Ռուսաստանի Դաշնության Ռայչիխինսկում 2011 թվականին ադրբեջանցու սպանության համար մեղադրվող Միսաք Լազարյանին ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումը հետաձգվել է մինչև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող այլ քրեական գործով վերջնական որոշում կայացվելը։ «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն ասաց, որ Միսաք Լազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց էքստրադիցիոն կալանքը փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի որոշմամբ:
«Նախ՝ նշեմ, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել էր ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված՝ Լազարյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությամբ պայմանավորված, իսկ նման դեպքում քրեական դատավարության օրենքը այդ փուլի համար այլընտրանք չի թողնում:
Իսկ դատախազի կողմից խափանման միջոցի փոփոխման որոշման կայացումը պայմանավորված էր նրանով, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով Լազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագով) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց Աբրահամյանը։