Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ աշխարհը կկանգնի «պարենային պատերազմի» առաջ, եթե այլևս հնարավոր չլինի հացահատիկ արտահանել Ուկրաինայից։ Այս մասին նա ասել է La Stampa թերթին տված հարցազրույցում։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքով՝ ցորենի և հացահատիկի պակասը հնարավոր է հաղթահարել միայն պաշտպանված միջանցքի ստեղծմամբ, որը կապահովի ուկրաինական հացահատիկի փոխադրումը ծովով։
«Չափազանց դժվար է ցամաքային երթուղիներով... Հակառակ դեպքում մենք կբախվենք ոչ թե պարզ պարենային ճգնաժամի, այլ պարենային պատերազմի՝ անհաշվելի հետեւանքներով», - ասել է իտալացի դիվանագետը:
Համաշխարհային շուկայում ռուսական և ուկրաինական հացահատիկի (ցորեն և գարի) տեսակարար կշիռը կազմել է մինչև 30%, եգիպտացորենին՝ մինչև 20%, արևածաղկի ձեթին՝ գրեթե 75%։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ատոմային ռումբ են, որի պատճառով անհնար կլինի կերակրել ժողովրդին։
Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերսկսումը մոտ ապագայում տեղի կունենա, եթե «արտաքին խամաճիկները» համոզեն Կիևին հեռացնել ականապատ դաշտերը։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Ուկրաինայում՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքի։
Գործողության անցկացման որոշումը պատճառ է դարձել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը։