«Միկրոգեն» ձեռնարկությունը, որը ջրծաղիկի դեմ պատվաստանյութի մշակողն է, կարող է տարեկան արտադրել դեղամիջոցի մոտ 10 մլն չափաբաժին, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ավելի մեծ ծավալներ արտադրել։ Գրում է Gazeta.ru-ն։
Հայտարարության համաձայն՝ պետական կորպորացիան պատրաստ է պահանջի դեպքում բազմապատկել ջրծաղիկի դեմ պատվաստանյութի արտադրությունը։
«Այս պատվաստանյութի արտադրությունն իրականացնում է Միկրոգեն ձեռնարկությունը, որը մեր դեղագործական Նացիմբիո հոլդինգի մաս է կազմում։ Այժմ ձեռնարկության կարողությունները թույլ են տալիս տարեկան արտադրել մոտ 10 միլիոն դեղաչափ պատվաստանյութ։ 10-12 ամսվա ընթացքում արտադրությունը կարելի է մի քանի անգամ ավելացնել»,- նշված է զեկույցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պետդուման առաջարկել է դիտարկել ջրծաղիկի դեմ պատվաստումը վերսկսելու հարցը։
Մինչ այս Գամալեայի անվան կենտրոնի գլխավոր գիտաշխատող, վիրուսաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնն ասել էր, որ ջրծաղիկի դեմ պատվաստանյութն ամբողջությամբ պաշտպանում է մարդկանց կապիկների ջրծաղիկից, ուստի Ռուսաստանում այս վիրուսի դեմ հատուկ պատրաստուկ ստեղծելու կարիք չկա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այս շաբաթ հայտնել է, որ մայիսի 7-19-ն ընկած ժամանակահատվածում երկրներում հաստատվել է կապիկի ջրծաղիկի վարակի 131 դեպք։