Financial Times պարբերականի փոխանցմամբ՝ համաշխարհային տնտեսությունը 2022 թվականին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով կդանդաղեցնի իր վերականգնումը կորոնավիրուսային համաճարակից հետո։ Գրում է Gazeta.ru-ն։
Բարձր գնաճը, որը վերածվում է ստագֆլյացիայի, կբնութագրի համաշխարհային տնտեսությունը Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում, նշում է հրատարակությունը։
Հրատարակության վերլուծաբանները հաշվարկել են, որ բարձր գներն ու արտադրության տեմպերի դանդաղումն այս տարի կազդեն գրեթե բոլոր երկրների վրա։ Օրինակ, շատերի համար այս տարին աշխարհաքաղաքական վերակազմավորման շրջան է լինելու՝ մատակարարումների խափանումներով և ֆինանսական շուկայում մշտական տատանումներով:
Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտի ավագ գիտաշխատող Էսվար Պրասադի խոսքերով, աշխարհի խոշորագույն տնտեսությունները սկսում են դժվար ժամանակներ ապրել: Օրինակ՝ ԱՄՆ-ն արդեն ունի ամենաբարձր գնաճը վերջին 40 տարվա ընթացքում։ Բացի այդ, Եվրոպան տուժում է էներգետիկ ոլորտում ընդունված հակառուսական պատժամիջոցներից։ Ապրիլի 15-ին CNBC-ն, վկայակոչելով Գերմանիայի հինգ խոշորագույն տնտեսական հաստատությունների փորձագետների կանխատեսումները, հայտնել է, որ ռուսական նավթի և գազի ներմուծման վրա էմբարգոյի սահմանումը կհանգեցնի ավելի լուրջ հետևանքների եվրոպական տնտեսության համար, որը դեռ չի վերականգնվել կորոնավիրուսի համաճարակից։