f

Անկախ

Բայդենը ցանկանում է զենք վաճառել Թուրքիային, մինչդեռ Անկարան ներսից քանդում է ՆԱՏՕ-ն


Ամերիկահայ համայնքն ամեն օր ավելի ու ավելի է հիասթափվում նախագահ Ջո Բայդենի հակահայկական գործողություններից։ Նա ավելի շատ վնաս է հասցրել Հայաստանի շահերին, քան օգուտ։

Անցյալ տարի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց 24 ժամ առաջ, նախագահ Բայդենը հրաժարվեց ԱՄՆ Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածից, այդպիսով թույլ տալով Միացյալ Նահանգներին տարբեր տեսակի օգնություն տրամադրել Ադրբեջանին, ներառյալ «անվտանգության» օգնությունը:

ԱՄՆ Գլխավոր հաշվապահական գրասենյակը (GAO) հայտնել է, որ 2002-ից 2020 թվականներին ԱՄՆ պետդեպարտամենտը, պաշտպանության և էներգետիկայի նախարարությունները և միջազգային զարգացման գործակալությունը Ադրբեջանին տրամադրել են 808 միլիոն դոլար ԱՄՆ օգնություն, որից 164 միլիոնը (20 տոկոսը)՝ «անվտանգության» օգնություն: 2022 թ․ մարտի 31-ին Բաքվում Ամերիկայի դեսպանը հպարտությամբ գրեց թվիթերում, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հենց նոր 30 միլիոն դոլարի «սարքավորում» նվիրաբերեց Ադրբեջանին։ Անիմաստ է օգնություն ցուցաբերել նավթով հարուստ Ադրբեջանին, որը լողում է միլիարդավոր նավթադոլարների մեջ։ Սա Միացյալ Նահանգների հարկատուների փողերի լրիվ վատնում է։

Վերջերս լսումների ժամանակ, երբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հարց ուղղեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, թե ինչու պետդեպարտամենտը Կոնգրեսին չզեկուցեց՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության վրա Բաքվին տրամադրվող օգնության ազդեցության մասին, Բլինքենը խուսափողական պատասխան տվեց՝ խոստանալով ուսումնասիրել այն։

Թեև նախորդ նախագահները նույնպես հրաժարվել էին 907-րդ հոդվածից՝ այդպիսով օգնություն ցուցաբերելով չափազանց հարուստ Ադրբեջանին, Ջո Բայդենը 2020 թվականի իր նախագահական քարոզարշավի ընթացքում խստորեն քննադատել էր նախագահ Դոնալդ Թրամփին 907-րդ հոդվածից հրաժարվելու համար: Այնուամենայնիվ, նախագահ դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում նա արեց նույնը, ինչ Թրամփը:

Ի՞նչ իմաստ ունի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ հետո զենք տրամադրել Ադրբեջանին հայերի սպանությունը շարունակելու համար, ինչպես դա եղավ 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մեզ գործ է պետք, ոչ թե դատարկ խոսքեր:

Բայդենի վարչակազմի հերթական կոպիտ սխալը՝ ԱՄՆ-ի զենքը երրորդ երկրներին փոխանցելու արգելքի չկիրառումն է։ Այս խախտման վառ օրինակ է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից ամերիկյան F-16 ռազմական ինքնաթիռների օգտագործումն Ադրբեջանում։ Բացի այդ, ԱՄՆ-ը չարգելեց թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի ամերիկյան մասերի վաճառքը, որոնք առանցքային դեր էին խաղացել 2020 թվականի պատերազմում:

Բայդենի վարչակազմը նվազեցրեց Հայաստանին հատկացվող օգնությունը մինչև 24 միլիոն դոլար և հատկացրեց չնչին քանակությամբ մարդասիրական օգնություն Արցախից տեղահանված  հազարավոր հայերին, միաժամանակ ընդունելով, որ նրանք գտնվում են «հումանիտար ծանր ճգնաժամի» մեջ։

Բայդենի վարչակազմի մյուս թերություններն են.

1. Ճնշում չի գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի հայ գերիներն անմիջապես ազատ արձակվեն Բաքվի բանտերից 2020 թվականի պատերազմի ավարտից հետո։

2. Չի դատապարտել Թուրքիայի կողմից իսլամիստ ահաբեկիչների հավաքագրումն ու տեղափոխումը 2020 թվականի Արցախյան պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցելու համար։

3. Չի քննադատել 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի տարածք։

4. Ձախողել է քայլեր ձեռնարկումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների կապակցությամբ, մինչդեռ նախագահ Բայդենը  կեղծավորաբար խոսում է այն մասին, որ մարդու իրավունքները հանդիսանում են ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական դրույթը:

Փոխարենը, մենք լսում ենք ԱՄՆ-ի կրկնվող կոչերը՝ աջակցելու «Հայաստան-Թուրքիա հաշտեցմանը» և «Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի» կնքմանը, որոնք հակասում են Հայաստանի ազգային շահերին։

Զարմանալի է, որ Բայդենի վարչակազմը հենց նոր տեղեկացրեց Կոնգրեսին, որ աջակցում է Թուրքիային հրթիռների, ռադարների և էլեկտրոնիկայի վաճառքին նրա ունեցած F-16 կործանիչների խմբաքանակի համար: Բացի այդ, Թուրքիան խնդրել է գնել 40 նոր F-16 ինքնաթիռներ։

Բայդենի վարչակազմը սխալվում է, որ Թուրքիային առաջարկվող զենքի վաճառքը «ծառայում է ՆԱՏՕ-ի շահերին»։ Իրականում, այս վաճառքը Կոնգրեսում բախվում է դժվարին պայքարի, քանի որ Կոնգրեսի 60 անդամներ արտահայտել են իրենց սաստիկ հակառակությունը:

Հակառակ Բայդենի վարչակազմի պնդումների՝ Թուրքիային առաջարկվող զենքի վաճառքը կխաթարի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերը հետևյալ պատճառներով.

1. F-16 ինքնաթիռները Թուրքիայի կողմից կօգտագործվեն Սիրիայում և Իրաքում՝ ռմբակոծելու քուրդ զինյալներին, որոնք ԱՄՆ դաշնակիցներն են «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում, որոնց Թուրքիան աջակցում է։

2. Թուրքիան կօգտագործի F-16 ինքնաթիռները՝ շարունակելու իր անօրինական ներխուժումները ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի տարածքային ջրեր։

3. Թուրքիան կօգտագործի F-16 ինքնաթիռները Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալու համար։

4. Թուրքիան շարունակում է բռնազավթել Հյուսիսային Կիպրոսը 1974 թվականից ի վեր և հրաժարվում է հեռանալ՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերին:

5. Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի նկատմամբ և արգելափակել ամերիկյան F-35 առաջադեմ կործանիչների վաճառքը՝ ռուսական S-400 հրթիռներ գնելու համար՝ հակառակ ՆԱՏՕ-ի շահերի։

Վերջապես, այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, դիմակայում են Ռուսաստանին Ուկրաինայում, Ֆինլանդիայի և Շվեդիայի կառավարությունները խնդրել են անդամակցել ՆԱՏՕ-ին: Բացի Թուրքիայից, ՆԱՏՕ-ի մյուս անդամները կողմ են Ֆինլանդիայի և Շվեդիայի արագ անդամակցությանը։ Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը վետո կդնի այս երկու երկրների անդամակցության հայտերի վրա՝ օգտագործելով ծիծաղելի փաստարկը, որ Ֆինլանդիան և Շվեդիան դարձել են «տուն բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունների», այսինքն՝ քուրդ փախստականների համար։ Սա չափազանց հեգնական է,  որը գալիս է Թուրքիայի նման երկրից, որը տարիներ շարունակ աջակցել է «Իսլամական պետության» ահաբեկիչներին Սիրիայում և Իրաքում:

Դեմ լինելով ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, Թուրքիան հույս ունի հասնել հետևյալ նպատակներին.

1. Սպասարկել Ռուսաստանին, որի հետ ունի կարևոր ռազմական և առևտրային կապեր: Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և փակել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Թուրքիան Ռուսաստանի լրտեսն է ՆԱՏՕ-ի ներսում։

2. Զիջումներ կորզել ԱՄՆ-ից զենքի գնման և քաղաքական աջակցության հարցում՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու թույլտվության դիմաց։

Պարզ է, որ Թուրքիան՝ Ռուսաստանի դաշնակիցը, ՆԱՏՕ-ին չի պատկանում։ Նախքան Բայդենը կորոշի Թուրքիային վաճառել F-16 ինքնաթիռները, ես առաջարկում եմ նրան կարդալ «Վաշինգտոն փոստ»-ում 2022 թվականի ապրիլի 29-ին հրապարակված խմբագրականը՝ «Թուրքիան հասնում է բռնակալության նոր ցածր մակարդակի» վերնագրով։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

 

 

ԱՄՆ Թուրքիա Ջո Բայդեն զենք Հայաստան Հարութ Սասունյան Աշխարհում

Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ավելին
Ավելին