Ուսանողների մի զգալի մաս խոսք տվեց, որ ժամը 16։00-ին կհանդիպենք Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԵՊՀ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը։
Նշենք, որ նախաձեռնության անդամներն այսօր իրազեկման ակցիա են իրականացնում ԵՊՀ-ում, կոչ անելով, միանալ իրենց ակցիային։
«Կային ուսանողներ, որոնք պնդում էին, որ իրենք պետք է շարունակեն դասի նստել։ Ինձ համար անհասկանալի են այդ դեպքերը, բայց ուրախալի է, որ դրանք շատ փոքր քանակի են։ Դասադուլը գլոբալ հայտարարած որոշակիորեն կայացած է, բայց մեկ այլ խնդիր կա, որ ուսանողների մի հատված դասի չգալով՝ չի միանում փողոցային պայքարին, ուղղակի տանն է մնում։ Դասի չգալ ու մնալ տանը, ոչ մի օգուտ չի տալիս, պետք է միանան պայքարին»,- նշեց Հարությունյանը։
Նա հայտնեց, որ կային նաեւ ուսանողներ, որոնք միացան իրենց պայքարին, սակայն չցանկացան, որպեսզի իրենց դեմքերը ֆիքսվեն. «Օրերի ընթացքում պետք է հասնենք այն մակարդակին, որ դրանք լինեն համատարած բոլոր կուրսերում»։