f

Անկախ

Արցախում հոգեկան առողջության խնդիրները սրվել են, բայց նաև հույս է արթնացել


Արցախում հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության խնդիրները սրվել են։ Մարդիկ ունեն հոգեբանական լուրջ խնդիրներ և ապրումներ, որոնք հանգեցնում են նաև տարբեր հիվանդությունների աճի։

Արցախի «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեթերապևտ Անահիտ Լալայանը Անկախ-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կենտրոն դիմողների թիվն ավելացել է։

Անահիտ Լալայանն այս ոլորտում է արդեն 27 տարի։ Ասում է՝ եթե Արցախյան առաջին պատերազմից հետո հոգեբանությունն ու հոգեբանական աջակցությունը շատ տարօրինակ էր  ընկալվում մարդկանց կողմից, 44-օրյա պատերազմից հետո հոգեբանական ծառայության նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ ավելացել է։ Ամսվա կտրվածքով կենտրոն է դիմում 70-75 նոր քաղաքացի։ Արդեն մասագետների լուրջ պակաս են զգում։

«Մեզ դիմող ամեն երկրորդ քաղաքացու մոտ կան հետպատերազմյան սինդրոմներ արդեն իսկ արտահայտված ախտանշաններով՝ սթրես, տագնապ, հոգեսոմատիկ խանգարումներ։ Տարածված ախտանիշներից են գլխացավերը, անքնությունը, գիշերային մղձավանջները, տագնապային վիճակները, որ մարդու մոտ առաջացնում են խուճապ։ Նաև աճել են կարդիոնևրոզները, աղեստամոքսային տրակտի խանգարումները, շաքարային դիաբետը,  օնկոլոգիական հիվանդությունները»,-ասում է կենտրոնի ղեկավարը։

Անահիտ Լալայանը նկատում է, որ օնկոլոգիական հիվանդությունների առումով մի արտասովոր դրսևորում կա․ եթե սովորաբար այս հիվանդությունն առաջանում է նման իրավիճակներից 3-4 տարի հետո, այս անգամ շատ արագ է հիվանդությունը զարգացել։

«Դա, կարծում եմ, պայմանավորված է ոչ միայն վերջին պատերազմով․ դրանից առաջ մենք ունեցանք 2016-ի քառօրյա պատերազմը, մինչ այդ էլ միշտ եղել են լարված իրավիճակներ, և այդ ամենը օնկոլոգիական հիվանդությունների զարգացման համար բարենպաստ ֆոն էր ստեղծել։ Իսկ  վերջին պատերազմն արդեն արագացրեց ու հասունացրեց դա»։

Կենտրոնը, որի գործունեությունը ֆինանսավորում են սփյուռքի հայ գիտնականները, տրամադրում է ոչ միայն հոգեբանական, այլև սոցիալական աջակցություն։ Աշխատանքի բերումով Անահիտ Լալայանը շփվում է տարբեր խմբերի, տարբեր կարգավիճակ ունեցող մարդկանց հետ Արցախի ողջ տարածքում։ Ասում է՝ այդ հանդիպումների ժամանակ ականատես են լինում առաջին հերթին մարդկանց անորոշության վիճակին։

«Եթե առաջնորդվենք մեր էմպիրիկ հետազոտությունների արդյունքներով, ապա կարող եմ ասել, որ այսօր հասարակության մեջ ամենաշատը տարածված է անորոշությունը։ Մարդիկ չգիտեն՝ գնա՞ն իրենց հողը մշակեն, իրենց առօրյա աշխատանքները կատարեն, թե ոչ։ Մեծ հարցականի տակ է դրված նախևառաջ իրենց ֆիզիկական գոյությունը, մարդկանց մեջ դեռ բաց են պատերազմի վերքերը, չեն կարողանում իրենց առօրյա հոգսերի վրա կենտրոնանալ։ Լույսը բացվում է, մարդիկ չգիտեն՝ ինչ է իրենց սպասվում»։

Անորոշությունից հետո ամենատարածված հոգեբանական վիճակը, ըստ մասնագետի, հուսահատությունն է, հիասթափությունը, տագնապը։ Ընդհանուր առմամբ դիտարկելով հոգեվիճակները սուր, միջին կամ թեթև տեսանկյունից, հոգեթերապևտը նշում է, որ ցավոք միտումը միջինից դեպի սուր վիճակն է։

Մասնագետը նաև հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում ավելացել են հոգեբանական տեսանկյունից խոցելի խմբերը՝ զոհվածների և անհետ կորածների հարազատներ, տարհանվածներ, և այդ խմբերն արդեն իսկ լուրջ հոգեբանական և որպես հետևանք՝ առողջական խնդիրներ են ունենում, և չեն կարող կամ մեծ դժվարությամբ կարող են հաղթահարել այս խնդիրները, ուստի մասնագիտական աջակցությունը շատ կարևոր է։

Անահիտ Լալայանից հետաքրքրվեինք նաև, թե Արցախում հետևո՞ւմ են արդյոք Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին և ի՞նչ սպասելիքներ ունեն։

Նրա խսքով՝ Արցախում ոչ միայն հետևում են, այլև այդ բողոքի ակցիաները նոր հույս են արթնացրել Արցախում։ Մարդիկ սպասում են, որ ինչ-որ դրական փոփոխություն կլինի, ինչ-որ նոր փուլ կսկսվի, քանի որ այս վիճակում երկար շարունակվել այլևս հնարավոր չէ։

«Այս սպասողական վիճակը, հույսը կար նաև նախորդ տարվա շարժման ժամանակ։ Եվ եթե այս անգամ էլ չստացվի վեր հառնել, մարդիկ նորից մեծ հիասթափություն կապրեն, կկոտրվեն, և դա մեծ հարված կլինի։ Ես երբեք չեմ մոռանա 2021 թ․ արտահերթ ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ը․ առավոտյան երբ գնում էի աշխատանքի, փողոցով քայլելիս մարդկանց դեմքին տեսա խորտակվող հայացքներ։ Հիշու՞մ եք «Տիտանիկ» ֆիլմի այն հատվածը, երբ նավն արդեն խորտակվում է, և մարդիկ ձեռքները վեր բարձրացրած իջնում են օվկիանոսի հատակը։ Ես այդպիսի հայացքներ տեսա այդ օրը՝ անօգնական, անպաշտպան, անհույս։ Երբեք չեմ մոռանա այդ օրը»։

Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախում շատ բացասական արձագանք է ստացել։ Անահիտ Լալայանը  Արցախի կարգավիճակի հարցն իջեցնելը կամ անորոշ թողնելը համեմատում է այն իրավիճակի հետ, որ ընտանիքում ծնվի երեխա, բայց նրան դուրս հանեն տնից, զրկեն անունից ու ազգանունից։

«Այդ երեխան կա, գոյություն ունի, բայց չունի իրավական ոչ մի պաշտպանություն։ Այդ անպաշտպան լինելու զգացողությունը շատ է սրվել հիմա և բացասական առումով մեծ ազդեցություն ունի Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու վրա։ Ամեն մեկի վրա դա տարբեր հետևանք է թողնում՝ մեկն ավելի ագրեսիվ է դառնում, մյուսը պարփակվում է իր մեջ, բայց չկա մեկը, որն անտարբեր լինի այդ խնդրի նկատմամբ»։

Արդյո՞ք արցախցու կամքն առաջվա պես ամուր է իր հողում մնալու, հողը պահելու հարցում, թե՞ այնուամենայնիվ այս փորձություններն իրենց հետքն են թողել։

Անահիտ Լալայանի խոսքով՝ որպես մասնագետ իրենք նաև այդ հարցն են տալիս մարդկանց՝ ի՞նչն է Ձեզ պահում Արցախում, ինչո՞ւ եք մնում և շարունակում ապրել այստեղ։ Շատ հետաքրքիր պատասխաններ են հնչում։ Մարդիկ համարում են, որ Արցախն իրենց ուժ է տալիս։ Կամ ասում են՝ թափած արյան գինը ո՞նց թողնենք գնանք։ Շատերն էլ զարմացած ասում են՝ իմ հարևանը կամ իմ բարեկամը պատերազմից հետո վերադարձել է Արցախ, մենք ինչպե՞ս հետ չվերադառնայինք։

«Հենց այս միասնականությունն է պահում Արցախը և արցախցուն իր հողում։ Դա միակ ուժն է, որը բոլորիս համախմբում է և օգնում դիմակայել դժվարությունները։ Շատ տարեց մարդիկ էլ ասում են՝ մենք պիտի այնքան ապրենք, որ տեսնենք Շուշին ու Հադրութն ազատագրված։ Արցախցին ամեն անգամ ենթարկվում է արհավիրքների, բայց միևնույն է՝ իր հայրենիքից ոչ մի տեղ չի գնում, և հենց դա է պատճառը, որ Արցախը դարեր ի վեր կարողացել է պահպանել իր հայկականությունը։ Մենք միշտ շրջապատված ենք եղել թշնամիներով, միշտ օղակի մեջ ենք եղել, և հենց այդ օղակի մեջ գտնվելն է մեզ ուժ տվել։ Մենք անգամ իրավունք չենք ունեցել թուլանալու։ Իհարկե հոգեբանական գիտության մեջ նոնսենս է, որ անձը երկար ժամանակ գտնվի նման իրավիճակում և կարողանա դիմակայել, բայց արցախցին իր կյանքով ու կեցվածքով ապացուցել է, որ դա հնարավոր է»,-ամփոփում է Անահիտ Լալայանը։

Անահիտ Լալայան խմբագրի ընտրանի Արցախ Արցախյան հիմնախնդիր Հայաստան 44-օրյա պատերազմ

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին