Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Այդ դեպքում ՆԱՏՕ-ն չի լինի անվտանգության կազմակերպություն, այլ կդառնա մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Մենք չենք կարող ասել՝ այո, թող չնեղանան»,- հավելել է նա։
Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստվում են անդամակցել ՆԱՏՕ-ին. նրանց պետական կառույցներն արդեն սկսել են դրա համար անհրաժեշտ ընթացակարգերը: Ստոկհոլմը և Հելսինկին մտածել են չեզոք կարգավիճակից հրաժարվելու և Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին՝ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Զինված ուժերի գործունեության ֆոնին։
Նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 16-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ասել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ անմիջական վտանգ չի ներկայացնում, սակայն դաշինքի ռազմական ենթակառուցվածքի ընդլայնումը Ռուսաստանի սահմանների մոտ չի կարող «հակազդեցություն» չառաջացնել։
ՌԴ ղեկավարի խոսքով՝ խնդիրը ստեղծվել է «զրոյից», բայց ամեն դեպքում, Մոսկվան ստիպված կլինի «համապատասխան արձագանքել»։