթարկվում է որոշակի փոփոխությունների։ Մեր գիտական արդյունքը կոչված է օգնելու, որ օպերատիվ կերպով արձանագրվեն արյան համակարգում տեղի ունեցած փոփոխությունները, որից հետո առկա տվյալների բազայի հետ համեմատության շնորհիվ կկանխորոշվեն հետագա փոփոխությունները և քայլեր կձեռնարկվեն օրգանիզմի վերականգնման ուղղությամբ»,- ասում է նա։

 Հայաստանում գիտական այս ուղղությանը զարկ է տրվել դեռ ԽՍՀՄ տարիներին՝ Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո։ «Չեռնոբիլյան աղետը վեր հանեց կարևորագույն մի խնդիր, որ կոչվում է հետճառագայթային շրջանում  ախտահարված մարդկանց խմբավորում ըստ իրենց վնասվածության աստիճանի։ Այս խնդրի լուծման գոյություն ունեցող եղանակները շատ աշխատատար և ծախսատար են։ Աղետների ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ են հայտնվում ճառագայթային ֆոնի ազդեցության գոտում, և վաղ շրջանում շատ արագ  նրանց բոլորին ուսումնասիրելու խնդիր է առաջանում։ Այսինքն մեզ անհրաժեշտ է արագագործ, ոչ բարդ և ոչ ծախսատար մեթոդ ունենալ, որ շարքային բուժաշխատողը կարողանա այդ մեթոդն օգտագործել, որ շատ ծախսեր չպահանջի և կարճ ժամանակահատվածում հնարավորինս շատ մարդկանց հետազոտություն իրականացվի։ Մեր ուսումնասիրությունների արդյունքում այդ մեթոդը ստեղծվել է»,- ասում է Սարգսյանը։

 «Մեր ուսումնասիրության օբյեկտը էրիթրոցիտների չափային բաշխումն է։ Բնական վիճակում արյան էրիթրոցիտներին բնորոշ է տարբեր չափերի որոշակի բաշխում ունենալ, - ասում է Սարգսյանը։- Մեկ կաթիլ արյուն է վերցվում, որից պատրաստվում է միաշերտ քսուկ։ Այն տեսանելի տիրույթի լազերի լուսային փնջի դիմաց դնելիս որոշակի դիֆրակցիոն պատկեր է առաջանում՝ մութ և լուսավոր օղակներ են ստացվում, և այդ օղակների չափերը խոսում են այն մասին, թե ինչպիսի մասնիկների (էրիթրոցիտների/արյան կարմիր գնդիկների) հավաքածու է առկա տվյալ արյան կաթիլի մեջ։ Այդպես մենք տեղեկություն ենք ստանում, թե այդ մարդու արյան մեջ ինչպիսին է էրիթրոցիտների բաշխվածությունն ըստ չափերի։ Ստացված տվյալների հիման վրա մենք կարողանում ենք դատողություններ անել այն մասին, թե ինչպիսին է արյան համակարգում էրիթրոցիտների չափային բաշխվածությունը և դա կապել տրված ճառագայթի դոզայի և ժամանակի հետ»։

 Սարգսյանը հավելում է, որ իրենք իրականացնում են վերականգնողական նպատակ ունեցող բժշկական հետազոտություններ։

 Խոսելով իրենց արձանագրած արդյունքի գիտական նորույթի մասին՝ Սարգսյանն ասում է․ «Լազերային դիֆրակցիաչափական մեթոդը այն սխեմայով, որով առաջարկում ենք, նորույթ է։ Դրա  ստեղծման համար լուծվել են ֆիզիկայի տեսական խնդիրներ»։ Նա նշում է՝ եթե մանրադիտակով հետազոտությունը տևական ժամանակ է պահանջում, իրենց առաջարկած մեթոդով հետազոտությունը մի քանի րոպեի գործ է։ Իսկ իրենց մշակած սարքավորումը կիրառելու դեպքում ողջ գործընթացը կավտոմատացվի և հնարավոր կլինի կարճ ժամանակահատվածում և քիչ ծախսերով հնարավորինս շատ մարդկանց հետազոտել։

 Հարցին, թե սարքի ստեղծման, այն է՝ իրենց արձանագրած արդյունքի կիրառականությունն ապահովելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկում, Սարգսյանն ասում է, որ ֆինանսավորման բացակայության պատճառով գործընթացը ձգձգվում է։

 Հիշում է՝ 90-ականների սկզբին ամփոփել են իրենց հետազոտությունների արդյունքները, կիրառական ուղղությունները մատնանշել։ Բայց 1995-ին  Ռադիոկենսաբանության կենտրոնում գործող և իր կողմից ղեկավարվող լաբորատորիան փակվել է պատճառաբանությամբ, որ ՀՀ-ում ատոմակայանը չի գործում, հետևաբար թեման էլ արդիական չէ։

 «Դրանից 4 ամիս հետո ատոմակայանը վերաբացվեց, և արդեն 25 տարի տարբեր պատկան մարմինների եմ դիմում, որ աշխատանքը շարունակվի կիրառական ուղղությամբ,- ասում է Սարգսյանը։- Ֆունդամենտալ հետազոտություններ իրականացնում ենք, բայց կիրառական մասի համար ֆինանսական միջոցներ են հարկավոր»։

 Գիտնականը շեշտում է՝ հետազոտությունների շնորհիվ թեմայի ֆունդամենտալ մասը զարգացում է ապրել, 2014-ին պատենտավորել են մեթոդը, դրանից հետո նոր տեսական արդյունքներ են արձանագրել, որոնք հնարավորություն կտան բարձրացնել մեթոդի արդյունավետությունը։ «Հիմա այն փուլն է, որ ուզենք, թե չուզենք սարքավորման ստեղծման ուղղությամբ պետք է աշխատենք»,- ասում է Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Չեռնոբիլյան աղետից քառորդ դար անց մարդկությունը կրկին առերեսվեց  միջուկային վթարի աղետաբեր հերևանքների հետ, երբ 2011 թվականին Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով տեղի ունեցավ «Ֆուկոսիմա-1» ատոմակայանի վթարը։ Սարգսյանը նշում է՝ տարեկան մոտ 50 միլիոն ՀՀ դրամ ֆինանսավորման պարագայում 3 տարվա ընթացքում հնարավոր կլինի ավարտուն աշխատանք ներկայացնել՝ մշակել ավտոմատ համակարգի արտադրության փաստաթղթային փաթեթը՝ ստեղծելով նաև սարքավորման առաջին նմուշները։ Հետագայում արդեն, բժշկական սարքավորումներին ներկայացվող չափորոշիչներին համապատասխանող պատարաստի սարքերի իրացումից ստացվող շահույթները հնարավորություն կտան շարունակել հետազոտությունները թե իոնիզացնող փոքր դոզայի ճառագայթման դեպքերի և թե մարդկային գործունեության այլ հնարավոր վտանգավոր գործոնների հետևանքների ախտորոշման և վերականգնողական սխեմաների մշակման ուղղությամբ։

 «Ժամանակին սարքի փորձնական՝ լաբորատոր տարբերակ եղել է, որի վրա փորձեր են կատարվել և ստացված տվյալների հիման վրա ատենախոսություն է պաշտպանվել։ Բայց ընդունված չափորոշիչներին համապատասխան ավտոմատացված սարքավորման նմուշը ստեղծելու համար մեզ որոշակի ներդրումներ են հարկավոր։ Արդեն 6-րդ տարին է ՀՀ Գիտության կոմիտեին նպատակային գիտական հայտ եմ ներկայացնում, բայց մերժվում է պատճառաբանությամբ, որ այդ չափի գումարներ առկա չեն․ նպատակային մեկ հայտին հատկացվող գումարի ներկայումս սահմանված ծավալը չի բավականացնում, որ  սարքավորման համակողմանի ստեղծումն ապահովենք»,- ասում է նա։

 Հարցին, թե փորձել է արդյոք օտարերկրյա ներդրողների և ընկերությունների ներկայացնել արձանագրված գիտական արդյունքը, Սարգսյանն ասում է, որ չի ցանկանում իր ստեղծածը կոմերցիոն որևէ կազմակերպության տալ, այլ ուզում է, որ դրանից հենց Հայաստանն օգտվի։

 Ասում է՝ ներքին շահակիցները՝ ՀՀ Միջուկային անվտանգության կոմիտեն, ԱԻՆ-ը, Հայաստանի Ատոմակայանը դրական եզրակացություն են տվել մեթոդին, կարևորել հետազոտությունները։ Մնում է, որ ֆինանսավորումը հայթայթվի և ֆունդամենտալ արդյունքները կիրառության մեջ փորձարկեն։

 

գիտություն գիտության ֆինանսավորում խմբագրի ընտրանի ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ Հրաչյա Սարգսյան Ատոմակայան միջուկային անվտանգություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին