f

Անկախ

Շարժման հարթակից այսուհետ պետք է հնչի երկրի զարգացման ծրագիրը․ Հարություն Մեսրոբյան


Անկախ-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող Հարություն Մեսրոբյանը։

-Պարոն Մեսրոբյան, օրերս Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ հավանաբար հայերը մեկ հարցում ևս լինելու են առաջինն աշխարհում՝ «գունավոր» հակահեղափոխության հարցում։ Իսկապե՞ս կարծում եք, որ հնարավորություն կա 2018-ին իշխանության եկած գունավոր հեղափոխության ներկայացուցիչներին հեռացնել իշխանությունից։

-Այո, ես կարծում եմ, որ այդ հնարավորությունը կա և այն կախված է մի քանի հանգամանքներից։ Նախ՝ վերջապես ես հավաքներին ու երթերին տեսնում եմ հայկական դեմքեր ու հայկական ժպիտներ։ Բացի դա, ժողովուրդն, առավել ևս երիտասարդները, որոնք երգում են ազգային ոգեշնչող երգեր, բավականին կազմակերպված են։ Իսկ եթե հիշում եք, 2018-ին ու նաև մինչ այդ եղած շարժումների ժամանակ՝ 2008, «էլեկտրիկ Երևան», «100 դրամ»  և այլն, հնչում էին անհոգի, «Եվրատեսիլին» հարիր անշունչ երգեր։ Այս շարժման ժամանակ կա հայկական շունչ, որը ես տեսել էի միայն 1988 -ին։

-Օրերս ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ իր երկիրը սատարում է Հայաստանի ժողովրդի՝ 2018-ի և 2021-ի ընտրությանը, որով ժողովուրդը, դեսպանի կարծիքով, իր հավատարմությունն է հայտնել ժողովրդավարությանը: Նախկինում ԱՄՆ-ն երբեք այսքան բացահայտ չէր ցուցադրել իր հավակնություններն ու շահերը մեր երկրում։ Ինչո՞ւ է ԱՄՆ-ն հիմա այսքան բաց ու անկաշկանդ գործում։

-Դրանով ԱՄՆ դեսպանը, ի տարբերություն, օրինակ, «Բևեռի» կողմից միտումնավոր պարբերաբար հրապարակվող հեքիաթների, հստակ մատնանշում է, որ այս իշխանությունների մեջքին սկզբից մինչև վերջ կանգնած են արևմտյան ուժերը։ Եվ քանի որ հիմա ակնառու վտանգ է առաջացել, և Հայաստանում ստեղծվել է շարժում, որը չի հովանավորվում իրենց կողմից, ապա ԱՄՆ-ն վախենում է, որ այստեղ հնարավոր է տեղի ունենա «գունավոր» հակահեղափոխություն։ Դա վտանգավոր է նաև նրանով, որ կարող է դոմինոյի էֆեկտով այդ հակահեղափոխությունը տարածվել նաև այն երկրերում, որտեղ իրենք «գունավոր» հեղափոխություններ են կատարել։ Իսկ դա կարող է նպաստել արդեն ընթացող աշխարհաքաղաքական տեկտոնիկ փոփոխությունների զարգացմանը՝ ոչ ի նպաստ հավաքական Արևմուտքի: Նշեմ, որ այդ փոփոխություններն ընթանում են արդեն մոտ 4 դար անգլոսաքսոնական և ռուսական աշխարհների հերթական առճակատման սրացման պատճառով:

-Իշխանությունները փորձում են ամեն կերպ վարկաբեկել շարժումը։ Պատահական չէ, որ շատերը չեն միանում Ֆրանսիայի հրապարակում արդեն շաբաթներ տևող գործողություններին՝ արդարանալով, թե իբր սա պայքար է իշխանության և ոչ թե Հայաստանի ու Արցախի ապագայի համար։ Փաստորեն իշխանությանն ինչ-որ տեղ հաջողվում է տարածել ու արմատավորել այս թեզերը՝ նախկինների վերադարձ, թալանի վերադարձ, իշխանության համար պայքար և այլն։

-Նախ, մի հռետորական հարց ունեմ այն մարդկանց, որոնք արդարանում են այդ պատճառաբանությամբ՝ 2018-ին ճիշտ նույն հարցերը ձեզ չէի՞ք տալիս, ա՛յ փիլիսոփաներ։ Իսկ 2018-ի գունավոր հեղափոխությունն իշխանություն վերցնելու նպատակ չունե՞ր։ Կամ եթե խնդիրը նախկինների մեջ է, այդ ինչո՞ւ այսպես կոչված նորերն ասպարեզ են բերում նախկինների նախկիններին՝ այսօրվա նախագահից սկսած, խորհդարանում օդիոզ պատգամավորներով վերջացրած, ներառյալ տեղական ինքնակառավարման մարմիններում։ Փաստորեն նախկինների նախկինները ներգրավվում են իշխանական բոլոր մակարդակներում։ Եթե նախկինները վատն են, ապա պարզ տրամաբանությունը հուշում է, որ նախկինների նախկինները՝ ՀՀՇ-ն, ավելի վատն է։ Այս կապակցությամբ չեմ ուզում հիշեցնել 1996-ի ընդվզումը և դրա պատճառները: Այնպես որ այդ «նախկիններ-նորեր» փաստարկը լուրջ չէ։

-Խոսքը նաև նրա մասին է, որ շատերն անտարբեր են և չնայած դեմ են նաև այս իշխանություններին, բայց դուրս չեն գալիս պայքարի հրապարակ։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է այդ խավին հանել փողոց, գուցե ընդդիմությո՞ւնն է ինչ-ինչ մարտավարական սխալներ կատարում։

- Ընդդիմությունն, իհարկե, որոշ սխալներ անում է, և ես պարբերաբար իմ ֆեյսբուքյան էջում ու հարցազրույցներում մատնաշում եմ այդ սխալները, նաև շեշտում, թե ինչպես պետք է դրանք ուղղել։ Օրինակ, ես ինքս մի քանի անգամ տեսել եմ իսկապես թալանչի մարդկանց ներգրավվածությունն այս ընդվզման մեջ։ Ճիշտ է՝ քիչ են, բայց կան։ Եթե շարժումը գալիս է որակական փոփոխություններ բերելու, ապա նման հարցերի նկատմամբ շատ զգայուն պետք է լինի։

-Դուք խոսեցիք այդ թերության մասին, շատերն էլ փողոցային պայքարի ելած ընդդիմությանը մեղադրում են նրանում, որ հարթակից չեն հնչում ապագայի վերաբերյալ ծրագրեր, թեզեր, գաղափարներ։

-Այո՛, ապագայի ծրագրերից պարտադիր պետք է խոսեն։ Չի կարելի պետություն ստեղծել առանց ծրագրի։ Երբ «ճ» կարգի գործարարն ուզում է մի «դախլ» դնել, իրեն ասում են՝ նախ ծրագիր, բիզնես-պլան գրիր։ Բա հայոց երկիրը մի «դախլի» չա՞փ էլ չկա։ Շարժման հարթակից այսուհետ պետք է հնչի երկրի զարգացման ծրագիրը, որտեղ Արցախի խնդիրը և մյուս բոլոր խնդիրները համակարգված կներկայացվեն։ Կրկնում եմ՝ համակարգված:

Պետք է ասեն նաև, թե պետության կառավարման հակաճգնաժամային ինչպիսի՞ համակարգ է լինելու կամ ի՞նչ չափորոշիչներով են ընտրվելու կադրերը և այլն։

-Արդյո՞ք շարժումը պետք է առաջնորդ ունենա։ Այս հարցը նույնպես հաճախ է քննարկվում։ Ի՞նչ եք կարծում, եթե ընդդիմությունը հայտարարի, թե իշխանության գալու դեպքում (թեկուզ ժամանակավոր կառավարության ժամանակ) ում է տեսնում երկրի ղեկավարի դերում, դա  շարժման համար արդյունավե՞տ կլինի։

-Ե՛վ արդյունավետ կլինի, և՛ խոցելի, որովհետև ամբողջ գրանտալափային համակարգը կուղղորդվի այդ մեկ անձի դեմ։

-Եթե շարժմանը չհաջողվի Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը հեռացնել, և այս իշխանությունը մնա՝ իրագործելով իր, այսպես կոչված, «խաղաղության» ծրագրերը, ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ապագան մոտ ժամանակաշրջանում։

-Եթե այս շարժումը հաջողության չհասնի, և երկիրը մնա «գունավոր» հեղափոխության ձեռքում, ապա Հայաստանն է՛լ ավելի կմոտենա 2-րդ ցեղասպանությանը։ Սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։

Ինչ վերաբերում է այդ խաղաղության համաձայնագրերին ու պայմանագրերին, ապա նշեմ, որ աշխարհում կնքվել են հազարավոր նման պայմանագրեր և հազարավոր անգամ դրանք խախտվել են։ 1939-ին Եվրոպայում քանի՞ խաղաղության պայմանագիր է կնքվել։ Գերմանիան բոլոր պայմանագրերը խախտեց ու հարձակվեց։ Կամ, օրինակ, մի քանի տարի առաջ ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրերի մասով պայմանագրեր կնքեց Իրանի ու Արևմուտքի հետ։ Հետո եկավ Թրամփն ու ասաց՝ ԱՄՆ-ն դուրս է գալիս այս պայմանագրից։ Այսինքն պայմանագրերը երաշխիք չեն։ Ավելին, պատմությունն ապացուցում է, որ հազվադեպ պայմանագրեր են պահել իրենց ուժն, այն էլ՝ ժամանակավոր։

-Ի՞նչ կանխատեսումներ ունեք ռուս-ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։ Արդյո՞ք հյուծող պատերազմը Ռուսաստանին նույնպես չի ջլատում։

-Ես արդեն նշել եմ, որ վերջին 4 դարում կատաղի պայքար է գնում անգլոսաքսոնական և ռուսական աշխարհների միջև։ Պարբերաբար անգլոսաքսոնական աշխարհն իր հպատակ երկրների հետ միասին և միջոցով (որպես կանոն՝ դրանք ցամաքային Եվրոպայի երկրներն են), շատ ագրեսիվ ձևով փորձում է Ռուսաստանին քշել դեպի անկյուն։ Եվ պարբերաբար այդ վիճակից Ռուսասանը դուրս է գալիս ագրեսիվ և ուժեղացած։ Հիշենք 1812-ը, երբ Նապոլեոնը ոչ միայն զավթեց Ռուսաստանի եվրոպական հատվածի զգալի մասն, այլ նաև վերցրեց Մոսկվան։ Դա ավարտվեց նրանով, որ Ռուսաստանը մտավ Փարիզ։ 1941-ին Գերմանիան հարձակվեց, հասավ Մոսկվա, իսկ մի քանի տարի անց Ռուսաստանը մտավ Բեռլին։

Այս տարվա փետրվարի 24-ին աշխարհում տրվեց աշխարհաքաղաքական տեկտոնիկ փոփոխությունների մեկնարկը։ 1991-ից հավաքական Արևմուտքն, անգլոսաքսերի առաջնորդությամբ, կամաց-կամաց Ռուսաստանին մղում էր դեպի անելանելի վիճակ։ Տեսնելով դա, վերջին 10 տարում Ռուսաստանը շատ արագ սկսեց զարգացնել բարձր տեխնոլոգիական զենքերը։ Եվ հիմա Ռուսաստանը բավականին առաջ է ընկել այդ զենքերով, ինչի շնորհիվ Արևմուտքի ցանկացած ռազմական կենտրոն խոցելի է դառնում։ Ռուսաստանն այսօր այդ անկյունից փորձում է դուրս գալ ռազմական ճանապարհով։ Հիշենք Պուտինի խոսքերը՝ ո՞ւմ է պետք աշխարհը, որտեղ չկա Ռուսաստան։ Եվ հիմա Ռուսաստանը հերթական անգամ դառնում է ագրեսիվ ու շատ հավանական է, որ հերթական անգամ ուժեղացած է դուրս գալու այս առճակատումից։ Ռուսաստանը նաև ներսից մաքրվելով է ուժեղանում։ Այս տարվա փետրվարի 24-ից այնտեղից խումբ առ խումբ փախնում են թե՛ գրանտալափները, թե՛ այսպես կոչված բեմի մտավորականները և թե՛ վայրի լիբերալները:

-Պարոն Մեսրոբյան, ի՞նչ փուլում է «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագիրը։

-Ծրագիրը սկսվեց մշակվել 2020-ի հուլիսից, և 2021-ի դեկտեմբերին նախնական տարբերակն ամբողջությամբ պատրաստ էր, իսկ 2022-ի հունվարից սկսվեց փորձագետների կողմից ծրագրի փորձազննման փուլը։ Այս պահի դրույթյամբ ծրագրի 10 ուղղություններից 7-ը փորձազննված է, մնացել է փորձազննել 3 ուղղություն։ Փաստորեն այս պահի դրությամբ փորձազննվել է ծրագրի 70%-ը։ Փորձազննման փուլն անհրաժեշտ է, որպեսզի ծրագիրը հնարավորինս կիրառելի դառնա։

Փորձազննություն անցնելուց հետո նախատեսվում է այդ բոլոր 10 ուղղություներն ամբողջությամբ համակարգված համակցել, ինչից հետո մշակվելու են անցումային դրույթները։ Անցումային դրույթներն անհրաժեշտ են այն պարզ պատճառով, որ մեր երկիրը 2018-ից սարսափելի գահավիժել է և այն անհրաժեշտ է պատրաստել ծրագրի մեկնարկին: Անցումային դրույթները ենթադրում են այն միջոցառումները, որոնք մեր երկիրը պատրաստ կդարձնեն ռազմավարական զարգացմանը և ինչու չէ՝ թռիչքին։ Անցումային շրջանի համար մեզ անհրաժեշտ կլինի 4-5 տարի։

Հարություն Մեսրոբյան Հայաստան Հայոց Երկիր ռազմավարական ծրագիր հարցազրույց խմբագրի ընտրանի

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին