Փհենյանում չեղարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի գրեթե բոլոր սահմանափակումները, որոնք ներդրվել էին մայիսի 12-ին՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայում ՌԴ դեսպանատանը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Մայիսի 29-ին մեզ թույլ տվեցին մտնել քաղաք՝ դիվանագիտական թաղամասում գտնվող մթերային խանութ այցելելու համար։ Ինչպես տեսանք, քաղաքում վերսկսվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, փողոցներում հայտնվել են անցորդներ, սկսել են աշխատել որոշ մանրածախ կետեր։ Հաջորդ օրը՝ մայիսի 30-ին, իշխանությունների կողմից չեղարկվեցին գրեթե բոլոր սահմանափակումները <...>»,- ասել են դիվանագետները։
ՌԴ դեսպանատան տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունները վերահսկում են իրավիճակը կորոնավիրուսի համաճարակի հետ կապված։
Մայիսի 12-ին Հյուսիսային Կորեան հայտնել է երկրի պատմության մեջ COVID-19-ի առաջին դեպքի մասին։ Քաղբյուրոյի արտակարգ նիստի ժամանակ Կիմ Չեն Ընն ասել է, որ երկրում «հանկարծ արտակարգ իրավիճակ է ստեղծվել կորոնավիրուսի պատճառով» և կոչ է արել պայքարել «չարամիտ վիրուսի» դեմ ամենախիստ միջոցներով։
Կիմ Չեն Ընի հրամանով Ժողովրդական բանակի ռազմաբժշկական ուժերը ներգրավվել են «Փհենյան դեղորայքի մատակարարման կայունացմանը»։
Ավելի վաղ Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշին չէր բացառել, որ Տոկիոն կօգնի Փհենյանին այդ երկրում COVID-19-ի բռնկման դեմ պայքարում։