f

Անկախ

Սուրբ Զատիկ


Զատիկի ակունքները գալիս են բնապաշտական ժամանակաշրջանից: Այն գարնան զարթոնքի, բնության կենարար ուժերի տոնն էր` նվիրված մեռնող-հառնող բնությանը, որ մարմնավորել է Արա Գեղեցիկի պաշտամունքը:

Բուն «զատիկ» բառը ծագում է զատել, առանձնացնել բայից: Զատիկը նաև Մայր Անահիտին նվիրված տոն էր: Այն բնության բեղմնավորման խորհուրդն ունի:

Հնում Զատիկի խորհրդանիշներն էին համարվում խոհանոցի տիրուհին համարվող Ուտիս տատի ու Պաս պապի ծղոտե տիկնիկները:

Պաս պապի ձեռքին 40 թել կար, ամեն մեկի ծայրից քար էր կախված: Զատիկի մոտենալու հետ ամեն օր քանդում էին քարերից մեկը: Զատկի տոնական սեղանին հայերը ձվերը դնում են փոքր ափսեների մեջ աճեցրած ցորենի մեջ, որն անվանում են «ածիկ»: Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունը համայնական մատաղն էր: Համայնքի բոլոր անդամները մասնակցում էին դրամահավաքին կամ հանգանակությանը, որի արդյունքում արջառներ ու գառներ էին գնում մատաղի համար: Զոհաբերությունը կատարվում էր շաբաթ երեկոյան եկեղեցու բակում, և ողջ գիշեր տեղում եփվում էր մատաղի միսը: Մատաղի եփման արարողությունը ուղեկցվում էր զատկական խաղերով ու երգերով:

Մեծ բախտավորություն էր համարվում, եթե այդ գիշեր տանը տղա ծնվեր:

Զատիկի ծիսական երգեր.

Օր պար,

ճոր պար,

Օսկուն թոքուն բարաբար,

Մեծ պապ էկո, գողցի տար,

Շատ պզտիկ է, չեմ ի տար,

Ճոր անինք, ճոր պար անինք,

Օսկուն, թոփուն պար անինք,

Կապան կտրինք, շոր անինք,

Զատիկը գա, նոր անինք,

Ան կտրտի, ալ անինք…

Գիշեր կծիկ գլորե,

Լուսնակ լրիվ բոլորե,

Մեջ սև ամպի մոլորե,

Լուսնակն անուշ,

հովն անուշ,

Ռանչպարի քունն անուշ…

Քամին սարին զղզղաց,

Բարակ անձրև շղշղաց,

Լուսնակն անուշ,

հովն անուշ,

Անձրևի հոտն է անուշ…

Երկար գոմը սալեցին,

Սև ձին մեջը նալեցին,

Սպիտակ ճակատ նշնեցին,

Լուսնակն անուշ,

հովն անուշ,

Աղոթրանի լուսն անուշ…

Դռան առաջ հերկեցին,

Զատկի ձվեր ներկեցին,

Դրկցին ողջույն տվեցին,

Լուսնյակն անուշ,

հովն անուշ,

Հում կաթի պաղ սերն անուշ…

Քրիստոնեական Զատիկը սկիզբ է առնում հրեաների Պասեք տոնից, որ խորհրդանշում է հրեա ժողովրդի ազատագրումը եգիպտական գերությունից:

Քրիստոնեության ավելի ուշ շրջանում Զատիկը նշվում է որպես Հիսուսի հարության օր: Ավետարանի համաձայն` Հիսուսը խաչվելուց հետո հարություն է առնում մեռելներից ու համբարձվում երկինք:

Զատիկի օրը հավատացյալները բարևի փոխարեն միմյանց ավետիս են հայտնում. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Պատասխանը հետևյալն է` «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»;

Այդ օրը վաղ առավոտյան եկեղեցիներում պատարագ է մատուցվում, ապա մատաղ բաժանվում: Ձվախաղն ու ձու ներկելու սովորությունը գալիս են բնապաշտական ժամանակաշրջանից:

Զատկի խորհրդանիշը Հազարան հավքի (Հազարան բլբուլ) ածած գույնզգույն ձվերն են: Ձուն խորհրդանիշն է կյանքի սկզբնավորության, սաղմի և սիրո: Հայկական զատկական ծառի զարդերը փնջած ձվերն էին, ինչը հմայական հատկություններ ուներ, հետագայում նաև` մանրանկարչական նախշերով նկարազարդված ձուն, որը, իհարկե, ավելի ազնվական դասին հատուկ պետք է եղած լինի:

Նշանված կամ սիրահարված աղջիկները ոստայնաձև հյուսվածք են արել ձվի վրա` զանազան խայտաբղետ գույներով ու ճաշակով, և նվիրել իրենց սիրած տղամարդկանց` արտահայտելով իրենց համակրանքը: Սա յուրօրինակ ինքնարտահայտման ձև է, սիրո գեղեցիկ խոստովանություն: Քրիստոնեության ընդունումից հետո Զատիկը ևս, ի թիվս այլ տոների, հարմարեցվեց նոր հավատքին, պահպանվեցին նաև ձվախաղերն ու ձու ներկելը, մի տարբերությամբ միայն. համաձայն եկեղեցու` ձուն պետք է ներկել միայն կարմիր գույնով:

Միջնադարյան հայ մտածողներ Գրիգոր Տաթևացին ու Հովհաննես Երզնկացին մեկնել են Զատիկի ձվերի իմաստը. ըստ նրանց` ձուն բովանդակ տիեզերքն է, կեղևը` երկինքը, սպիտակուցը` ջուրը, իսկ դեղնուցը երկիրն է: Ձուն կարմիրով ներկելը խորհրդանշում է այն, որ աշխարհը Հիսուսի արյամբ է պատվել:

Զատիկն ամփոփում է սիրո և պտղաբերության խորհուրդը:

Ածիկ

Գարնանային անհաս ցորենը լցնել ուռենու ճյուղերից կարված զամբյուղի մեջ, դնել մութ տեղ: Երկու օրը մեկ ջրել այնքան ժամանակ, մինչ ծիլերի բարձրությունը հասնի տասը սանտիմետրի: Ծիլերն աղալով կարելի է ստանալ հյութ, վրան լցնել ալյուր, խառնել այնքան, մինչև ստացվի ծորուն զանգված: Ապա դնել կրակի վրա ու եփել` անընդհատ խառնելով:

Սամիր

Անհրաժեշտ է 1 կգ կորեկ, 7 բաժակ ջուր, աղ,1 լ կաթ, 1 սուրճի բաժակ դոշաբ, ձիթապտղի յուղ, դարչին: Կորեկը եռացնել թույլ աղաջրում: Եփվելուց հետո քամել և լցնել տաք կաթի մեջ: Շարունակել եփել մարմանդ կրակի վրա: Թանձրանալուց հետո ավելացնել դոշաբ, ծեծած դարչին, մատուցել տաք վիճակում:

Չամիչով փլավ

2 բաժակ բրինձ 1 լավաշ 3 ճաշի դգալ յուղ 1 սուրճի բաժակ ջուր 2 բաժակ չրեր, ընկուզեղեն և չամիչ աղ Եռացող աղաջրի մեջ թեթևակի խաշել բրինձը (մինչև որ եռալու ժամանակ հատիկները բարձրանան ջրի երես): Դատարկել քամիչի մեջ և ողողել պաղ ջրով: Կաթսայի մեջ հալեցնել 1 ճաշի գդալ յուղ, վրան շարել կտրատված լավաշը, այնպես, որ հատակն ամբողջությամբ ծածկվի: Լցնել և տարածել բրինձը, յուղ դնել և աղ ցանել: Ապա կափարիչը ներսից ծածկել սրբիչով և շոգեխաշել բրինձը մարմանդ կրակով 30 րոպե:

1 ճաշի գդալ յուղով տապակել մանրացված չրերը, ավելացնել ջուր և եփել մինչև ջուրը ներծծվի: Փլավը մատուցել` զարդարելով չրերով և կաթսայի հատակի կարմրած լավաշով:

Խաշած ձուկ բրնձի փլավով

Անհրաժեշտ է 800 գ իշխան ձուկ, 300 գ բրինձ, 50 գ կարագ, 100 գ սալորաչիր, աղ, սամիթ, չամիչ, կարմիր խնձոր: Այս մթերքները խաշել առանձին-առանձին, միացնել իրար և մատուցել տաք վիճակում:

Կոլոլակով մածնապուր

Ապուրի համար` 1 լ մածուն, 1 ձու, 1 սուրճի բաժակ բրինձ, 50 գ կարագ, անանուխ, աղ; Կոլոլակի խմորը` կես կգ ծեծած միս,կես կգ մանր կորկոտ, 1 ճ. գդ. պղպեղի մածուկ, քիմիոն, կարմիր և սև պղպեղ, աղ;

 Միջուկը` կես կգ աղացած միս ,1 սոխ, կես բաժակ աղացած ընկույզ, ձեթ, դարչին ,կարմիր և սև պղպեղ աղ;

Պատրաստել միջուկը. սոխառածի վրա ավելացնել աղացած միսը, համեմել

եփել. լցնել ընկույզը և կրակն անջատել. թողնել սառչի: Շաղախել պատյանի խմորը` խառնելով բոլոր նյութերը. երբեմն ձեռքերը թրջել սառը ջրի մեջ, ափով մի քիչ ջուր ցանել խմորի վրա և շարունակել շաղախել: Խմորը պիտի լինի փափուկ, բայց ոչ ջրոտ, այնպես, որ հարմար լինի բացելու համար: Վերցնել խմորից մի ընկույզի չափով, շաղախել, անցք բացել և մատների օգնությամբ մեծացնել փոսիկը: Լցոնել միջուկով, ապա փակել և ձվաձև դարձնել: Մածունը հարել ձվով, եռացնել. լցնել բրինձն ու եռման ջուր և շարունակել եռացնել: Մատուցելուց 20 րոպե առաջ տաք ապուրի մեջ ավելացնել կարագը, անանուխն ու կոլոլակները: Երբ եռալուց կոլոլակները բարձրանան ապուրի երեսին, նշանակում է այն պատրաստ է:

Չրերով փլավ

2 բաժակ բրինձ, 3 ճ.գդ. յուղ, 1 բ. տարբեր չրեր, չամիչ և ընկուզեղեն, լավաշ, աղ;

Բրինձը թեթևակի խաշել եռացող աղաջրի մեջ, երբ հատիկները եռացող ջրի երեսը բարձրանան, այն դատարկել փլավքամիչի մեջ, սառը ջրով ողողել: Կաթսայի հատակին մի քիչ յուղ քսել, լավաշի կտորները տարածել և վրան լցնել կիսախաշ բրինձը: Մի քիչ աղ ցանել, տեղ-տեղ յուղ դնել, կափարիչը ծածկել սրբիչով, փակել կաթսան և մարմանդ կրակով փլավը եփել մոտավորապես 30 րոպե: Մանրացնել չրերը և կես ճ.գդ. յուղով տապակել, ավելացնել 1 սուրճի բաժակ ջուր և շարունակել եփել: Մատուցելիս փլավի կեսը ծածկել լավաշի մանրացված քերանքով, իսկ մյուս կեսը` չրերով:

Ձուկը գինիով

1 իշխանաձուկ, 1 բաժակ կարմիր գինի, 50 գ կարագ ,համեմ, դափնու տերև, հատիկով սև պղպեղ, աղ;

Կտրատել ձուկը, բոլոր բաղադրիչները լցնել վրան և եփել մարմանդ կրակի վրա, մինչև ձկան աչքերը դուրս գան: Կրակն անջատելուց 5 րոպե առաջ ավելացնել մանրացված համեմը:

Ձուկը՝ լավաշով

1 ձուկ, 1 լավաշ ,1 կիտրոնի հյութ, 2 ճ. գդ. ձեթ, 1 պճեղ սխտոր, կարմիր և սև պղպեղ ,ծիթրոն, աղ; 

Ձեթոտել և համեմել ձուկը, կիտրոնն ու սխտորը կտրատել և դնել փորի մեջ: 1 ժամ անց հանել սխտորն ու կիտրոնի շերտերը, փաթաթել լավաշով և եփել փռի մեջ միջին ջերմաստիճանով, մինչև լավաշը չորանա և կարմրի:

Պաստեղով ձվածեղ

100 գ պաստեղ, 1 ճ. գդ. յուղ, 2 ձու ;

Տաքացնել յուղը, տապակել շերտատված պաստեղը, ավելացնել հարած ձուն և եփել:

Թիրիթ

խաշած ձու, կանաչ սոխ, սև պղպեղ, աղ ;

Մանրացնել ձուն, վրան լցնել մանրացված կանաչին և համեմել:

Էճճիկ

1 կապ սպանախ, 1 կապ խառը կանաչի, 1 սոխ, 1 բաժակ ալյուր, 3 ձու, ձեթ, կարմիր և սև պղպեղ ,աղ թացանի համար` կես լ մածուն 2 ճ. գդ. թթվասեր , 1 պճեղ սխտոր, համեմի սերմ, աղ;

Մանրացնել սպանախը, սոխն ու կանաչին: Ավելացնել ալյուրը, ձուն և համեմունքները և խառնել: Տաք ձեթի մեջ տապակել գդալ առ գդալ: Մի կողմը եփվելուց հետո, շուռ տալ մյուս կողմը:

Քուքու

1 կապ սպանախ, 1 կապ խառը կանաչի, 1 սոխ, կես բաժակ ալյուր, 3 ձու, ձեթ, կարմիր և սև պղպեղ ,աղ ;Մանրացնել սպանախը , սոխն ու կանաչին: Ավելացնել ալյուրը, ձուն և համեմունքները և խառնել: Տաք ձեթի մեջ լցնել խառնուրդը և եփել մարմանդ կրակով. ապա շուռ տալ և եփել մյուս կողմը:

Վահե Լորենց

 

անցյալից Սուրբ Զատիկ Հայաստան խմբագրի ընտրանի Վահե Լորենց

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին